Ռոբոտն սպանել է աշխատողին. ըստ երևույթին, նա տղամարդուն շփոթել է արկղի հետ

9 նոյեմբերի, 2023  10:31

Հարավային Կորեայում ռոբոտը ճզմելով սպանել է մարդուն։ Մեքենան, ըստ ամենայնի, չի կարողացել տարբերել մարդուն մթերքի արկղերից, որոնք դասավորելիս է եղել։

Ինչպես տեղեկացնում է Yonhap գործակալությունը, մահացած տղամարդը ռոբոտաշինական ընկերության աշխատակից էր, մոտ 40 տարեկան։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ նոյեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 19:45-ի սահմաններում (հետաքրքիր է, որ ռոբոտի փորձարկումն ի սկզբանե նախատեսված է եղել  նոյեմբերի 6-ին, սակայն հետո հետաձգվել է ռոբոտի սենսորի հետ կապված խնդիրների պատճառով):

Երբ Հարավային Գյոնսանգ նահանգում գյուղատնտեսական բաշխման կենտրոնում աշխատողը փորձարկել է ռոբոտի սենսորները, ըստ երևույթին անսարքություն է տեղի ունեցել արդյունաբերական մեքենայում, որը բարձրացնում էր բուլղարական պղպեղով արկղերը և դրանք դնում պալետների վրա։

Արդյունքում այդ անսարքության պատճառով ռոբոտը հավանաբար աշխատողին չի տարբերել արկղից․ ռոբոտ ձեռքը սեղմել է տղամարդու մարմնի վերին հատվածը հոսքուղու վրա՝ ճզմելով նրա դեմքն ու կրծքավանդակը։

Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն ավելի ուշ նա մահացել է ստացած վնասվածքներից։

Ոստիկանությունը մտադիր է հետաքննություն սկսել տեսակավորման կենտրոնի անվտանգության համար պատասխանատուների նկատմամբ՝ պարզելու, թե արդյոք իրենց պարտականությունների կատարման հարցում անփութություն դրսևորել են, թե ոչ։

Գյուղատնտեսական մթերքներ արտահանող Tongoson համալիրի ներկայացուցիչը միջադեպից հետո կոչ է արել ստեղծել «ճշգրիտ և անվտանգ» համակարգ:

Նշենք, որ սա առաջին անգամ չէ, երբ նման դեպք է տեղի ունենում Հարավային Կորեայում։ Մարտին ավտոպահեստամասերի գործարանում աշխատող 50-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ էր ստացել ռոբոտի աշխատանքի պատճառով։

 


 
 
 
 
  • Արխիվ