Ո՞ր տիեզերագնացները կպտտվեն Լուսնի շուրջը 2024 թ․ Artemis II-ի շրջանակում․ NASA-ն հայտարարել է նրանց անունները

4 ապրիլի, 2023  10:21

2024 թ․ Artemis II առաքելության շրջանակում տիեզերագնացների անձնակազմը կպտտվի Լուսնի շուրջը՝ առանց դրա վրա վայրէջք կատարելու: ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) արդեն հայտնել է անձնակազմի կազմը։

Այն ներառում է չորս տիեզերագնաց՝

  • Հրամանատար Ռիդ Ուայզմեն (Reid Wiseman),
  • Օդաչու Վիկտոր Գլովեր (Victor Glover),
  • Առաքելության առաջին մասնագետ Քրիստինա Համոկ Կուկ (Christina Hammock Koch),
  • Առաքելության երկրորդ մասնագետ Ջերեմի Հանսեն (Jeremy Hansen)։

Ի՞նչ է հայտնի այս տիեզերագնացների մասին

Անձնակազմի հրամանատար Գրեգորի Ռիդ Ուայզմանի համար սա կլինի երկրորդ թռիչքը դեպի տիեզերք։ Առաջինը եղել է 2014 թ․, երբ նա ավելի քան 165 օր անցկացրեց տիեզերքում՝ 41-րդ արշավախմբի ժամանակ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) որպես թռիչքային ինժեներ աշխատելով։ 2020 թ․ դեկտեմբերից մինչև 2022 թ․ նոյեմբերը նա աշխատել է որպես Տիեզերագնացության գրասենյակի ղեկավար, ինչը NASA-ի գործող տիեզերագնացների համար բարձրագույն ղեկավար պաշտոնն է։

Վիկտոր Գլովերի համար սա ևս կլինի երկրորդ թռիչքը դեպի տիեզերք։ Նախկինում նա եղել է NASA SpaceX Crew-1 տիեզերանավի օդաչուն, որը տիեզերագնացներին տեղափոխում էր ՄՏԿ: Այնտեղ նրանք մնացել են 168 օր։ ՄՏԿ-ում 64-րդ արշավախմբի շրջանակում Գլովերը որպես թռիչքային ինժեներ մասնակցել է գիտական ​​հետազոտությունների: Նա նաև չորս անգամ դուրս է եկել բաց տիեզերք։

Քրիստինա Համոկ Կուկը նույնպես կիրականացնի իր երկրորդ տիեզերական թռիչքը Artemis II առաքելության շրջանակում: Նա աշխատել է որպես ինժեներ ՄՏԿ-ում 59, 60 և 61 արշավների ժամանակ: Նա նաև հայտնի է նրանով, որ տիեզերքում կնոջ անցկացրած ամենաերկար ժամանակահատվածի ռեկորդ է սահմանել՝ 328 օր, վեց անգամ դուրս է եկել բաց տիեզերք,  դրանցից երեքի դեպքում բաց տիեզերք է դուրս եկել միայն կանցից բաղկացած թիմը՝ 42 ժամ 15 րոպե ընդհանուր տևողությամբ։

Սակայն կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենի համար սա առաջին թռիչքն է դեպի տիեզերք: Նա Կանադական զինված ուժերի գնդապետ է, կործանիչի նախկին օդաչու, որը տիեզերական գիտությունների ոլորտում բակալավրի աստիճան է ստացել Քինգստոնում (Օնտարիո) գտնվող Կանադայի թագավորական ռազմական քոլեջից, իսկ 2000 թ. նույն հաստատությունից ստացել է ֆիզիկայի մագիստրոսի կոչում՝ լայն տեսադաշտով արբանյակային հետագծման ոլորտում հետազոտությունների մասնագիտացումով (Wide Field of View Satellite Tracking): 

Հիշեցնենք, որ 2022 թ․ դեկտեմբերին NASA-ի Artemis I առաքելությունը հաջողությամբ ավարտվեց, և Orion տիեզերանավը վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում:

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում վերոնշյալ տիեզերագնացները կպտտվեն Լուսնի շուրջը և կվերադառնան Երկիր։ Artemis II-ը կլինի Երկրի ուղեծրից այն կողմ առաջին օդաչուավոր առաքելությունը Apollo 17-ից հետո․ այն վերջին առաքելությունն էր, որի շրջանակում 1972 թ․ դեկտեմբերին վայրէջք է կատարվել Լուսնի վրա:

Իսկ երրորդ փուլի՝ Artemis III առաքելության շրջանակում տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա 2025 թ. դեկտեմբերից ոչ շուտ։ Մինչ այդ պետք է փորձարկվեն SpaceX-ի՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված մոդուլը (Starship Human Landing System) և Axiom Space-ի տիեզերական նոր կոստյումները։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ