Walker S մարդանման ռոբոտն ստացել է Baidu-ի ԱԲ-ը և սովորել է խոսել, տրամաբանել և կատարել հրամաններ

5 ապրիլի, 2024  21:31

Չինական UBTech ընկերությունը համագործակցության մասին համաձայնագիր է կնքել չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ, որի շնորհիվ իր մարդանման ռոբոտը բնական խոսքի և իրական ժամանակում տրամաբանելու կարողություններ է ստացել: UBTech-ը հաջողությամբ ինտեգրել է Baidu-ի ERNIE Bot մուլտիմոդալ արհեստական բանականության (ԱԲ) հարթակը իր նոր արդյունաբերական մարդանման ռոբոտի՝ Walker S-ի մեջ: Ռոբոտն այժմ կատարում է ձայնային հրամաններ, մեկնաբանում է իր գործողությունները, պատասխանում հարցերին և նույնիսկ խորհուրդներ է տալիս:

UBTech-ը հիմնադրվել է 2012-ին Շենժենում և երկու տարի անց ներկայացրեց մանկական խաղալիքի չափերի իր առաջին մարդանման ռոբոտը։ 2016-ին այս ռոբոտներից մի քանի հարյուրը սովորեցին միասին պարել, իսկ 2017-ին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց ավելի քան հազար ռոբոտների պարը, որոնք սինքրոն շարժվում էին ռիթմիկ էլեկտրոնային երաժշտության ներքո:

UBTech-ը CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրեց իր լիարժեք չափի Walker ռոբոտը: Անցյալ տարվա վերջին վերափոխված Walker S-ը բեմ բարձրացավ Հոնկոնգում ընկերության ղեկավարների հետ գոնգը հնչեցնելու համար՝ ազդարարելով ընկերության IPO-ի մեկնարկը: Այժմ ռոբոտը պատրաստ է մարտահրավեր նետել իր կոլեգաներ Figure 01-ինEve-ին և Phoenix-ին՝ ցուցադրելով հաղորդակցման, տրամաբանության և համակարգման հմտություններ:

walker-s-3.jpg (379 KB)

Ներկառուցված խորության սենսորները և տեսախցիկները օգնում են ռոբոտին հասկանալ շրջապատող աշխարհը և նավարկել դրանով, խուսափել խոչընդոտներից և ճանաչել եռաչափ առարկաները: Արհեստական բանականության ինտեգրումը ռոբոտին հնարավորություն է տալիս շփվել բնական մարդկային լեզվով, լինել ստեղծագործ հրամաններ կատարելիս և նույնիսկ մարդկանց խորհուրդներ տալ հագուստի և արտաքին տեսքի վերաբերյալ:

Անցյալ տարի UBTech-ը սկսեց Walker S-ի առաքումը արդյունաբերական կիրառության համար՝ համագործակցելով մի քանի ավտոարտադրողների, այդ թվում՝ NIO-ի հետ, որպեսզի «ռազմավարական առումով պլանավորի մարդանման ռոբոտների փուլային ներդրումը արտադրության սցենարներում»:


 
 
 
 
  • Արխիվ