CyberDog 2. Xiaomi-ն ներկայացրել է խելացի ռոբոտ շուն, որը կարող է տարբեր հնարքներ կատարել (լուսանկար, տեսանյութ)

15 օգոստոսի, 2023  10:20

Xiaomi-ն ներկայացրել է CyberDog 2 ռոբոտ շանը, որն ունակ է ոչ միայն թաթը մեկնել ըստ հրահանգի, այլև կատարել բարդ հնարքներ, այդ թվում՝ սալտո։ Այս կիբեռ շունը 2021-ին թողարկված CyberDog-ի նորացված մոդելն է, որը խոստանում է լինել ավելի խելացի ու ճկուն։

CyberDog 2-ը նման է դոբերմանի, կշռում է 8,9 կգ և ունի 36,7 սմ հասակ: Ռոբոտ շունը համալրված է Xiaomi-ի արտոնագրված CyberGear միկրոշարժիչներով, որոնք այն դարձնում են չափազանց ճկուն, ինչի շնորհիվ CyberDog 2-ն ունակ է կատարել բարդ հնարքներ, ինչպիսիք են՝ շարունակական սալտոները։ Անգամ ընկնելու դեպքում ռոբոտը կարող է ինքնուրույն ոտքի կանգնել՝ շնորհիվ իր յուրահատուկ կառուցվածքի։ Շան շարժման արագությունը հասնում է 1,6 մ/վրկ-ի։

Xiaomi-CyberDog-23-1.800.jpg (44 KB)

CyberDog 2-ի ներսում տեղադրված է 19 սենսոր, որոնք ապահովում են դրա տեսողության, շոշափելիքի և լսողության ֆունկցիաները: Այս սենսորների շնորհիվ ռոբոտը տարածության մեջ շարժվում է բարձր ճշգրտությամբ և վստահությամբ։

Ռոբոտը համալրված է նաև 1 ՄՊ RGB տեսախցիկով, 13 ՄՊ արհեստական բանականության ինտերակտիվ տեսախցիկով, ToF և LiDAR սենսորներով, տեսարանի խորության տեսախցիկով, ուլտրաձայնային սենսորով, 146 աստիճանի «ձկան աչք» ոսպնյակի սենսորով, ուժի սենսորով և երկու գերլայնաշերտ սենսորով: Ռոբոտը համալրված է նաև չորս խոսափողով և համատեղելի է Xiaomi AI ձայնային ալգորիթմի հետ։

Xiaomi-CyberDog-2.jpg (54 KB)

Ընկերությունը CyberDog 2 ռոբոտը հատուկ նախագծել է այնպես, որ այն հնարավորինս բաց լինի ծրագրավորման համար:

Արտադրողը հատուկ ուշադրություն է դարձրել նաև ռոբոտի հաշվողական հնարավորություններին։ Այն օգտագործում է հիմնական NX պրոցեսոր և երկու լրացուցիչ համապրոցեսորներ, որոնք ապահովում են կատարողականության 21 TOPS մակարդակ:

CyberDog 2-ն պատվերի համար արդեն հասանելի է Xiaomi-ի պաշտոնական կայքում։  Չինաստանում այն արժե 12,999 յուան, որը կազմում է մոտ 1789 դոլար:

Հիշեցնենք, որ վերջերս ամերիկյան Revolute Robotics ընկերությունը ներկայացրել է արտասովոր և բազմաֆունկցիոնալ Hybrid Mobility Robot (HMR) դրոն, որը կարող է շարժվել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում։

Իսկ Samsung-ի ինժեներները Կորեայի արդյունաբերական տեխնոլոգիաների ինստիտուտում մշակել են ռոբոտ դիրիժոր, որը հաջողությամբ ղեկավարել է Հարավային Կորեայի ազգային նվագախումբը Սեուլի երաժշտական ​​փառատոնի ժամանակ:


 
 
 
 
  • Արխիվ