Ինչպե՞ս գտնել աշխատանք, եթե դեռ փորձ չունեք. Երևանում անցկացվեց Platform360 Career Expo-ն

18 մարտի, 2024  18:19

Աշխատանք գտնելն այսօր բուհերի ուսանողների և շրջանավարտների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից է: Այս խնդրին ծանոթ են նաև տարեց մարդիկ, որոնք որոշել են փոխել իրենց մասնագիտությունը։ Աշխատանքային փորձ են պահանջում գրեթե ամենուր։ Բայց որտե՞ղ և ինչպե՞ս ստանալ այս փորձը, եթե սկսնակներին ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է որոշակի գիտելիքներ ու որակավորում պահանջող աշխատանքին:

Երևանում Organize գործակալության կազմակերպած Platform360 Career Expo աշխատանքի ցուցահանդեսի և ֆորումի հիմնական նպատակն է կամուրջներ կառուցել գործատուների, աշխատանք փնտրողների և կրթական հաստատությունների միջև՝ օգնելով նրանց ընդհանուր լեզու գտնել: Ցուցահանդեսին մասնակցել են 21 ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է տարբեր թափուր աշխատատեղեր տարբեր հմտությունների մակարդակի մարդկանց համար՝ ուսանողներից մինչև փորձառու մասնագետներ: Այս ընկերությունների գործունեության ոլորտները նույնպես բազմազան են՝ սկսած բանկայինից և ապահովագրությունից մինչև հյուրանոցային բիզնես և նորաձևություն։

Platform360 Career Expo 4.jpg (120 KB)

Բոլոր ցանկացողները կարող էին նաև լսել Հայաստանում աշխատանք գտնելու հետ կապված մի շարք հարցերի և խնդիրների քննարկմանը նվիրված պանելային քննարկումներ, ինչպես նաև վարպետության դասեր իրենց ոլորտների հայտնի և հարգված մասնագետներից՝ աշխատանքային իրավունքի, ժամանակակից մարքեթինգի, ֆինանսական գործիքների և դրանց օգտագործման եղանակների մասին և շատ ավելին:

Կամուրջ գործատուի և աշխատանք փնտրողների միջև

Համալսարանն ավարտելուց կամ նոր մասնագիտություն սովորելուց հետո աշխատանք գտնելու խնդիրը, ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Organize գործակալության PR մենեջեր Արև Մանուկյանը, իրականում ամենևին էլ միակողմանի չէ. զրուցելով ինչպես գործատուների, այնպես էլ ուսանողների և շրջանավարտների հետ՝ միջոցառման կազմակերպիչները պարզել են, որ հաճախ վերջիններս իրենք իրենցից և գործատուներից լիովին ոչ համարժեք ակնկալիքներ են ունենում․ չնայած փորձի և գործնական գիտելիքների բացակայությանը, հաճախ չեն ցանկանում կատարել «ցածր մակարդակի» աշխատանք, միանգամից գրեթե ղեկավար պաշտոններ են ցանկանում։ Շատ գործատուներ չեն ցանկանում ժամանակ և ռեսուրսներ ծախսել նոր կադրերի պատրաստման վրա և, հետևաբար, գերադասում են աշխատանքի ընդունել միայն փորձ ունեցողներին:

«Մենք կարծում ենք, որ երկու կողմերն էլ պետք է միմյանց ընդառաջեն։ Ուսանողները և շրջանավարտները պետք է հասկանան, որ իրենք պետք է կամավորություն անեն, փորձ ձեռք բերեն, զարգացնեն իրենց հմտություններն ու կարողությունները, ինչը նրանց ավելի գրավիչ կդարձնի գործատուների համար: Գործատուները պետք է սովորելու և պրակտիկա անցնելու հնարավորություն տան նորեկներին»,- նշեց Մանուկյանը։

Platform360 Career Expo 1.jpg (143 KB)

Platform360-ը հենց այն հարթակն է, որը թույլ կտա երիտասարդ մասնագետներին և գործատուներին գտնել միմյանց, հասկանալ առկա խնդիրները և միմյանց ընդառաջ քայլ անել՝ դրանով իսկ նպաստելով երկրում առավել բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Ավելին, հարթակը հնարավորություն կտա ընկերություններին մեծացնել իրենց ճանաչումը, ներկայանալ որպես գրավիչ գործատու, որը չի անտեսում սոցիալական պատասխանատվության ծրագրերը և ճանապարհ է բացում երիտասարդների և հավակնոտ մարդկանց համար։

Անդունդ՝ բիզնեսի և կրթության միջև

Հայաստանի այսօրվա աշխատաշուկայի ամենալուրջ խնդիրներից մեկը երիտասարդ շրջանավարտների հմտությունների և գործատուների պահանջների անհամապատասխանությունն է։ Նման կարծիք NEWS.am Tech-ի հետ զրույցում հայտնեց բիզնես խորհրդատու, ռազմավարության, կազմակերպչական զարգացման և կորպորատիվ նորարարության գծով փորձագետ, Galaxy ընկերությունների խմբի ռազմավարության և նորարարության հարցերով տնօրեն Էդգար Կարապետյանը, որը մասնակցում էր «Ի՞նչ է պահանջում գործատուն այսօր» թեմայով քննարկմանը։  

Ըստ նրա՝ գործատուներին այսօր մի բան է պետք, բայց համալսարանական կրթությունը երիտասարդներին տալիս է բոլորովին այլ, երբեմն արդեն ոչ ակտուալ հմտություններ։ Այս խնդրի պատճառն այն է, որ բիզնեսի և կրթական համակարգի միջև չկա համարժեք հաղորդակցություն։

Platform360 Career Expo 2.jpg (112 KB)

Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը:

Կարապետյանի խոսքով՝ խնդիրն իսկապես գլոբալ է, և յուրաքանչյուր կողմ պետք է իր դերը խաղա այն լուծելու համար։

Նախ՝ կրթական համակարգի և բիզնեսի միջև կապի հաստատմանը կարող է նպաստել պետությունը։ Սակայն նաև բիզնեսը, ըստ Կարապետյանի, պետք է նախաձեռնող լինի, համագործակցի բուհերի հետ, առաջարկի համապատասխան կրթական ծրագրեր։ Առայժմ հիմնականում ՏՏ ընկերություններն են ակտիվ այս ոլորտում. շատերն առաջարկում են իրենց ծրագրերը բուհերի ուսանողների համար, սովորեցնում, թե իրականում ինչ անհրաժեշտ կլինի իրենց աշխատանքում, և այդ ամենը հաճախ սովորեցնում են այդ ընկերությունների աշխատակիցները։ Ընկերություններն իրենք կարող են նույնիսկ վճարել ամենախոստումնալից ուսանողների վերապատրաստման համար, և հաճախ նրանց կարող են աշխատանքի ընդունել:

Իրենց հերթին, եթե համալսարանները ցանկանում են իսկապես պահանջված մասնագետներ պատրաստել, ապա ցանկալի է, որ հրաժարվեն ավանդական կրթական մոդելից՝ հօգուտ ավելի ճկուն վերապատրաստման համակարգերի: Իսկ երիտասարդները, ըստ Կարապետյանի, չպետք է ձեռքները ծալած նստեն. եթե կրթական համակարգը նրանց չի տալիս անհրաժեշտ գիտելիքները, նրանք պետք է ինքնուրույն սովորեն։ Բարեբախտաբար, այսօր դրա համար շատ հնարավորություններ կան․ ցանկացած դասընթաց կարելի է գտնել առցանց, նույնիսկ անվճար, իսկ նախաձեռնողականություն և հետաքրքրասիրություն ցուցաբերելու դեպքում կարելի է շատ բանի հասնել:

Ի՞նչ է հարկավոր ժամանակակից գործատուին

Վերջին տարիներին աշխատաշուկան անճանաչելիորեն փոխվել է, կարծում է Cascade People & Business-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայկական HR ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Արփի Կարապետյանը։ Platform360 ֆորումում նա մասնակցել է «Ի՞նչ են պահանջում գործատուներն այսօր» թեմայով քննարկմանը:

Եթե նախկինում՝ մոտ 30 տարի առաջ, գործատուն հայտարարություն էր տալիս, և դրան արձագանքում էր մոտ 200 մարդ, և բոլորը փորձում էին համոզել գործատուին, որ իրենք պետք է ընտրվեն և ընդունվեն աշխատանքի, ապա այսօր իրավիճակը, ըստ Կարապետյանի, միանգամայն այլ է. աշխատանքի հայտարարությանն արձագանքում է մոտ 10 մարդ, և հիմա գործատուն պետք է նրանց համոզի, որ գան իր մոտ աշխատեն։ Այսինքն՝ գործատուի և աշխատողի հարաբերություններն ամբողջությամբ փոխվել են։ Ըստ երևույթին, դրան նպաստել է նաև մոլորակի ցանկացած կետում գտնվող մարդկանց համար հեռակա աշխատելու հնարավորությունը. այժմ աշխատողները շատ ավելի շատ հնարավորություններ ունեն, քան երբևէ:

«Լավ է, երբ աշխատողը գիտի իր արժեքը։ Վատ է, եթե նա գերագնահատում է իրեն, բայց եթե ինքն իրեն թերագնահատում է, դա նույնպես վատ է։ Հարկավոր է ոսկե միջինը, և դա գտնելը հեշտ չէ»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Կարապետյանը։

Platform360 Career Expo 3.jpg (129 KB)

Այսօրվա աշխատաշուկան, ըստ նրա, շատ բազմազան է և փոփոխական, և, հետևաբար, հնարավոր չէ խոսել որևէ ընդհանուր միտումների մասին. տարբեր ոլորտների համար ակտուալ են տարբեր միտումներ: Սակայն կան պահանջներ, որոնք ակտուալ են գործատուների մեծ մասի համար: Սա առաջին հերթին, ըստ Կարապետյանի, արագ սովորելու կարողությունն է. աշխարհն անհավանական արագ է զարգանում, և եթե աշխատողը չի կարողանում սովորել և հարմարվել, դժվար թե կարողանա իր աշխատանքը պատշաճ կատարել:

Պահանջվածության առումով երկրորդ տեղում ճկունությունն է, իսկ երրորդում, ըստ Կարապետյանի, սթրեսակայունությունը։ Բոլոր երեք գծերն էլ ներկա պայմաններում շատ կարևոր են՝ անկախ նրանից, թե մարդն ինչ ոլորտում է աշխատում։

Շատ ոլորտների համար տեղին են նաև տարբեր տեխնոլոգիական հմտությունները և ոլորտի վերջին նորամուծություններին իրազեկված լինելը, սակայն ցանկության դեպքում այս ամենը կարելի է սովորել, և այստեղ կարևոր է նաև արագ սովորելու վերը նշված կարողությունը:

Առաջին քայլը ապագա անելիքներից

Platform360 Career Expo-ն մեկանգամյա «արեցինք և մոռացանք» շարքի իրադարձություններից չէ: Միջոցառման մարքեթինգի ղեկավար Նարինե Բադալյանը հուսով է, որ նման միջոցառում կանցկացվի պարբերաբար և տարեցտարի կընդլայնվի, կներգրավի ավելի ու ավելի շատ ընկերությունների ու աշխատանք փնտրողների և նրանց կօգնի գտնել միմյանց։

«Platform360-ն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան մենք ի սկզբանե ակնկալում էինք: Դահլիճը մարդաշատ է, դատարկ նստատեղեր պարզապես չկան, բայց մարդիկ նույնիսկ կանգնած են լսում պանելային քննարկումների և վարպետության դասերի բանախոսներին։ Ցուցահանդեսը նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրեց, և ես շատ գոհ եմ, որ երիտասարդներն այդքան ակտիվորեն օգտվում են կապեր ստեղծելու և պոտենցիալ գործատուների հետ հանդիպելու հնարավորությունից։ Համոզված եմ, որ հաջորդ տարի մեր միջոցառումն էլ ավելի շատ մարդկանց կգրավի»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց նա։

Ըստ Արև Մանուկյանի՝ Organize գործակալության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում սոցիալական այն կարևոր խնդիրների լուծմանը, որոնց շատերը բախվում են գրեթե ամեն օր, որոնք, սակայն, դեռ մնում են չլուծված։ Փորձ չունենալով աշխատանք փնտրելն ու գտնելը այս խնդիրներից մեկն է միայն, սակայն, իհարկե, ամենևին էլ միակը չէ։ Գործակալությունը նախատեսում է տեսանելի ապագայում անցկացնել նոր միջոցառումներ՝ ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։

«Հաջորդ տարի նախատեսում ենք կազմակերպել նաև աշխատանքի տոնավաճառ և ֆորում՝ նվիրված գործատուների և աշխատանք փնտրողների խնդիրներին։ Մենք նաև նախատեսում ենք վերահսկել, թե ինչպես կփոխվի աշխատաշուկան մեր ծրագրերի և գործունեության ազդեցության տակ։ Բայց կլինեն նաև միջոցառումներ՝ նվիրված մեր հասարակության այլ հրատապ խնդիրներին։ Մենք կխոսենք այս խնդիրների մասին և ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ միասին կփնտրենք դրանց լուծման ուղիները»,- հավելեց նա։


 
 
 
 
  • Արխիվ