Երկրի վրա կյանք կարող էր առաջանալ Արեգակի անհավանական հզոր «սուպերբռնկումների» շնորհիվ

25 մայիսի, 2023  21:17

Երկրի վրա կյանք կարող է առաջացած լինել հիպերակտիվ և երիտասարդ Արեգակի վրա տեղի ունեցած հզորագույն «սուպերբռնկումների» արդյունքում։

Նոր հետազոտության հեղինակները պարզել են, որ արեգակնային քամու լիցքավորված մասնիկների և Երկրի մթնոլորտում առկա գազերի խառնուրդի համակցությունը մեծ քանակությամբ ամինաթթուներ և կարբոքսիլաթթուներ է ստեղծում, որոնք սպիտակուցների և բոլոր օրգանական նյութերի ստեղծման հիմնանյութն են:

1800-ական թվականներից գիտնականները փորձում էին հասկանալ, թե ինչպես է կյանքը առաջացել մեր մոլորակի վրա, հայտնում է Space.com-ը: Հետո առաջ քաշվեց ենթադրություն, որ կյանքը ծագել է «նախնական քիմիական ապուրից», որը կոչվում է «ջերմ փոքրիկ լճակ»: 1950-ականներին փորձարկումները, որոնց ժամանակ մեթանի, ամոնիակի, ջրի և մոլեկուլային ջրածնի գազային խառնուրդները ենթարկվեցին արհեստական ​​կայծակի ազդեցությանը, ցույց տվեցին, որ այս գործընթացի արդյունքում 20 տարբեր ամինաթթուներ են ձևավորվել։

Հետագա տարիներին ամեն ինչ ավելի բարդացավ, երբ գիտնականները պարզեցին, որ Երկրի վաղ շրջանում մթնոլորտը լի էր ավելի քիչ ծավալի ամոնիակով և մեթանով, քան նախկինում ենթադրվում էր, և ավելի շատ ածխաթթու գազով և մոլեկուլային ազոտով. երկու գազերի քայքայվելու համար պահանջվում է շատ ավելի շատ էներգիա, քան միայն կայծակը կարող էր ապահովել:

Այժմ Life ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության ժամանակ օգտագործվել է մասնիկների արագացուցիչ, ինչը ցույց է տվել, որ գերէներգետիկ գերբռնկումների տիեզերական ճառագայթները կարող էին ապահովել Երկրի վրա կյանքի առաջացման համար անհրաժեշտ խթան:

Աստղերն առաջացնում են մագնիսական հզոր դաշտեր, որոնք առաջանում են հալված պլազմայում էլեկտրական լիցքերի հոսքի արդյունքում, որոնք «վազում են» դրանց երկայնքով և մակերեսով: Երբեմն այս մագնիսական դաշտի գծերը ոլորվում են և հանկարծ կոտրվում՝ արձակելով էներգիա՝ ճառագայթման պոռթկումների (կոչվում են արևային բռնկումներ) և արևային նյութի պայթուցիկ շիթերի տեսքով (կոչվում են պսակային զանգվածի արտանետումներ):

Երբ արևային այս նյութը, որը հիմնականում բաղկացած է էլեկտրոններից, պրոտոններից և ալֆա մասնիկներից, բախվում է Երկրի մագնիսական դաշտին, այն առաջացնում է գեոմագնիսական փոթորիկ՝ էներգիա տալով մեր մթնոլորտի մոլեկուլներին և ստեղծելով գունավոր բևեռափայլեր:

Նորագույն պատմության ամենամեծ արևային փոթորիկը 1859-ի Քարինգթոնի իրադարձությունն էր, որի ժամանակ արձակվել է մոտ նույն ծավալի էներգիա, որքան 10 միլիարդ մեգատոն ատոմային ռումբերը կարտադրեին, բայց նույնիսկ այս իրադարձությունն աննշան է սուպերբռնկման համեմատ, որը կարող է լինել հարյուր հազարավոր անգամ ավելի հզոր:

Այս տեսակի գերբռնկումները սովորաբար ժայթքում են մոտ 100 տարին մեկ անգամ, բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ 2016-ին Nature Geoscience ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ Երկրի գոյության առաջին 100 միլիոն տարիների ընթացքում Արեգակը 30%-ով ավելի էր մթագնած  էր, քան այսօր, բայց միևնույն ժամանակ դրա վրա սուպերբռնկումները տեղի էին ունենում 3-10 օրը մեկ:   

Նոր հետազոտության հեղինակները, տեսնելու համար, թե վաղ շրջանում ինչ դեր կարող էին ունենալ սուպերբռնկումները Երկրի վրա ամինաթթուների ստեղծման գործում, ածխաթթու գազը, մոլեկուլային ազոտը, ջուրը և տարբեր քանակի մեթանը միավորել են գազերի խառնուրդում, որը կարելի էր գտնել Երկրի վաղ մթնոլորտում: Այնուհետև, պրոտոններով գազային խառնուրդներն արձակելով մասնիկների ոչ մեծ արագացուցիչով կամ դրանք այրելով արհեստական ​​կայծակով, գիտնականները գործարկել են ամինաթթուների և կարբոքսիլաթթուների արտադրություն, որոնք երկուսն էլ քիմիական կարևոր նախադրյալներ են կյանքի համար:

Կախված նրանից, թե որքան էին հետազոտողներն ավելացնում մեթանի մակարդակը, դրան զուգահեռ ավելանում էին ամինաթթուները և կարբոքսիլաթթուները, որոնք առաջանում էին ինչպես պրոտոնների, այնպես էլ կայծակի հարվածների հետևանքով, սակայն պրոտոնային խառնուրդի հայտնաբերվող մակարդակներում դրանց գեներացման համար պահանջվում էր մեթանի ընդամենը 0,5%, մինչդեռ կայծակնային հարվածները պահանջում էին 15% կոնցենտրացիա:

«Եվ նույնիսկ 15% մեթանի դեպքում, կայծակի միջոցով ամինաթթուների արտադրության արագությունը միլիոն անգամ ավելի դանդաղ է, քան պրոտոնների դեպքում,- ասում է հետազոտության համահեղինակ, NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը, որը ևս աշխատել է 2016-ի նախագածի վրա,- Ցուրտ պայմաններում կայծակ սովորաբար չի լինում, իսկ իր վաղ շրջանում Երկիրը բավականին թույլ Արեգակի տակ էր։ Սա չի նշանակում, որ հենց կայծակն էր պատճառը, բայց կայծակի գաղափարն այժմ ավելի քիչ հավանական է թվում, իսկ արևային մասնիկի գաղափարն ավելի հավանական է»:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ