NASA-ն ավարտում է Geotail գիտական առաքելությունը, իսկ Lucy զոնդի խցանված վահանակին դեռ ձեռք չի տա

20 հունվարի, 2023  16:07

NASA-ն ավարտում է Geotail գիտական ​​առաքելությունը, որը նախատեսված չորս տարվա փոխարեն տևեց մինչև 30 տարի: Գործակալությունը նաև որոշել է առնվազն մինչև 2024 թ․ աշուն ձեռք չտալ իր գիտական​​ աշխատանքը դեռ չսկսած Lucy զոնդի արևային վահանակին, որը խցանվել է և ամբողջությամբ չի բացվել:

Geotail առաքելություն. 30 տարի տիեզերքում

Geotail արբանյակը մշակել են NASA-ն և Տիեզերագնացության և օդագնացության ճապոնական ինստիտուտը համատեղ: 1992 թ. հուլիսի 24-ին այն ուղեծիր է արձակվել Delta II հրթիռով, և այդ ժամանակից ի վեր արբանյակը պտտվում է Երկրի շուրջ և հավաքում տվյալներ Երկրի պաշտպանիչ մագնիսական դաշտի` մագնիտոսֆերայի կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ։

Սկզբում NASA-ի և Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) համատեղ առաքելությունը նախատեսված էր չորս տարով, սակայն բազմիցս երկարաձգվել է, քանզի դրա շնորհիվ գիտնականներն ստանում էին բարձրորակ տվյալներ, որոնք հազարավոր գիտական ​​հրապարակումների հիմք դարձան։

Այժմ, առաքելության մեկնարկից ավելի քան 30 տարի անց, NASA-ն հայտարարում է դրա ավարտի մասին՝ արբանյակի տվյալների միակ աշխատող ձայնագրիչի ձախողման պատճառով: Արբանյակային առաջին ձայնագրիչը խափանվել էր 2012 թ․, իսկ երկրորդը շարունակել էր  աշխատել։ 2022 թ․ հունիսի 28-ին այն ևս սկսեց խնդիրներ ունենալ։ Մի քանի անգամ փորձագետները փորձել են վերանորոգել սարքը, սակայն ապարդյուն։ Արդյունքում 2022 թ․ նոյեմբերի 28-ին որոշվեց դադարեցնել դիտարկումը դրա օգնությամբ։ Ճիշտ է, գիտնականները դեռ առնվազն մի քանի տարի կշարունակեն ուսումնասիրել այս սարքի օգնությամբ արդեն հավաքված տվյալները։

NASA-geotail

NASA-ի՝ Գրինբելթում գտնվող (Մերիլենդ, ԱՄՆ) Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի  տիեզերագնաց-գիտնական Դոն Ֆերֆիլդը նշել է, որ Geotail-ը շատ արդյունավետ սարք էր, և դրա առաքելությունն օգնել է շատ բան սովորել և ավելի լավ հասկանալ արևային քամու փոխազդեցությունը Երկրի մագնիսական դաշտի հետ:

Ֆիզիկական գործընթացների վերաբերյալ Geotail-ի հավաքած տվյալները գիտնականներին օգնել են ուսումնասիրել բազմաթիվ գործընթացներ, այդ թվում՝ ինչպես և որքան արագ են էներգիայի և մասնիկների հոսքերը Արեգակից հասնում Երկիր: Այս սարքի օգնությամբ հնարավոր է եղել նաև լուսնային մթնոլորտում թթվածին, սիլիցիում, նատրիում և ալյումին գտնել։

Այս առաքելության վրա աշխատող գիտնականները կարողացան նաև պարզել, թե որտեղ է տեղի ունենում մագնիսական վերամիացման գործընթացը՝ Արեգակից դեպի մագնիտոսֆերա նյութի և էներգիայի հիմնական «մատակարարը» և բևեռափայլի նախաձեռնողներից մեկը: Հենց այս հայտնագործությունը սկիզբ դրեց Magnetospheric Multiscale առաքելությանը, որը մեկնարկեց 2015 թ․:

Lucy-ն և խցանված վահանակը

2021 թ․ հոկտեմբերի 16-ին տիեզերք ուղարկված Lucy զոնդի հետ փոքր խնդիր է առաջացել՝ դրա արևային վահանակներից մեկը խցանվել է, արդյունքում այն չի կարողացել ամբողջությամբ բացվել:

2022 թ․ ընթացքում գիտնականները փորձել են ինչ-որ կերպ ավարտել վահանակի բացման գործընթացը, սակայն ապարդյուն։ Այժմ մասնագետները որոշել են այլևս ձեռք չտալ դրան. վահանակն այժմ բավականին կայուն է, և դրա վրա ինչ-որ կերպ ազդելու փորձերը կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ: Այսպես թե այնպես, գիտնականները կարծում են, որ զոնդն այդպես ևս կկարողանա նորմալ աշխատել։

NASA-Lucy

Վերջին տվյալների համաձայն՝ վահանակը ներկայումս բացված է առնվազն 98%-ով, ինչը բավարար է զոնդի 12-ամյա առաքելությանն աջակցելու նպատակով անհրաժեշտ էներգիա ստեղծելու համար։ Ճիշտ է, գիտնականներին անհրաժեշտ կլինի հետևել, թե ինչ ցուցանիշներ կգրանցի արևային մարտկոցն առաջիկա ամիսներին, իսկ 2024 թ․ աշնանը նրանք կրկին կգնահատեն իրավիճակը և կորոշեն, թե արդյոք անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել և փորձել ավարտին հասցնել վահանակի բացման գործընթացը։

Lucy զոնդի գիտական ​​առաքելությունը կսկսվի 2025 թ և կտևի առնվազն մինչև 2033 թ։ Այս ընթացքում զոնդը պետք է այցելի Յուպիտերի շուրջ պտտվող մոտ մեկ տասնյակ աստերոիդների. դրանք կոչվում են «արեգակնային համակարգի արխեոլոգիական ​​հնություններ», քանի որ ենթադրվում է, որ դրանք ավելի հին են, քան մեր համակարգի մոլորակները:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ