Հայաստանում արտադրված առաջին արբանյակն արձակվեց տիեզերք. վաղն առավոտյան կփորձեն կապ հաստատել դրա հետ

1 դեկտեմբերի, 2023  22:29

SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով տիեզերք արձակվեց նաև Հայաստանում և հայ մասնագետների կողմից մշակված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։

Մեր արբանյակը դուրս է բերվելու ուղեծիր 517 կմ բարձրության վրա, որը կոչվում է արեգակնասինխրոն ուղեծիր։ Այն յուրահատուկ է նրանով, որ անընդհատ պտտվում է Երկրի առանցքի շուրջ, և նույն կերպ է կողմնորոշվում Արեգակի նկատմամբ: Այսինքն՝ ամեն անգամ արբանյակը մոտ նույն ժամին հատում է երկրային հասարակածը, և այդ պահին ունենում ենք կապի սեանսներ:

Ըստ նախնական տվյալների՝ վաղը առավոտյան արդեն հնարավոր է, որ հայ մասնագետներն ունենան  հնարավորություն կապի դուրս գալու արբանյակի հետ: Դա դեռ չի նշանակում, որ դա կստացվի, քանի որ արբանյակը երկար ժամանակ՝ Նիդեռլանդներից մինչև ԱՄՆ տեղափոխվելիս, անջատված է եղել, իսկ այդ ընթացքում կուտակիչները կարող են կորցրած լինել իրենց լիցքը, իսկ դա նշանակում է, որ այն կարող է բավարար լիցքավորված չլինել՝ միանգամից այդ գործառույթներն սկսելու համար:

Ավելի ուշ արբանյակն արդեն կլինի Արեգակի լույսի տակ և կկարողանա լիցքավորվել, ապա կբացի ալեհավաքները և կանցնի իր գործառույթների կատարմանը։ Սակայն հայ մասնագետները վաղը կփորձեն օգտագործել արբանյակի հետ կապի դուրս գալու առաջին իսկ հնարավորությունը: Հրթիռի մեջ կան նաև  բազմաթիվ այլ արբանյակներ։

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:

«Հայասաթ-1»-ը տիեզերք կուղարկվի ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից՝ SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ Արբանյակի վրա գրված է՝ ARMENIA IN SPACE FOR SCIENCE (Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության)։

«Հայասաթ-1»-ը հայկական երկրորդ արբանյակն է, որը կարձակվի տիեզերք, սակայն այն առաջինն է, որը մշակվել ու ստեղծվել է հայ մասնագետների կողմից՝ Հայաստանում։

«Հայասաթ-1» արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Արբանյակն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր ալեհավաքներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։


 
 
 
 
  • Արխիվ