Apple-ի նոր ԱԲ գործիքը կսղագրի հանդիպումների, դասախոսությունների ձայնագրությունները և ամփոփագրեր կպատրաստի

27 մայիսի, 2024  12:23

Apple-ի՝ նշումներ անելու համար նախատեսված հավելվածներն ավելի խելացի կդառնան։ iOS 18-ը կունենա իրական ժամանակում աուդիոն տեքստի վերածելու և արհեստական բանականության տեխնոլոգիայի հիման վրա տեքստային նշումներից ամփոփագրեր կազմելու հնարավորություն: ԱԲ օգնականը կկարողանա ճանաչել ձայնը ձայնագրություններում և առանձնացնել տեքստերի կարևոր մասերը։

Ինչպես տեղեկացնում է Appleinsider-ը, Apple-ը մշակում է աուդիոն սղագրելու և իրական ժամանակում ձայնագրված խոսքի վրա հիմնված ամփոփագրեր ստեղծելու բարելավված հնարավորություն: Դա կվերաբերի այնպիսի հավելվածների, ինչպիսիք են Notes-ը և Voice Memos-ը, ինչպես նաև որոշ այլ հավելվածներ: Ըստ աղբյուրների՝ Apple-ն արդեն փորձարկել է այս գործառույթը հավելվածների նախնական տարբերակներում, որոնք այս տարվա վերջին կթողարկվեն որպես iOS 18, iPadOS 18 և macOS 15 թարմացումների մաս:

Մասնավորապես, Voice Memos հավելվածում կավելացվի աուդիո ձայնագրությունների ակնթարթային սղագրման հնարավորություն։ Սղագրումն սկսելու համար օգտատերերը պետք է պարզապես սեղմեն հատուկ կոճակը:

Նման գործիք կհայտնվի Notes հավելվածում: Ավելին, խոսքի սղագրման հետ մեկտեղ Notes-ը կներառի ձայնագրված ձայնի հիման վրա տեքստի ամփոփագրի ավտոմատ ստեղծման գործառույթ: ԱԲ տեխնոլոգիայի միջոցով ստեղծված այս նշումներում իրական ժամանակում կառանձնացվեն ձայնագրության առանցքային կետերը՝ օգտատիրոջը տրամադրելով տեքստի ամփոփ տարբերակը, այսինքն՝ օգտատերը ստիպված չի լինի լսել ամբողջ ձայնագրությունը:  

Ըստ Apple-ի՝ աուդիոձայնագրության մշակման, սղագրման և ամփոփագրերի ստեղծման ընդլայնված համադրությունը Notes հավելվածը կվերածի տարբեր տեղեկություններ կառուցվածքավորելու հզոր գործիքի։ Նոր գործառույթները զգալիորեն կբարելավեն ուսանողների, լրագրողների, գրողների և աշխատանքի արդյունավետությունը: Դրանք հնարավորություն կտան ձայնագրել դասախոսությունները, հարցազրույցները, տարբեր գաղափարներ և ստանալ պատրաստի սղագրություններ և ամփոփագրեր՝ խնայելով ժամանակը։

Բացի դրանից՝ սղագրման ժամանակ սխալները նվազագույնի հասցնելու և տեղեկությունն ամփոփելու համար բնօրինակ ձայնագրությունները կպահպանվեն հավելվածում՝ ստեղծված տեքստի հետ միասին: Դա արվում է կարևոր տվյալների կորցնելուց խուսափելու համար:


 
 
 
 
  • Արխիվ