TikTok-ը պատրաստվում է Instagram-ի սեփական այլընտրանքը գործարկել

12 մարտի, 2024  16:21

Instagram-ը փորձում է մրցակցել TikTok-ի հետ կարճ տեսանյութերի հատվածում, սակայն ամերիկյան սոցցանցի ամենահայտնի գործառույթները մնում են լուսանկարների հրապարակումը լրահոսում և Stories բաժնում, որի բովանդակությունը հասանելի է 24 ժամ։ Այժմ TikTok-ն աշխատում է իր սեփական հավելվածի վրա, որը կմրցի Instagram-ի լուսանկարների գործառույթի հետ։

Ինչպես տեղեկացնում է TheSpAndroid-ը, TikTok հավելվածի վերջին տարբերակում հայտնաբերվել են բազմաթիվ հղումներ դեպի նոր՝ TikTok Photos հավելված։ Այն, հավանաբար, շատ նման կլինի Instagram-ին, որտեղ հրապարակված լուսանկարները կարող են տեսնել ընկերներն ու ընտանիքի անդամները։

Աղբյուրի տվյալներով՝ այստեղ ևս հնարավոր կլինի TikTok-ի հիմնական հավելվածից տեղադրել որոշ բովանդակություն։ Կոդի հատվածներից մեկը բացատրում է, որ դա հարթակ է, որտեղ կարելի է գտնել «այլ համախոհներ, որոնք հավանում են լուսանկարներով գրառումները»: TikTok Photos-ի թողարկման ամսաթիվ դեռ չկա, սակայն դրա մասին պաշտոնական հայտարարության, ըստ աղբյուրի, պետք է սպասել շուտով:

Instagram-ում հայտնի բլոգերները հաճախ են բողոքում, որ սոցցանցն ավելի ու ավելի է կենտրոնանում տեսանյութերի վրա և կորցնում է իր սկզբնական նպատակը՝ որպես լուսանկարների փոխանակման հարթակ: Ըստ TheSpAndroid-ի՝ TikTok-ը կարող է լրացնել այս բացը, սակայն հիմա, թերևս, լավագույն ժամանակը չէ նման ջանքերի համար, քանզի ամերիկացի խորհրդարանականները պատրաստվում են ընդունել մի օրինագիծ, որը TikTok-ի մայր ընկերությանը՝ ByteDance-ին կստիպի վաճառել այն՝ ԱՄՆ-ում դրա արգելափակման սպառնալիքի ներքո:


 
 
 
 
  • Արխիվ