Ստեղծվել է աշխարհում առաջին արբանյակը՝ պատրաստված փայտից. այն տիեզերք կուղարկվի այս տարի

29 մայիսի, 2024  12:20

Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները անտառների վերամշակմամբ զբաղվող Sumitomo Forestry կորպորացիայի հետ միասին ստեղծել են աշխարհում առաջին արբանյակը, որը պատրաստված է փայտից: Այն կոչվում է LignoSat, և նախատեսվում է SpaceX հրթիռով տիեզերք արձակել այս տարի:

Արբանյակի մշակումը տևել է չորս տարի, աշխատանքներն սկսվել են 2020-ի ապրիլին։

Ինչպես տեղեկացնում է Japantimes.co.jp-ը՝ արբանյակի չափերը կազմում են մոտ 100 x 100 x 100 մմ, իսկ պատի հաստությունը՝ 4-5,5 մմ: Սարքը պատրաստված է մագնոլիայի փայտից, որն ընտրվել է իր ամրության և արտադրական որակի համար: Գիտնականները նաև փորձարկել են բալի և կեչի, բայց, ի վերջո, ընտրել են մագնոլիան: Փայտը ստացվել է Sumitomo Forestry-ից:

Արբանյակը հավաքվել է փայտամշակման ճապոնական ավանդական տեխնոլոգիայի կիրառման միջոցով՝ առանց ամրացումների կամ սոսնձի օգտագործման։ Կոնստրուկցիան, իհարկե միայն փայտից չէ, կան նաև մի քանի ալյումինե մասեր, ինչպես նաև արևային մարտկոցներ։ Արբանյակի ընդհանուր քաշը ընդամենը 1 կգ է։

Գետնի վրա փորձարկումները հաստատել են, որ արբանյակում պարունակվող փայտը որևէ վնասակար ազդեցություն չի ունենա տիեզերագնացների առողջության և անվտանգության, ինչպես նաև ճշգրիտ սարքավորումների և օպտիկական բաղադրիչների վրա:

LignoSat նախագիծը նպատակ ունի պայքարել տիեզերական աղբի դեմ և խթանել տիեզերքում ավելի կանաչ գործունեությունը: Ներկայիս միջազգային կանոնակարգերը պահանջում են, որ առաքելության ավարտից հետո արբանյակները վերադարձվեն մթնոլորտ և չդառնան տիեզերական աղբ: Սովորական արբանյակները օդի աղտոտման վտանգ են ներկայացնում մետաղական մասնիկների պատճառով, որոնք արտադրվում են մթնոլորտ մտնելու ժամանակ: Ենթադրվում է, որ փայտե արբանյակն ամբողջությամբ կվառվի մթնոլորտում Երկիր վերադառնալիս:

Գործարկումից հետո վեց ամսվա ընթացքում տվյալներ կհավաքվեն արբանյակի կառուցվածքում կիրառված փայտի վիճակի (ընդարձակման և կծկման) մասին, ներքին ջերմաստիճանի, գեոմագնիսականության և էլեկտրոնային սարքավորումների աշխատանքի մասին: Տվյալները, որոնք ստացվել են Կիոտոյի համալսարանի կապի կայանի կողմից, հիմք կդառնան երկրորդ արբանյակի՝ LignoSat-2-ի ստեղծման համար:

Sumitomo Forestry-ն նաև կուսումնասիրի արդյունքները՝ հասկանալու համար, թե ինչպես է փայտը քայքայվում նանո մակարդակում, նպատակ ունենալով մշակել տեխնոլոգիաներ, որոնք կկանխեն փայտի քայքայումը և ստեղծել դրա կիրառման նոր եղանակներ՝ ներառյալ շենքերի արտաքին տեսքի համար կիրառվող բարձր ամրության նյութերում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ