Իլոն Մասկին վերջապես թույլ են տվել Neuralink-ի ուղեղի իմպլանտները փորձարկել մարդկանց վրա

26 մայիսի, 2023  10:15

Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունը, որն զբաղվում է մարդու ուղեղում տեղադրելու համար նախատեսված չիպերի արտադրությամբ, վերջապես ստացել է մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ իրականացնելու վերաբերյալ FDA-ի (ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն) թույլտվությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ստացել ենք մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ սկսելու վերաբերյալ FDA-ի թույլտվությունը»,- ասվում է ընկերության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրությունում:

Neuralink-ը համարում է, որ սա կարևոր առաջին քայլն է, որի շնորհիվ չիպային տեխնոլոգիաները մի օր կկարողանան շատ մարդկանց օգնել:

Ընկերությունը դեռ չի սկսել փնտրել կամավորների, որոնք կմասնակցեին, այսպես կոչված, «ուղեղային ինտերֆեյսի» կլինիկական փորձարկումներին։ Այս մասին ընկերությունը խոստանում է հայտնել քիչ ուշ։

Հիշեցնենք, որ Neuralink-ը մշակում է իմպլանտներ, որոնք պետք է տեղադրվեն գլխուղեղի մեջ՝ ուղեղի կեղևի մոտ: Տեսականորեն դրանք պետք է անդամալույծ հիվանդներին հնարավորություն տան «մտքի ուժով» կառավարել համակարգչի կուրսորը։ Եվ եթե դրանք իսկապես աշխատեն այնպես, ինչպես նախատեսվում է, ապա այս տեխնոլոգիան ճանապարհ կբացի բոլորովին նոր բիոնիկ պրոթեզների ստեղծման համար, իսկ խոսքի ապարատի և շարժողական ֆունկցիաների կառավարումը կորցրած մարդկանց այն կօգնի վերականգնել ուրիշների հետ շփվելու ունակությունը:

Իմպլանտներն արդեն փորձարկվել են խոզերի և կապիկների վրա։ Սակայն ընկերություններին երկար ժամանակ թույլ չէին տալիս մարդկանց վրա փորձարկումներ անցկացնել։ Խնդիրներ են եղել նաև կենդանիների վրա արվող փորձերի ժամանակ․ ակտիվիստները բողոքում էին, որ այդ կենդանիներն անմարդկային վերաբերմունքի է արժանանում։ Բողոքներ են եղել նաև կենսաբանական թափոնների տեղափոխման կանոնների խախտումների հետ կապված։

Մարտին FDA-ը մերժել է մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անելու համար Neuralink-ի դիմումը. փորձագետները հայտնաբերել են տասնյակ խնդիրներ, որոնք Neuralink-ը պետք է լուծեր նախքան մարդկանց վրա իր իմպլանտները փորձարկելը:

Ինքը՝ Իլոն Մասկը, այնքան վստահ է իր ընկերության մշակած սարքերի անվտանգության մեջ, որ պնդում է, թե պատրաստ է դրանք ներդնել իր երեխաների ուղեղում։

Ի դեպ, կարծես քիչ չեն մարդիկ կան, որոնք ցանկանում են իրենց վրա փորձարկել Neuralink իմպլանտները։ 2021-ից Մասկին դիմում են, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, անդամալույծ մարդիկ, որոնք պատրաստ են մասնակցել փորձերին։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ