Գնդակի տեսքով նոր ամենագնաց դրոնը կարող է շարժվել ինչպես գետնի վրա, այնպես էլ օդում (տեսանյութ)

20 հուլիսի, 2023  19:24

Ամերիկյան Revolute Robotics ընկերությունը ներկայացրել է Hybrid Mobility Robot (HMR) արտասովոր և բազմաֆունկցիոնալ դրոն, որը կարող է շարժվել ինչպես գետնի վրա, այնպես էլ օդում։

Ինչպես տեղեկացնում է New Atlas-ը, բազմաթիվ օղակներից բաղկացած և գնդաձև կորպուս ունեցող այս եզակի կվադրոկոպտերը նորարարական ձեռքբերում է շարժական ռոբոտների ոլորտում։

Ինչպե՞ս է աշխատում HMR-ը

Ռոբոտը շարժվում է գետնի վրա՝ թեքվելով առաջ կամ հետ և աշխատեցնելով օդային պտուտակները։ Դրանք ստեղծում են օդի հոսք, որը թույլ է տալիս դրան գլորվել ցանկալի ուղղությամբ։ Գնդաձև կորպուսը, որն անիվի դեր է կատարում, մակերեսի վրա շարժման ժամանակ ապահովում է կայունություն:

Այնուամենայնիվ, HMR-ը չի սահմանափակվում միայն ցամաքում տեղաշարժով: Թռիչքի և տարբեր հարթակների միջև ուղղահայաց տեղաշարժվելու համար դրոնը պարզապես շրջվում է դեպի հորիզոնական դիրք և գործում որպես սովորական կվադրոկոպտեր:

Revolute Robotics-ը թռիչքը դիտարկում է որպես շարժունակության լրացուցիչ տարբերակ, որը կարող է օգտագործվել խոչընդոտները հաղթահարելու և ուղղահայաց մակարդակով արագ շարժվելու համար: Այնուամենայնիվ, երկար ճանապարհորդությունների և բազմազան երթուղիների դեպքում ավելի նախընտրելի է ցամաքով տեղաշարժվելը, քանի որ այն ավելի քիչ էլեկտրաէներգիա է պահանջում:

HMR-ի կորպուսը շատ ճկուն է, ինչը ամորտիզացիա է ստեղծում վայրէջքի կամ օդում բախման ժամանակ՝ միաժամանակ ապահովելով անվտանգությունն ու սարքի ամբողջականության պահպանումը մանևրելու ժամանակ:

Revolute Robotics-ն առաջարկում է HMR-ի օգտագործման բազմաթիվ սցենարներ: Մասնավորապես, այս դրոնը կարող է դառնալ անփոխարինելի օգնական կոմունալ ձեռնարկությունների համար, որոնք կատարում են ստուգման աշխատանքներ, ինչպես նաև արդյունաբերական և հանքարդյունաբերական ձեռնարկությունների համար, որտեղ կարող է ճանապարհ հարթել դժվարամատչելի վայրերում։ Չի բացառվում նաև այս բազմաֆունկցիոնալ սարքի օգտագործումը ռազմական նպատակներով։

HMR-ի թողարկման պաշտոնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Revolute Robotics-ը ներկայումս StartEngine քրաուդֆանդինգ հարթակում միջոցներ է հավաքում այս եզակի դրոնի արտադրության համար։


 
 
 
 
  • Արխիվ