Apple-ի ո՞ր համակարգիչները կկատարելագործվեն 2024-ին

12 մարտի, 2024  10:28

2024-ի մարտի սկզբին Apple-ը ներկայացրեց 13 և 15 դյույմանոց MacBook Air-ը, որոնք ստացել են ընկերության արտադրության նոր՝ M3 պրոցեսորը: Սակայն, ինչպես գրում է MacRumors-ը, ամերիկյան ՏՏ հսկան իր տեսականիում դեռ համակարգչային մի քանի մոդելներ ունի, որոնք կկատարելագործվեն 2024-ին։

Ամենայն հավանականությամբ Apple-ն այս տարի Mac mini համակարգիչներն արդեն կարտադրի  M3 պրոցեսորներով: Սրա մասին են վկայում ինչպես ավելի վաղ շրջանի լուրերը, այնպես էլ Mac mini-ի սովորական 18-ամսյա թարմացման ցիկլը: Թեև նոր սարքի մասին հայտարարությունը սպասվում է 2024-ի վերջին, MacRumors-ը չի բացառում, որ Apple-ը կարող է այս իրադարձությունը տեղափոխել մինչև 2025-ի մարտ։

2023-ի հունիսին Apple-ը թարմացրեց Mac Studio շարքը և ներկայացրեց M2 չիպով մոդել։ Թայվանական TrendForce վերլուծական ընկերության հունվարի հաշվետվության համաձայն՝ Mac Studio-ի նոր մոդելը՝ M3 Ultra-ն, 2024-ի կեսերին կթողարկվի շատերի կողմից սպասվածից ավելի հզոր չիպով։

Նաև տեղեկություններ կան, որ M3 Ultra-ն կարտադրվի թայվանական TSMC ընկերության N3E տեխնոլոգիայի հիման վրա, ինչպես A18 չիպը, որը, ինչպես սպասվում է, առաջին անգամ կկիրառվի iPhone 16-ի շարքի սմարթֆոններում։ N3E-ը TSMC-ի 3 նմ տեխպրոցեսի բարելավված տարբերակն է, որն առաջարկում է մի փոքր ավելի լավ կատարողական և ավելի բարձր էներգարդյունավետություն:

Որոշ ինսայդերների կարծիքով՝ Apple-ը նոր Mac Pro-ն կներկայացնի 2024-ի երկրորդ կեսին։ Սարքը, ինչպես Mac Studio-ն, պետք է ստանա M3 Ultra չիպ: Mac Pro-ն, ամենայն հավանականությամբ, կօգտագործի SoC-ի ուժեղացված տարբերակը՝ 32 CPU և 80 GPU միջուկներով։


 
 
 
 
  • Արխիվ