Ինչպե՞ս ձեռք բերել մասնագիտություն ՏՏ ոլորտում և ինչի՞ց սկսել

29 մայիսի, 2024  15:52

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում մասնագիտություն ձեռք բերելն ու կարիերա սկսելը կարող է հետաքրքիր ճանապարհորդություն լինել, որը կարող է օգնել ի վերջո գտնելու լավ վճարվող աշխատանք։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ամեն ինչ անել կազմակերպված և գրագետ։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգտակար լինել այս հարցում։

Ուսունասիրե՛ք ոլորտը

ՏՏ ոլորտում կան տարբեր մասնագիտություններ, ներառյալ այնպիսիք են համակարգերի ադմինիստրատորը, ցանցային ինժեները, ծրագրաշարի մշակողը, DevOps-ի մասնագետը և այլն: Անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել, թե ինչն են իրենցից ներկայացնում այս մասնագիտությունները՝ հասկանալու համար, թե որն է համապատասխանում ձեր հմտություններին, հետաքրքրություններին և կարիերայի նպատակներին:

Ստեղծե՛ք կարճ ցուցակ

Նախնական ուսումնասիրությունից հետո հարկավոր է ստեղծել հնարավոր աշխատատեղերի կարճ ցուցակ: Հաշվի՛ առեք ձեր ընտրած յուրաքանչյուր աշխատանքի համար պահանջվող որակավորումը: Պետք է ուշադրություն դարձնել աշխատանքի վերաբերյալ հայտարարությունների ընդհանուր միտումներին: Օրինակ՝ եթե պաշտոնը պահանջում է հատուկ ծրագրավորման լեզվի հետ աշխատելու փորձ, ապա պետք է մտածեք այդ լեզուն սովորելու մասին, որպեսզի պատրաստվեք այդ աշխատանքը կատարելուն։ 

Սովորե՛ք կոդ գրել

Կարելի է սկսել վեբ ծրագրավորման լեզուներ սովորելուց, ինչպիսին է HTML-ը, որը կիրառվում է ՏՏ տարբեր ոլորտներում: Ընդորում՝ HTML-ը կարելի է սովորել ինքնուրույն, քանի որ համացանցում առկա են բազմաթիվ անվճար դասընթացներ: Իհարկե, HTML-ից հետո կարելի է սովորել նաև այլ լեզուներ, օրինակ՝ JavaScript, Java, C++, Python, Ruby և այլն, սակայն անարդյունավետ կլինի այդքան շատ լեզուներ սովորելը, քանի որ նախ հարկավոր է հասկանալ, թե կոնկրետ ինչ մասնագիտություն եք ցանկանում ձեռք բերել և ըստ այդմ արդեն պարզ կլինի, թե դրա համար ինչ լեզուների իմացություն է հարկավոր:

Ստացե՛ք ֆորմալ կրթություն

Շատ կարևոր է նկատի ունենալ նաև ֆորմալ կրթությունը, ինչպիսին է համակարգչային գիտության կամ հարակից ոլորտներում դիպլոմ ստանալը: Օնլայն դասընթացները, հավաստագրերը և ճամբարները նույնպես արժեքավոր տարբերակներ են: Անհրաժեշտ է սովորել նաև այս ոլորտում փորձառու մարդկանցից և ձեռք բերել գործնական հմտություններ։ Այդպիսով կմեծացնեք աշխատանք գտնելու հավանականությունը։

Աշխատե՛ք բաց կոդով նախագծերի վրա

Ցանկալի է բաց կոդով նախագծեր ստեղծելու կամ նման նախագծերի մասնակցելու փորձ ձեռք բերել։ Ձեր գիտելիքներն ուրիշների հետ կիսելը օգնում է կառուցել ձեր տեխնիկական հմտությունները: Ձեր ռեզյումեում և աշխատանքային պորտֆոլիոյում ներառե՛ք բաց կոդով նախագծերը՝ ձեր կարողությունները հնարավոր գործատուներին ցույց տալու համար:

Ստացե՛ք վկայագրեր

Վկայագրերը վավերացնում են ձեր փորձը, և դրանց շնորհիվ կարող եք աչքի ընկնել աշխատշուկայում և գրավել հնարավոր գործատուի ուշադրությունը: Ուսումնասիրե՛ք վկայագրերը, որոնք համապատասխանում են ձեր ընտրած կարիերային, քանի որ դրանք բազմաթիվ են և բազմազան։

Շփում ոլորտի ներսում

Մասնակցեք համաժողովների, սեմինարների և հանդիպումների՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ կապ հաստատելու համար: Այդ շփումները շատ արժեքավոր են, քանզի դրանք լավ հնարավորություն են ավելի լավ պատկերացում կազմելու համար ոլորտի մասին, ստանալու օգտակար խորհուրդներ և ի վերջ գտնելու լավ աշխատանք։

Ֆրիլանս՝ փորձի համար

Դիտարկե՛ք նաև ֆրիլանս աշխատանքի կամ պրակտիկայի տարբերակները գործնական փորձ ձեռք բերելու համար: Ֆրիլանսը հնարավորություն է տալիս աշխատել իրական նախագծերի վրա և ստեղծել ձեր պորտֆոլիոն: Համագործակցե՛ք հաճախորդների հետ և սովորե՛ք, թե ինչպես կարելի է արդյունավետ կառավարել նախագծերը:

Եվ վերջում, հարկ է հիշել, որ ՏՏ ոլորտը շատ դինամիկ է, ուստի շարունակական ուսուցումն ու հարմարվողականությունը կարևոր են այս ոլորտի համար:

Նյութի աղբյուրները՝ Codecademy․com, Fellow.app, Coursera.org, Indeed.com:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ