Իլոն Մասկին թույլ չտեն տվել մարդկանց վրա փորձարկել Neuralink-ի ուղեղի իմպլանտները

3 մարտի, 2023  16:40

Ուղեղի իմպլանտներ մշակող Neuralink ընկերությունը կօգնի անդամալույծ մարդկանց նորից քայլել, իսկ կույրերին՝ տեսնել և, ի վերջո, մարդկանց դարձնել կիբորգի պես մի բան: Այսպես, համենայնդեպս, պնդում է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։

Այնուամենայնիվ, ընկերությունը դեռ շատ հեռու է բոլոր այս նպատակներին հասնելուց. այն դեռևս պայքարում է ուղեղի իմպլանտի կլինիկական փորձարկումների հաստատման համար՝ մի շատ համեստ նպատակի համար՝ օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որպեսզի կարողանան տեքստ մուտքագրել համակարգիչ և այդպես հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Եվ այս պայքարն առայժմ անարդյունք է. ԱՄՆ կարգավորիչները ընկերությանը թույլ չեն տվել իր իմպլանտները մարդկանց վրա փորձարկել:

Ըստ Reuters-ի՝ 2019-ից ի վեր Իլոն Մասկն առնվազն չորս անգամ ասել է, որ Neuralink-ը շուտով կփորձարկի մարդկանց ուղեղում տեղադրվելիք հեղափոխական իմպլանտը, որը կարող է օգնել կույր և անդամալույծ մարդկանց։ Սակայն 2016 թ․ հիմնադրված ընկերությունը երկար ժամանակ թույլտվություն ստանալու համար չէր դիմում ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության (FDA): Ընկերությունը FDA-ին դիմել է միայն 2022 թ․ սկզբին, և հիմա փաստացի մերժվել է։

Ինչո՞ւ FDA-ը թույլ չի տալիս Neuralink իմպլանտները փորձարկել մարդկանց վրա

FDA-ը հայտնաբերել է տասնյակ խնդիրներ, որոնք Neuralink-ը պետք է լուծի նախքան իր արտադրանքը մարդկանց վրա փորձարկելը:

Նախ՝ FDA-ը մտավախություն ունի, որ փոքրիկ էլեկտրոդները կարող են տեղափոխվել թիրախային տարածքից դեպի ուղեղի այլ հատվածներ: Բացի դրանից, լարերը կարող են առաջացնել բորբոքում, խաթարել ուղեղի կարևոր հատվածների աշխատանքը և պատռել արյունատար անոթները, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ թեստավորման մասնակիցների մահվան:

Հարցեր է առաջացնում նաև իմպլանտի լիթիումային մարտկոցների հեռահար լիցքավորման համակարգը․ եթե մարտկոցը գերտաքանա կամ խափանվի, դա կարող է հանգեցնել ուղեղի վնասման:

Բացի դրանից, շահագործման ընթացքում իմպլանտը ևս կարող է գերտաքանալ, ինչը կարող է հանգեցնել նաև ուղեղի հյուսվածքի վնասման:

neuralink-site-screenshot

Հարցեր են առաջացել նաև այն մասին, թե արդյոք հնարավոր կլինի իմպլանտը հեռացնել առանց ուղեղը վնասելու։

Ավելին, FDA-ի տվյալներով՝ ընկերությունը շատ վաղ է անցել կենդանիների վրա իմպլանտի փորձարկմանը, ինչը լրացուցիչ տառապանքների է ենթարկել բազմաթիվ խոզերի, ոչխարների և կապիկների։

Neuralink-ը ներկայումս աշխատում է FDA-ի կողմից հայտնաբերված խնդիրները շտկելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, շատ փորձագետներ կասկածում են, որ ընկերությունը կկարողանա արագ լուծել դրանք և մարդկանց վրա փորձարկումներն սկսել այս տարվա գարնանը, ինչպես խոստացել էր Իլոն Մասկը:

Մասկն այնքան վստահ է սարքերի անվտանգության մեջ, որ պատրաստ է դրանք փորձարկել իր երեխաների վրա

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին փորձի ժամանակ FDA-ը հաստատում է մարդկանց վրա փորձարկումներ անելու վերաբերյալ դիմումների մոտ 66%-ը միայն, իսկ կրկին դիմելուց հետո հաստատումների թիվը հասնում է 85%-ի։ Մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու համար ընկերությունները սովորաբար անցկացնում են փորձարկումների առնվազն երկու փուլ՝ նախքան FDA-ի հաստատմանը դիմելը: Բայց Մասկին կարծես թե չի բավարարում աշխատանքի նման տեմպը։

«Ես կարող էի ներդնել Neuralink-ի սարքը հենց հիմա, և դուք նույնիսկ չէիք էլ իմանա»,- 2022 թ․ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ասել էր նա:

Մասկը նաև պնդում է, թե այնքան վստահ է իր սարքերի անվտանգության մեջ, որ պատրաստ է դրանք ներդնել նույնիսկ իր երեխաների ուղեղներում։

Նաև քիչ չեն այն մարդիկ, որոնք ցանկանում են իրենց վրա փորձարկել Neuralink-ի իմպլանտները։ 2021-ից Մասկին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, դիմում են անդամալույծ մարդիկ, որոնք պատրաստ են մասնակցել փորձարկումներին։

ilon-mask-tweet-reply-2021.jpg (84 KB)

Ուղեղի իմպլանտների մշակումը՝ շատ ընկերությունների ուշադրության կենտրոնում


Neuralink-ը մեծ ուշադրություն է գրավում Իլոն Մասկի անձի շնորհիվ, բայց այսօր կան շատ այլ, քիչ հայտնի ընկերություններ, որոնք ևս նախագծում կամ արտադրում են նյարդային ակտիվությունը գրանցող կամ խթանող սարքեր՝ այսպես կոչված, նեյրոմոդուլյացիայի սարքեր: Այս սարքերի շուկան այժմ գնահատվում է 6 միլիարդ դոլար:  

FDA-ն արդեն հաստատել է այսպիսի շատ սարքեր, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման բուժման համար նախատեսված սարքեր:

Neuralink-ը ներկայումս մշակում է սարքեր, այսպես կոչված, ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի համար (BCI - Brain Computer Interface): Այս սարքերում օգտագործվում են հատուկ էլեկտրոդներ, որոնք ապահովում են ուղիղ կապ ուղեղի և համակարգչի միջև: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ FDA-ը դեռ BCI ուղեղի ոչ մի իմպլանտ վերջնական չի հաստատել վաճառքի համար:

Ներկայումս առնվազն մեկ ընկերություն արդեն առաջ է անցել Neuralink-ից FDA-ի հաստատման համար պայքարում. Synchron-ը, որը ևս սարք է մշակում, որը կաթված ստացած մարդկանց պետք է օգնի առանց ձեռքերի օգնության տեքստ մուտքագրել համակարգիչ հաղորդակցվելու համար, արդեն ստացել է գործակալության թույլտվությունը՝ մարդկանց վրա փորձարկումներ իրականացնելու համար: Անցյալ ամառ Իլոն Մասկը նույնիսկ ցանկանում էր ներդրումներ կատարել Synchron-ում, սակայն մերժում ստացավ։

«Մարդու ուղեղը խաղալիք չէ»

Ինչո՞ւ Neuralink-ը գրեթե յոթ տարվա աշխատանքի ընթացքում չի կարողացել ստեղծել այնպիսի սարք, որն առնվազն հավանություն կստանար մարդկանց վրա փորձարկելու համար:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Neuralink-ի ավելի քան մեկ տասնյակ ներկա և նախկին աշխատակիցներ ընկերության աշխատանքային միջավայրը նկարագրում են որպես «թույլ և անկազմակերպ», չնայած ընկերության բարձր պահանջներին և հավակնություններին:

Բացի դրանից, Մասկը ընկերության սակավաթիվ մշտական ​​ղեկավարներից մեկն է․ ընկերության հիմնադիրների մեծ մասը, որոնց թվում եղել են հայտնի գիտնականներ, հեռացել են։

Մասկը, սակայն, այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր ավելի հայտնի ձեռնարկություններին` Tesla-ին, SpaceX-ին և Twitter-ին, քան Neuralink-ին, ըստ ընկերության աշխատակիցների: Դրա մասին անուղղակիորեն վկայում է նաև այն փաստը, որ Մասկի նամակները Neuralink-ի աշխատակիցներին հաճախ գալիս են նրա SpaceX-ի էլփոստի հասցեից։

neuralink-site-implant

Թվում է, թե Մասկը ի սկզբանե ակնկալում էր, որ Neuralink-ը կաշխատի Tesla-ի պես, որն արագորեն շուկա դուրս բերեց բավականին մրցունակ էլեկտրական ավտոմեքենաներ:

«Նա [Իլոն Մասկը] չի կարողանում հասկանալ, որ սա ավտոմեքենա չէ,- ասում է նյարդաբան Ջին Սիվիլիկոն,- Սա մարդու ուղեղ է։ Դա խաղալիք չէ»:

Նրա խոսքով՝ ուղեղի իմպլանտների մշակումը բարդ ու երկարատև գործընթաց է, որը պահանջում է ինչպես համալիր հետազոտություն, այնպես էլ մի շարք կարգավորվող խնդիրների լուծում։

«Պատճառը, որ մենք դեռ չունենք Neuralink-ի նման BCI սարք, այն չէ, որ այս նախագծում բավականաչափ գումար չի ներդրվել, պատճառը ոչ էլ այն է, որ Իլոն Մասկը բավականաչափ չի մտածել այդ մասին: Դա ուղղակի բարդ խնդիր է»,- ասել է նա: 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ