TikTok-ը չի դիտարկում ամերիկյան իր բիզնեսը վաճառելու հնարավորությունը և ավելի շուտ կփակվի ԱՄՆ-ում

26 ապրիլի, 2024  19:14

TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերությունը չի դիտարկում իր բիզնեսի ամերիկյան հատվածը վաճառելու հնարավորությունը և կփակի հավելվածը ԱՄՆ-ում, եթե սպառի օրինական բոլոր միջոցները հավելվածների խանութներում TikTok-ի ներկայությունն արգելող օրենքի դեմ պայքարելու համար, այս մասին Reuters-ին հայտնել է չորս աղբյուր:

Խնդրի այլընտրանքային լուծման՝ TikTok-ը վաճառելու հետ կապված խնդիրներից մեկը հավելվածի տեսանյութերն առաջարկող ալգորիթմն է, որն օգտագործվում է նաև ընկերության այլ պրոդուկտներում և պատկանում է մայր ընկերությանը՝ ByteDance-ին: TikTok-ին բաժին է ընկնում չինական ընկերության ընդհանուր եկամտի և շաբաթական կտրվածքով ընդհանուր այցելուների մի փոքր մասը միայն, և ընկերության համար ավելի ձեռնտու է անջատել հավելվածը, քան այն վաճառել ամերիկացի գնորդի: ByteDance-ն իր Toutiao մեդիա հարթակում հերքել է առանց այդ ալգորիթմների TikTok-ի հնարավոր վաճառքի մասին լուրերը։

Ըստ ByteDance-ի աղբյուրների՝ անցյալ տարի TikTok-ին բաժին է ընկել ընկերության ընդհանուր եկամտի միայն 25%-ը, որի հիմնական մասը ստացվում է այլ հավելվածներից, ներառյալ չինական շուկայում TikTok-ի համարժեքը համարվող Douyin սոցկայքից: TikTok-ի ամենօրյա այցելուների մասնաբաժինը ԱՄՆ-ում կազմում է ByteDance-ի բոլոր հավելվածների ընդհանուր այցելուների միայն 5%-ը: ԱՄՆ-ում TikTok-ի փակումը գրեթե չի ազդի ընկերության բիզնեսի վրա, և այն ստիպված չի լինի իր հիմնական ալգորիթմը տալ այլ ընկերության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը ստորագրել էր օրենք, որը ByteDance-ին պարտավորեցնում է վաճառել TikTok-ը ոչ ուշ, 2025-ի քան հունվարի 19-ը։ Սակայն ByteDance-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չյուն ակնկալում է, որ կկարողանան դատարանի միջոցով հասնել նրան, որ չեղարկվի իրենց սոցցանցի արգելափակման որոշումը։

ԱՄՆ-ում TikTok-ի հետ կապված խնդիրների պատճառն այն է, որ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս մտահոգություն են հայտնել, որ TikTok-ը ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է Չինաստանի կառավարությանը, որն այն կարող է օգտագործել իր քաղաքական նպատակներով։ 

 


 
 
 
 
  • Արխիվ