Մոսկվացի երիտասարդն իր հարսնացուին գտել է ChatGPT-ի միջոցով՝ նրան ընտրելով 5240 թեկնածուից

1 փետրվարի, 2024  12:20

Ալեքսանդր Ժադան անունով Մոսկվայի բնակիչն արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտի միջոցով է գտել իր ընկերուհուն, որի հետ այնուհետև ամուսնացել է։ Ժադանն այդ մասին պատմել է սոցցանցերում և ստացել բացասական արձագանք։ Նա նշել է, որ իրեն չեն վրդովեցրել քննադատությունները, քանզի համարում է, որ մարդիկ իրենք են որոշում, թե ինչպես վերաբերվեն իր պատմությանը։

«Սա իմ պատմությունն է, մարդիկ իրենք են որոշում, թե ինչպես վերաբերվեն դրան: Այնուամենայնիվ, ես առաջարկում եմ ծանոթության այլ մոտեցում, որը տարբերվում է մնացածից: Զայրույթը և ժխտումը ընդունելի են, եթե չեք խորանում պատմության մեջ: Իսկ նրանք, ովքեր տեսան գործընթացը և հասկացան դրա արժեքը՝ սուպեր։ Մենք չենք նեղվել, դա մեզ չպետք է անհանգստացնի։ Երբ կա միայն բացասական արձագանք, ապա տխուր է, որ վատ բան ես արել։ Երբ կա բացասական և դրական, դա նշանակում է, որ քեզ հաջողվել է ինչ-որ արժեքավոր բան անել։ Լավ է, որ մեր դեպքում երկրորդն է»,- ասել է նա։

Ալեքսանդր Ժադանը X (Twitter) իր էջում պատմել է, որ ChatGPT չատբոտը կարգավորել է այնպես, որ այն որոնի աղջիկների՝ ժամադրության և նրանց հետ շփվելու համար: Մեկ տարվա ընթացքում նեյրոնային ցանցը ծանոթացել է 5240 աղջկա հետ, որոնցից մեկին տղան, ի վերջո, ամուսնության առաջարկ է արել։

Ժադանն իր փորձն սկսել է դեռ 2022-ին և դրա համար օգտագործել է Tinder-ը և GPT-3 լեզվական մոդելը: Նա նեյրոցանցին հանձնարարել է ծանոթանալ աղջիկների հետ և հրավիրել ժամադրության, բայց ոչ անմիջապես: Սակայն այս տարբերակն այնքան էլ արդյունավետ չի եղել։ Հետագայում Ժադանը վերափոխել է ծառայությունը՝ հիմնված GPT-4-ի վրա, և մեկ ամսվա ընթացքում նեյրոցանցը գտել է 4943 «համընկնում» և մոտ 100 թեկնածուի է հրավիրել ժամադրության։ Փորձի արդյունքում Ժադանը գտել իր ընկերուհուն՝ Կարինային, որին 2024-ի հունվարին ամուսնության առաջարկ է արել։


 
 
 
 
  • Արխիվ