Կոտրել են X սոցցանցում Ethereum-ի ստեղծողի օգտահաշիվը․ վնասը կազմել է $700,000

11 սեպտեմբերի, 2023  10:22

Հաքերները կոտրել են X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Ethereum-ի ստեղծող Վիտալիկ Բուտերինի օգտահաշիվը. չարագործները նրա անունից հրապարակում են արել՝ մարդկանց առաջարկելով անցնել ֆիշինգային հղմամբ, որպեսզի իբր անվճար NFT ստանան Ethereum-ում գործարքներն ավելացնելու նպատակով նոր գործառույթի գործարկման առթիվ։

Ավելի ուշ նրա հայրը՝ Դմիտրի Բուտերինը, զգուշացրել է հաքերային հարձակման մասին և ասել, որ որդին աշխատում է վերականգնել հասանելիությունն իր օգտահաշվին։ Ֆիշինգային հղումով գրառումն էլ շուտով ջնջվել է, սակայն հաքերային հարձակման հետևանքով մինչ այդ հասցված վնասը կազմում է գրեթե 700,000 դոլար։

Նախքան Վիտալիկ Բուտերինի օգտահաշվում հաքերների արած գրառումը ջնջելը, որոշ օգտատերեր արդեն արձագանքել էին խարդախությանը և ֆիշինգային հղման միջոցով մտել իրենց կրիպտո դրամապանակներ, ինչը հանգեցրել է գումարների զգալի կորստի: Վերլուծաբաններն ընդհանուր վնասը գնահատել են $691,000: Գողացված NFT-ների թվում են եղել երկու CryptoPunk (հավաքորդային թոքեններ Ethereum բլոկչեյնի վրա), որոնց արժեքը կազմում է մոտ 153,62 Ethereum ($250,000) և 58,18 Ethereum ($95,000), համապատասխանաբար: Ըստ փորձագետների՝ կարևոր է ոչ միայն ֆինանսական վնասը, այլև տվյալների և ակտիվների անվտանգությանը սպառնացող վտանգը։

Նման միջադեպերից խուսափելու համար Binance կրիպտո բորսայի հիմնադիր Չանգպեն Չժաոն մի քանի խորհուրդ է տվել։ Նախ, նա խորհուրդ է տալիս «առաջնորդվել ողջախոհությամբ սոցիալական մեդիայում բովանդակություն կարդալիս, նույնիսկ հանրային կարծիք ձևավորվող առաջնորդների» էջերում, քանի որ «Twitter-ի օգտահաշվի անվտանգությունը նախատեսված չէ ֆինանսական հարթակների համար»: Նա նաև կոչ է անում օգտագործել երկգործոն նույնականացում (2FA) և հիշեցնում է, որ լոգինը պետք է տարբերվի նկարագրիչից կամ էլփոստի հասցեից: Չժաոն նաև ասել է, որ նախկինում, դեռևս «Իլոնի դարաշրջանից» առաջ, Twitter-ի իր օգտահաշիվը մի քանի անգամ արգելափակվել է հաքերների կողմից այն կոտրելու փորձի պատճառով։


 
 
 
 
  • Արխիվ