Մարդկությունը Մարսի վրա կարող է վայրէջք կատարել արդեն 2040-ին․ NASA

31 մայիսի, 2023  13:00

Մարսի վրա մարդու առաջին վայրէջքը կարող է տեղի ունենալ 2040-ին, նման կարծիք է հայտնել NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը։

«Թվում է, թե դա շատ երկար ժամանակ է, բայց խոսքն ընդամենը 17 տարվա մասին»,- El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է նա:

Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ եթե Լուսին թռչելու համար պահանջվում է ընդամենը 3-4 օր, ապա դեպի Մարս թռիչքը շատ ավելի երկար կտևի։ Ավելին, Մարսի վրա վայրէջք կատարած տիեզերագնացները, ըստ NASA-ի ղեկավարի, պետք է մի քանի տարի անցկացնեն այնտեղ, մինչև մոլորակների դիրքը թույլ տա հետադարձ ճանապարհորդություն սկսել, որը կտևի 6-8 ամիս։

Դեպի Մարս թռիչքի ժամկետների վերաբերյալ Նելսոնի կարծիքի հետ ոչ բոլորն են համաձայն։ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, օրինակ, կարծում է, որ Կարմիր մոլորակի վրա մարդը կարող է վայրէջք կատարել տասը տարվա ընթացքում։ Ավելի վաղ նա ասել էր, որ առաջին բեռնատար առաքելությունը Մարս կմեկնի 2022-ին, իսկ արդեն 2050-ին այնտեղ կկառուցվի 1 միլիոն բնակչությամբ քաղաք։ Սակայն այս կանխատեսումներում նա, կարծես թե, պետք է որոշակի փոփոխություններ անի։

Հայտնի աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հեղինակ և գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը վստահ է, որ մարդկանց առաջին այլմոլորակային գաղութները կկառուցվեն հենց Մարսի վրա, և դա կօգնի լուծել մի շարք խնդիրներ, որոնք այսօր ծառացած են մարդկության առջև։ Նախ, աստղաֆիզիկոսի խոսքով, Կարմիր մոլորակի վրա կստեղծվեն փոքր լաբորատորիաներ, որտեղ տարիներ շարունակ կապրեն ու կաշխատեն 5-10 գիտնական։ Եվ ապագայում այդ լաբորատորիաները կաճեն և ի վերջո կվերածվեն մարդկային գաղութների։

Այսօր արդեն շատ փորձագետներ ուսումնասիրում են Մարսը` օգտագործելով տիեզերական աստղադիտակների արած լուսանկարները և ռովերներից ստացված տվյալները: Գիտնականներն արդեն բազմաթիվ ապացույցներ են գտել, որ Կարմիր մոլորակի վրա ժամանակին ջուր է եղել, գուցե նույնիսկ վարար գետեր:

Ուշագրավ է, որ դեպի Մարս թռիչքների համար տիեզերագնացներին նախատեսվում է պատրաստել Հայաստանում. ըստ գիտնականների՝ մեր երկրի լանդշաֆտը երկրաբանական և տեղագրական նմանություն ունի Մարսի հետ։ Տիեզերագնացները կմարզվեն բարձր ժայռոտ սարահարթում, որը շատ առումներով նման է այն պայմաններին, որ նրանց սպասվում է Մարսի վրա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ