NASA-ն իր առաջին լուսնագնացն է մշակում. այն ջուր կորոնի մութ խառնարաններում

21 հուլիսի, 2023  11:13

NASAմշակում է իր առաջին լուսնագնացը. այն կկոչվի VIPER, իսկ դրա հիմնական առաջադրանքը կլինի Լուսնի վրա ջուր որոնելը։ Ռովերը կիջնի Լուսնի խառնարանների հատակը, որտեղ արևի լույսը երբեք չի հասել, հետևաբար, դրան լավ լուսարձակներ հարկավոր կլինեն. խառնարաններում առանց լույսի աղբյուրի հնարավոր չէ որևէ աշխատանք անել:

NASA-ն VIPER (Volatiles Investigating Polar Exploration Rover) առաքելության մասին հայտարարել է դեռ 2019-ին: Ֆորմալ առումով սա Resource Prospector առաքելության շարունակությունն է, որը չեղարկվել է 2018-ին, երբ NASA-ն անցավ առևտրային ծրագրերի. Լուսին ռովերներ հասցնելու և գիտական ​​գործիքներ մշակելու հաստատված ցանկի շատ առաքելություններ հանձնվեցին առևտրային ընկերությունների, ինչը պետք է նվազեցներ դաշնային բյուջեի բեռը:

NASA-ի լուսնագնացը մոտ գոլֆի ավտոմեքենայի չափ է և կշռում է 450 կիլոգրամ: Ակնկալվում է, որ դրա մարտկոցների լիցքը կբավարարի Լուսնի խառնարանների հատակը 50 ժամ հետազոտելու համար։ Քանի որ Երկրից Լուսին ազդանշանը հասնում է ընդամենը մի քանի վայրկյանում, Երկրի վրա գտնվող թիմը կկարողանա իրական ժամանակում կառավարել այն անօդաչու թռչող սարքի նման։ Իսկ երբ վայրը, որտեղ վայրէջք կկատարի լուսնագնացը, դուրս գա Երկրի ուղիղ տեսադաշտից, լուսնագնացը կանցնի «քնի» ռեժիմի։

Ռովերն ունի մեկ մետր երկարությամբ գայլիկոն, որով կկարողանա որոշել ջրային սառույցի հաստությունը, եթե այդպիսին, իհարկե, լինի Լուսնի վրա։ Հարկ է նշել, որ Լուսնի վրա ջրի նշաններ դեռևս 2009-ին հայտնաբերել է հնդկական Chandrayaan 1 արբանյակը, և, հետևաբար, գիտնականները հույս ունեն, որ Երկրի արբանյակի խառնարաններում սառույցի տեսքով ջրի մեծ պաշարներ կլինեն։ Եթե ​​դրանք իրոք հայտնաբերվեն, ապա դա մեծ իրադարձություն կլինի, քանի որ ջուրը շնչելու համար անհրաժեշտ թթվածնի, իսկ ջրածինը հրթիռային վառելիքի համար անհրաժեշտ աղբյուր է։ Լուսնի վրա ջրի առկայությունից և դրա քանակից էլ կախված կլինի Լուսնի վրա բազաների ճակատագիրը և տիեզերական հետագա ծրագրերի ուղղության ընտրությունը։

2020-ին NASA-ի լուսնագնացը Լուսին հասցնելու համար որոշվեց կիրառել Astrobotic ընկերության մշակած Griffin վայրէջքի մոդուլը, որի հետ 200 միլիոն դոլարի պայմանագիր էր կնքվել: Մոդուլը, ըստ պլանի, պետք է լուսնագնացը հասցներ Նոբիլ խառնարանի տարածք, որը գտնվում է Լուսնի հարավային բևեռում և որի լայնությունը կազմում է 73 կմ:

Այնուամենայնիվ, Astrobotic-ին չհաջողվեց ժամանակին ավարտել աշխատանքները, և առաքելությունը ստիպված եղավ տեղափոխել այս տարվա նոյեմբերից մինչև 2024-ի նոյեմբեր: Առաքելության ընդհանուր արժեքը հասնում է 500 միլիոն դոլարի՝ ներառյալ SpaceX Falcon Heavy հրթիռի արձակման արժեքը։

Ռովերի արձակումը նախատեսված է 2024-ի նոյեմբերի 10-ին։ Թռիչքը դեպի Լուսին կտևի մոտ հինգ ամիս կամ մի փոքր ավելի երկար՝ կախված նրանից, թե ինչ փոփոխություններ կարվեն Լուսնին մոտենալու հետագծում։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ