Համաշխարհային սարդոստայնը 30 տարեկան է. ինչպե՞ս է փոխվել համացանցը տարիների ընթացքում

1 մայիսի, 2023  18:10

1993-ի ապրիլին Համաշխարհային սարդոստայնում (World Wide Web, WWW) կար ընդամենը 623 կայք, և քչերը դրանց մուտք ունեին։ Այսօր այդ կայքերի թիվը հասնում է ավելի քան 1,1 միլիարդի, իսկ օգտատերերի թիվն արդեն գերազանցում է 5 միլիարդը։ Իհարկե, 30 տարվա ընթացքում համացանցում միայն կայքերի թիվը չէ, որ փոխվել է։

Մի փոքր պատմություն. ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Ըստ The Times-ի՝ անցյալ դարի 80-ականների վերջին Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությանը (CERN) անհրաժեշտ էր տեխնոլոգիա, որը հարյուրավոր երկրների հազարավոր գիտնականների թույլ կտար արագ փոխանակվել տեղեկություններով:

Ծրագրավորող Թիմ Բերներս-Լին այդ ժամանակ աշխատում էր CERN-ի համար ներքին ցանց ստեղծելու վրա: 1989-ին նա հիպերտեքստային գլոբալ համակարգի նախագիծ առաջարկեց, որը հասանելի կլիներ ցանկացած վայրից: Հենց այս նախագիծն էլ դարձավ այսօրվա համացանցի հիմքը, իսկ դրա ստեղծողները Բերներս-Լին ու նրա գործընկեր Ռոբերտ Քայոն էին։

Արդեն 1991-ի հունվարին վերոնշյալ մասնագետների մշակած տեխնոլոգիան դուրս եկավ CERN-ի սահմաններից և հասանելի դարձավ գիտահետազոտական ​այլ ինստիտուտների համար, իսկ 1991-ի օգոստոսի 23-ին՝ արդեն լայն հանրությանը։

Հաջորդ երկու տարիների ընթացքում համացանցում հայտնվեց 50 կայք։

Բրաուզերներ և համացանցի տարածում

1993-ին CERN-ը WWW կոդն ու պրոտոկոլը անվճար դարձրեց օգտագործման համար, ինչը նպաստեց դրա ավելի լայն տարածմանը:

Նույն թվականին NCSA-ն թողարկեց Mosaic բրաուզերը։ Սա գրաֆիկական դիտարկիչ էր, որը կարող էր ցուցադրել ներկառուցված պատկերներ և ուղարկել ֆորմաներ, որոնք մշակվում էին HTTPd սերվերի կողմից: Այս բրաուզերի հայտնվելը ավելի մեծացրեց համաշխարհային ցանցի ժողովրդականությունը, և մեկ տարուց պակաս ժամանակում արդեն հազարավոր կայքեր կային:

Հաջորդ տարի Մարկ Անդրեսենը և Ջիմ Քլարկը հիմնեցին Netscape-ը և թողարկեցին Navigator բրաուզերը, և դրա հետ միասին եկան Java և JavaScript ծրագրավորման լեզուները: Netscape-ը շատ արագ դարձավ գերիշխող բրաուզերը: 1995-ին Netscape-ը դարձավ հանրային ընկերություն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում և dot-com փուչիկի սկիզբը դրեց:

Շուտով Microsoft ընկերությունը մշակեց սեփական՝ Internet Explorer բրաուզերը, որը հանգեցրեց, այսպես կոչված, բրաուզերների պատերազմի մեկնարկին։ Հաջորդ 14 տարիների ընթացքում հենց Internet Explorer-ն էր գերիշխող բրաուզերը, դրան էր նպաստում նաև այն, որ բրաուզերը տրամադրվում էր Windows-ի հետ միասին:

1,1 միլիարդ կայք

Այսօր համացանցում կա ավելի քան 1,1 միլիարդ կայք, բայց ոչ բոլորն են ակտիվ՝ ընդամենը մոտ 200 միլիոնը:

90-ականներին կայքերի մեծ մասը բաղկացած էր տեքստերից և ստատիկ պատկերներից, քանի որ համացանցը բավական դանդաղ էր: Դեռևս 1993-ին օգտատերերը կարող էին տեղեկություններ փնտրել ֆիլմերի և դերասանների մասին երկրպագուների կայքում, որը տեղակայված էր Քարդիֆի համալսարանի համակարգչային գիտության ֆակուլտետի սերվերներում: Այս կայքը հետագայում հայտնի դարձավ որպես IMDb, և այդպես է կոչվում մինչ օրս:

Հինգ տարի անց օգտատերերը հնարավորություն ստացան գրքեր որոնել և ակնարկներ կարդալ Amazon-ի էջում:

1998-ն ի հայտ եկավ Google որոնողական համակարգը։ Տարեվերջին դրա ինդեքսում արդեն կար մոտ 60 միլիոն էջ։ Մինչ օրս կայքը, որը ստեղծվել է որպես հետազոտական ​​նախագիծ երկու ուսանողների՝ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից, մնում է աշխարհի ամենահայտնի որոնողական համակարգը:

Վեբ կայքերի ժողովրդականության աճին զուգահեռ՝ զարգացավ նաև էլեկտրոնային փոստը:

2000-ականների սկզբին հայտնվեցին առաջին սոցիալական ցանցերը, և օգտատերերը սկսեցին աստիճանաբար բովանդակության սպառողներից վերածվել բովանդակություն ստեղծողների:

Այս ժամանակահատվածը համարվում է անցում Web 1.0-ից Web 2.0-ի: Այն սկսվել է 2004-ին և շարունակվում է մինչ օրս։

Եթե ​​համեմատեք 1993-ի և 2023-ի ամենաշատ այցելվող կայքերը, կարող եք տեսնել նկատելի տարբերություն: Սոցիալական մեդիան այսօր գերակշռում է առաջատարների աղյուսակում:

Համացանցը հասանելի է աշխարհի բնակիչների 64%-ին

2000-ականների սկզբին Հյուսիսային Ամերիկայի բնակիչների մոտ 44%-ն օգտվում էր համացանցից: Միայն վերջին երկու տասնամյակների ընթացքում է, որ ցանցն իսկապես դարձել է համաշխարհային, ընդ որում օգտատերերի տոկոսը զգալիորեն աճել է բոլոր տարածաշրջաններում: Այսօր աշխարհի բնակիչների 64%-ը՝ մոտ 5,16 մլրդ մարդ, օգտվում է համացանցից։

Ըստ Datareportal-ի՝ Հայաստանում 2023-ի սկզբի տվյալներով կա մոտ 2,18 միլիոն համացանց օգտագործող, ինչը կազմում է բնակչության մոտ 78,6 տոկոսը։


 
 
 
 
  • Արխիվ