Varda Space-ը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է ուղեծրից Երկիր վերադառնալու ողջ ընթացքը

4 մարտի, 2024  13:03

Varda Space Industries ավիատիեզերական ստարտափը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես է տեղի ունենում տիեզերական պարկուճի վերադարձը ուղեծրից Երկիր։ Ընկերության ինժեներները պարկուճին ամրացրել են տեսախցիկ, որի շնորհիվ բոլորը կարող են դիտել ողջ գործընթացը՝ կրիչ հրթիռից բաժանվելուց մինչև մթնոլորտին մտնելը և հետագա վայրէջքը:

Տեսանյութը նկարահանվել է Varda W-1 պարկուճի Երկիր վերադարձի ժամանակ, որը վայրէջք է կատարել փետրվարի 21-ին ԱՄՆ Յուտա նահանգի զորավարժարանում։ Պարկուճը մոտ ութ ամիս է անցկացրել Երկրի ցածր ուղեծրում, ինչը զգալիորեն ավելի երկար է, քան ընկերությունը ծրագրել էր։ Խնդիրն այն է, որ Varda-ն ստիպված է եղել երկար սպասել կարգավորող մարմինների հաստատմանը, որպեսզի պարկուճը վայրէջք կատարի ԱՄՆ-ում:

«Ահա տեսանյութը, թե ինչպես է մեր պարկուճը 25 մախ արագությամբ [ավելի քան 30,000 կմ/ժ] ճեղքում մթնոլորտը, սրանք առանց ռենդերինգի, պարզապես չմշակված կադրեր են»,- ասվում է Varda-ի՝ X սոցցանցի էջում հրապարակված կարճ տեսանյութի նկարագրությունում, իսկ տեսանյութի ամբողջական՝ 28 րոպեանոց տարբերակը հրապարակվել է YouTube-ում։

Varda Space Industries-ը համագործակցել է Rocket Lab-ի հետ իր վերջին առաքելության շրջանակում, որի ընթացքում ստարտափն ուսումնասիրել է տիեզերքում դեղագործական արտադրանք ստեղծելու հնարավորությունը։ Պարկուճի Երկիր վերադառնալուց հետո ընկերության մասնագետները պետք է լաբորատոր պայմաններում վերլուծեն ուղեծրում կատարված աշխատանքի արդյունքները։


 
 
 
 
  • Արխիվ