Twitter-ը ձեռք բերելուց հետո Իլոն Մասկը մտադիր է կրճատել ընկերության աշխատակիցների երեք քառորդը։ Ինչպես նա հայտարարել է նախկինում, այս հարթակի հիման վրա մտադիր է ստեղծել չինական WeChat-ի նման սուպեր հավելված և երեք տարում կրկնապատկել հասույթը։
Ինչպես նշում է The Washington Post-ը, դեռևս Իլոն Մասկի հետ բանակցություններից առաջ Twitter-ի ղեկավարությունը դիտարկում էր ընկերության աշխատակիցների մեկ քառորդին կրճատելու հարցը՝ մինչև 2023 թ․ վերջը անձնակազմի ծախսերը 800 մլն դոլարով կրճատելու նպատակով։ Մասկը մտադիր է ավելի հեռուն գնալ և աշխատանքից հեռացնել Twitter-ի աշխատակիցների երեք քառորդին. Կրճատման տակ կհայտնվի 5000 աշխատակից, որից հետո ընկերությունում կմնա մոտ 2000 մարդ։
Նախատեսվում է նաև կրճատել Twitter-ի ծախսերը ենթակառուցվածքների պահպանման համար, ինչպիսիք են տվյալների կենտրոնները։ Նրանք կարող են նաև հրաժարվել կապալառուների ծառայություններից, որոնք կատարում են տարբեր աշխատանքներ, օրինակ՝ մոդերացիա։
Ինչպես տեղեկացնում է The Washington Post-ը, փորձագետները կարծում են, որ մեծածավալ կրճատումները դժվար թե լավ ազդեն ընկերության աշխատանքի վրա. ամենայն հավանականությամբ, մնացած աշխատակիցները կբարոյալքվեն տեղի ունեցածից, և նրանցից ոմանք կարող են ինքնակամ լքել ընկերությունը, իսկ մնացած աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը, հավանաբար, նկատելիորեն կնվազի:
Չնայած նման կանխատեսումներին՝ Մասկը վստահ է, որ կարող է Twitter-ը վերածել ծաղկող ընկերության։ Նա նախատեսում է երեք տարում կրկնապատկել ընկերության հասույթը։ Նաև ցանկանում է եռապատկել գովազդ դիտող օգտատերերի թիվը:
Մասկի առաջարկած որոշ բարեփոխումներ փորձագետներին խիստ հակասական են թվում: Թե ինչ արդյունքների կհանգեցնեն դրանք, ցույց կտա ժամանակը։
Մասկն ասել է, որ նախատեսում է Twitter-ի հիման վրա սուպեր հավելված ստեղծել։ Անձամբ Մասկը իր գաղափարը, որը պայմանականորեն կոչում է «X», անվանում է «հավելված ամեն ինչի համար»։
Նա դեռ ավելի մանրամասն չի գաղտնազերծել իր գաղափարը, բայց կարելի է ենթադրել, որ սա չինական WeChat-ի մոդելով մեծածավալ նախագիծ է, որն ունիվերսալ ծառայություն է և համատեղելու է Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի, Substack-ի և Uber-ի հնարավորությունները։
Մասկը նախկինում հիացմունքով էր խոսում այն մասին, թե ինչպես է Tencent-ը մեսենջերը վերածել «փոքր ինտերնետի», որից ամեն օր ավելի քան մեկ միլիարդ չինացի է օգտվում: Նա նաև մեկ անգամ չէ, որ խոսել է Ասիայում տարածված սուպեր հավելվածների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեկ վայրում լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած շփումից և տարատեսակ բովանդակություն դիտելուց, վերջացրած մինչև տաքսի կանչելով:
Հիշեցնենք, որ Twitter-ի ձեռքբերման գործարքը նախատեսված է ավարտել մինչև հոկտեմբերի 28-ը։ Գինն իջեցնելու ենթադրյալ փորձերից հետո, որոնք վերագրվում էին Մասկին, նա ստիպված էր համաձայնել ընկերությունը գնել 44 միլիարդ դոլարով (54,20 դոլար մեկ բաժնետոմսի համար): Այնուամենայնիվ, որոշ փորձագետների կարծիքով, Twitter-ի արդար կապիտալիզացիան չի գերազանցում 12 միլիարդ դոլարը։
Ինքը՝ Մասկը, նույնպես նշել է, որ ավելին է վճարում ընկերության համար, քան այն արժեն, սակայն Twitter-ի պոտենցիալ արժեքը «էապես բարձր է ներկայիս արժեքից»։
ամիս
շաբաթ
օր