Mercedes-Benz-ի գործարաններում մարդանման ռոբոտներ կհայտնվեն. ի՞նչ են նրանք անելու

19 մարտի, 2024  16:17

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի գործարաններում մարդանման ռոբոտներ կհայտնվեն, որոնք մշակել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղակայված Apptronik ընկերությունը: Ակնկալվում է, որ ռոբոտները կօգնեն աշխատողներին և արտադրության գործընթացին վերաբերող մի շարք առաջադրանքներ կկատարեն:

Ինչպես տեղեկացնում է Robbreport.com-ը, փորձնական ծրագրի շրջանակում Apptronik-ի մարդանման ռոբոտները կօգտագործվեն «ֆիզիկական ուժ պահանջող ձեռքի ցածրորակ աշխատանքն» ավտոմատացնելու համար։ Այս երկոտանի ռոբոտներից մեկը՝ Apollo-ն, ունի 173 սմ հասակ, կշռում է մոտ 72 կգ և կարող է բարձրացնել մինչև մոտ 25 կգ ծանրություն: Ռոբոտը նախագծվել և կառուցվել է արդյունաբերական միջավայրում մարդկանց կողքին աշխատելու համար և կարծես թե Tesla-ի Optimus-ի մի փոքր ավելի «ընկերասեր» տարբերակ լինի:

Mercedes-ը և Apptronik-ը դեռ ուսումնասիրում են արտադրությունում (այս դեպքում՝ մեքենաների արտադրությունում) ռոբոտների հնարավոր օգտագործումը: Հավանաբար, մարդանման ռոբոտները կօգտագործվեն մասերը վաղ փուլում առաքելու և ստուգելու համար: Financial Times-ը հայտնում է, որ նման ռոբոտներն արդեն փորձարկվում են Հունգարիայում գտնվող ավտոարտադրողի գործարանում, որտեղ աշխատուժի պակաս կա, քանի որ շատ աշխատողներ ներգաղթում են Արևմտյան Եվրոպա։

mercedesrobots02.jpg (107 KB)

«Սա նոր ճակատ է, և մենք ցանկանում ենք հասկանալ ինչպես ռոբոտաշինության, այնպես էլ մեքենաշինության ներուժը՝ լրացնելու աշխատուժի բացերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ցածր որակավորում ունեցող, կրկնվող և ֆիզիկական ուժ պահանջող աշխատանքը, և  բարձր հմտություններ ունեցող մեր թիմի անդամներին ազատելու հոսքագծի վրա աշխատանքից, որպեսզի նրանք կարողանան ստեղծել աշխարհի ամենապահանջված ավտոմեքենաները»,- ասել է Յորգ Բյուրցերը, որը վերահսկում է Mercedes-ի արտադրական գործընթացները:

Նշենք, որ Mercedes-ն առաջին ավտոարտադրողը չէ, որն իր գործարաններում օգտագործում է մարդանման ռոբոտներ։ Այս տարվա սկզբին BMW-ն հայտարարեց կալիֆոռնիական Figure ընկերության հետ համագործակցության մասին, որը նույնպես նախատեսում է փորձարկել ռոբոտների արդյունավետությունը: Figure-ի արտադրած 01 robot-ը ներկայումս օգտագործվում է BMW-ի ամերիկյան գործարաններում, որոնք գտնվում են Հարավային Կարոլինա նահանգի Սպարտանբուրգ քաղաքում: Ինչպես Mercedes-ի և Apptronik-ի դեպքում, BMW-ն և Figure-ը դեռ փորձում են գտնել արտադրության մեջ ռոբոտներին օգտագործելու լավագույն միջոցը: Նրանց խոսքով՝ իրենք մտադիր են ռոբոտներն օգտագործել արտադրության «բարդ, վտանգավոր կամ հոգնեցուցիչ» առաջադրանքներն ավտոմատացնելու համար:


 
 
 
 
  • Արխիվ