ՆԱՍԱ-ն մեկ տեսանյութով ցուցադրել է Ingenuity-ի բոլոր թռիչքների հետագծերը

23 ապրիլի, 2024  12:08

ՆԱՍԱ-ն մեկ տեսանյութով ցույց է տվել Մարսի մակերևույթի վրայով Ingenuity ուղղաթիռի բոլոր թռիչքների հետագիծը: Սարքը դադարեցրել է իր հիմնական առաքելությունն այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին կոտրվել էր դրա թևերից մեկը։

Ingenuity-ն իր 72 առաքելությունների և գրեթե երեք տարվա աշխատանքի ընթացքում ընդհանուր առմամբ թռել է 17,030 մետր տարածություն՝ մոլորակի մթնոլորտում թռիչքի ռեժիմում անցկացնելով 7694 վայրկյան (ավելի քան 128 րոպե): Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 24 մետր, իսկ առավելագույն արագությունը՝ 10 մ/վ։ Բոլոր թռիչքների ընթացքում Ingenuity-ն իր տեսախցիկներով հարյուրավոր գունավոր և մի քանի հազար սև ու սպիտակ լուսանկարներ է արել:

Ingenuity ուղղաթիռի հիմնական առաքելությունն ավարտվել է հունվարի 25-ին, երբ վնասվեց դրա թևերից մեկը, ինչից հետո սարքը վթարային վայրէջք կատարեց։  Ingenuity հետ հաղորդակցության վերջին կայուն սեանսն անցկացվել է 2024-ի ապրիլի 16-ին։ Ուղղաթիռի վնասվելուց հետո ՆԱՍԱ-ն այն պահում է տվյալների հավաքման նպատակով կիրառելու համար։

«Ուղղաթիռն ամեն օր կարթնանա, կակտիվացնի իր համակարգիչները և կստուգի արևային մարտկոցների, մարտկոցների և էլեկտրոնիկայի աշխատանքը: Այն նաև կնկարահանի մակերեսը և կհավաքի ջերմաստիճանի մասին տվյալներ»,- պարզաբանել է ՆԱՍԱ-ն։ Ակնկալվում է, որ Ingenuity-ի տրամադրած այս տեղեկությունները կարող են օգտակար լինել ապագայում Մարսի հետազոտողներին, երբ նրանք գտնեն ուղղաթիռը և վերլուծեն դրա գրառումները:

ingenuity.JPG (373 KB)

ՆԱՍԱ-ն ֆիքսել է Ingenuity-ի գտնվելու ճշգրիտ վայրը և ենթադրում է, որ այլ առաքելությունների սարքերը (ինչպես Perseverance մարսագնացը, որի հետ Ingenuity-ն 2021-ին վայրէջք էր կատարել Մարսի վրա) կկարողանան կապ հաստատել ուղղաթիռի հետ, երբ մոտակայքում լինեն: Դա կարող է տեղի ունենալ, եթե Ingenuity-ն ամբողջությամբ ծածկված չլինի ավազով կամ եթե նրա մարտկոցներն ու էլեկտրոնիկան ամբողջությամբ խափանված չլինեն:

Ingenuity-ի վթարից հետո Perseverance մարսագնացը շարունակում է իր հիմնական գիտական ​​առաքելությունը և անցել է ավելի քան 25,5 կմ։ Այն արդեն մի քանի հարյուր մետր հեռու է Ingenuity-ից և շարժվում է առաջ ու շուտով կկորցնի կապը ուղղաթիռի հետ։ 


 
 
 
 
  • Արխիվ