Ինչո՞ւ պետք է տարին առնվազն մեկ անգամ մաքրել նոութբուքը և ինչպե՞ս դա անել ճիշտ

6 մայիսի, 2023  16:27

Նոութբուքի ներսի հատվածը բավականին կոմպակտ է, և եթե այն կանոնավոր չմաքրվի, ապա դրա մեջ փոշի կկուտակվի, ինչը կհանգեցնի գերտաքացման, կխաթարի համակարգչի կանոնավոր աշխատանքը։ Մասնագետների կարծիքով՝ նոութբուքների կանխարգելիչ մաքրումը պետք է արվի առնվազն տարին մեկ անգամ։

Փորձագետ Իլյա Կարպուկի խոսքով՝ նոութբուքի մաքրումը խորհուրդ է տրվում վստահել մասնագետներին, քանի որ նրանք գիտեն՝ ինչպես ճիշտ մաքրել ներսի հատվածը, փոխել հովացուցիչների վրայի քսանյութը, և պրոցեսորի ու վիդեոքարտի վրայի ջերմամածուկը։

«Սակայն եթե իսկապես ցանկանում եք կամ հնարավորություն չունեք այն հասցնել ծառայության կենտրոն, կարող եք փորձել ինքներդ մաքրել այն»,- Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է նա։

Նրա խոսքով՝ նոութբուքը մաքրելիս նախ այն պետք է ամբողջությամբ անջատել՝ անջատելով հոսանքից և հանելով շարժական մարտկոցը։ Էկրանը և տեսախցիկը կարելի է մաքրել փափուկ և մազմզուկներ չթողնող անձեռոցիկով և հատուկ հեղուկներով, որոնք կարելի է գնել մասնագիտացված խանութներում: Էկրանը սրբելիս պետք է հիշել, որ այն, ամենայն հավանականությամբ, շատ «նուրբ» է, և, հետևաբար, պետք չէ մեծ ճնշում գործադրել դրա վրա, քանի որ հեշտությամբ կարող եք վնասել մատրիցան:

Նոութբուքի ստեղնաշարը սրբելու համար կարելի է օգտագործել նաև հատուկ հեղուկով մի փոքր թրջված շոր, որը ևս մազմզուկներ չի թողնում: Այնուամենայնիվ, կարևոր է, որ հեղուկը շատ չլինի և այն չհոսի ստեղների արանքում: Իսկ ստեղների արանքում եղած փշրանքները, ըստ փորձագետի, կարելի է մաքրել փչելու միջոցով՝ օգտագործելով սեղմված օդի բալոն։   

Հաջորդիվ պետք է հանել նոութբուքի հետևի կափարիչի բոլոր պտուտակները և հանել կափարիչը։

«Երբ արդեն ձեր առջև ամբողջությամբ բացվի մայր պլատան, նախ պետք է հեռացնել փոշու կուտակումները խցանված ռադիատորներից, անկյուններից, խողովակների ելքերից: Պետք է սրբել չոր անձեռոցիկով և առանց ճնշման՝ փորձելով չդիպչել մայր պլատայի որևէ մասի, որպեսզի որևէ բան չպոկվի: Այնուհետև կարող եք այն մաքրել սեղմված օդով փչելու միջոցով: Հատկապես խորհուրդ եմ տալիս փչել հովացման օդափոխիչի մեջ, քանի որ այն շատ փոշի է հավաքում»,- ասել է փորձագետը։

Դժվար հասանելի վայրերը մաքրելիս մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել ականջ մաքրելու համար նախատեսված բամբակյա ծայրով ձողեր։ Սակայն ջերմամածուկն ու հովացնող քսանյութը ինքնուրույն փոխել, հատկապես անփորձ օգտատերերին, նա խորհուրդ չի տալիս։ Նոութբուքը մաքրելիս կենցաղային փոշեկուլ օգտագործել ևս մասնագետը խորհուրդ չի տալիս, քանի որ եթե այն հզոր է, ապա կարող է պոկել մայր պլատայի որևէ տարր կամ «կուլ տալ» որևէ կոճակ: Տեխնիկայի դեպքում սովորաբար ավելի անվտանգ է փոշին փչելու մեթոդը:

Եվ վերջապես, եթե նոութբուքի մաքրումը չի օգնում, և այն շարունակում է «կախել» ու գերտաքանալ, փորձագետը խորհուրդ է տալիս դիմել մասնագիտացված սպասարկման կենտրոն։


 
 
 
 
  • Արխիվ