Ի՞նչ է Web 3.0-ը եւ ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

9 սեպտեմբերի, 2022  15:21

Շատ փորձագետներ ինտերնետի ներկայիս մոդելն արդեն բարոյապես հնացած են համարում. գրաքննությունը, օգտատերերի անձնական տվյալների համատարած հավաքումը եւ այսօրվա ինտերնետի շատ այլ «առանձնահատկություններ», կարծես, հեռու են այն իդեալներից, որոնց այն ի սկզբանե պետք է ծառայեր:

Web 3.0-ը, ըստ էության, նոր հայեցակարգ է ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ, որը կարող է ցանցն ավելի անվտանգ եւ ավելի լավը դարձնել:

Web3 հիմնադրամի հիմնադիրներից Արտյոմ Հարությունյանը TECH NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինտերնետի զարգացումը կարելի է բաժանել մի քանի փուլի։

photo_2019-10-16_12-40-42.jpg (55 KB)

Web 1.0. սկզբում ինտերնետն էր

Հետաքրքիր է, որ Web 1.0 հասկացությունն ավելի ուշ է հայտնվել, քան Web 2.0-ը: Համացանցի առաջին տարբերակը պարզապես «Ինտերնետ» էր կոչվում. այն միակն էր իր տեսակի մեջ, եւ ուստի դրան համարիչ ավելացնելու իմաստ չկար: Իսկ երբ հայտնվեց Web 2.0 հասկացությունը, այն ամենը, ինչ կար դրանից առաջ, սկսեցին կոչել Web 1.0:

Այդպես, Web 1.0-ը սովորաբար համարվում է ինտերնետը 1991-2004 թվականներին, երբ այն ստատիկ տեղեկությամբ էջերի շարք էր, որը կարելի էր միայն կարդալ: Իհարկե, հնարավոր էր նաեւ լսել կամ ներբեռնել երաժշտություն, տեսանյութեր, սակայն օգտատերը որեւէ մասնակցություն չուներ համացանցում բովանդակության ստեղծման գործում եւ կարող էր օգտվել միայն գոյություն ունեցող տվյալներից։

Web 2.0․ գովազդի աճ եւ գաղտնիության անկում

2004 թվականից մենք անցում կատարեցինք Web 2.0 դարաշրջան: Այս հասկացության համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք ամերիկացի հրատարակիչ եւ ազատ ծրագրային ապահովման ակտիվիստ Թիմ Օ'Ռեյլիին, որը 2005 թվականի սեպտեմբերի 30-ին հրապարակեց «What is Web 2.0» հոդվածը, որտեղ նա խոսեց այն սկզբունքների մասին, որոնք միավորում են մեծ թվով նոր կայքեր, ինչպես նաեւ ինտերնետի զարգացման գլոբալ միտումներ։

Web 2.0-ի տարբերակիչ հատկանիշներից է դարձել սոցիալական ցանցերի ի հայտ գալը, որտեղ բովանդակությունը կարող է տեղադրվել ոչ միայն սեփականատերերի, այլեւ սովորական օգտատերերի կողմից: Այսպիսով, մենք սկսեցինք գրառումներ գրել սոցիալական ցանցերում, վերբեռնել լուսանկարներ եւ տեսանյութեր, գրանցել հաշիվներ, կատարել գնումներ առցանց խանութներից։ 

Web 1.0 եւ Web 2.0 ինտերնետային տարբերակների ճարտարապետությունը չի փոխվել. երկու դեպքում էլ մենք՝ որպես օգտվող, մուտք ենք գործում սերվեր, որը կա՛մ պատասխան է տալիս, կա՛մ վերարտադրում է այն տվյալները, որոնք մենք ցանկանում էինք: Այնուամենայնիվ, այս սերվերները պատկանում են որոշ ընկերությունների կամ անհատների, եւ նրանք կարող են պարզապես ջնջել մեր ստեղծած ամբողջ բովանդակությունը, մեր բոլոր տվյալները, եթե այն չի համապատասխանում նրանց քաղաքականությանը։

Սա նշանակում է, որ մենք մեր ստեղծած բովանդակության լիիրավ սեփականատերը չենք:

Ավելին, նույնիսկ եթե սերվերի սեփականատերերը չեն ջնջում մեր բովանդակությունը եւ մեր տվյալները, մենք չենք կարող վստահ լինել դրանց անվտանգության հարցում: Դրանք կարող են կոտրվել հաքերների կողմից, փոխանցվել կամ վաճառվել երրորդ անձանց եւ այլն։

Web 3.0. ապակենտրոնացման նոր մակարդակ

Ինչպես նշեց Արտյոմ Հարությունյանը, Web 3.0-ը ինտերնետի զարգացման հաջորդ փուլն է, որը ենթադրում է, որ մարդիկ կսկսեն տիրապետել եւ կառավարել իրենց տեղեկատվությունը։ Երբ ստեղծվեց ինտերնետը, գաղափարն այն էր, որ ամբողջ տեղեկատվությունը պետք է բաշխվի տարբեր «տեղերի» միջեւ՝ պետք է լինի հենց «ցանց»: Սակայն ժամանակի ընթացքում խոշոր կորպորացիաները տիրացան եւ կենտրոնացրին ամեն ինչ:

Web 3.0-ը, ըստ մասնագետի, լուծում է հենց այս խնդիրը եւ օգտատերերին վերադարձնում ինտերնետը։

«Պատկերացրեք, որ ձեր տվյալներն այլեւս չեն պահվում որեւէ կայքի սերվերում, որը ցանկացած պահի կարող է անջատվել, եւ ամեն ինչ կարող է կորչել: Պատկերացրեք, որ ձեր գումարը պահվում է ոչ թե սովորական բանկում, այլ բոլորից անկախ եւ առավելագույնս ապակենտրոնացված բիթքոյնով։ Web 3.0-ը կատարյալ ազատ, ազատական ​​եւ շատ օգտակար ինտերնետ է, սա ապագայի ինտերնետն է», - ասաց մասնագետը։

Այսպիսով, Web 3.0-ը ապակենտրոնացված ինտերնետ է։ Տվյալները չեն պահվի առանձին սերվերների վրա, այլ կբաշխվեն օգտատերերի միջեւ: Ակնկալվում է, որ բոլորը կկարողանան տեղադրել ցանկացած բովանդակություն: Բացի դրանից, ակնկալվում է, որ ապագայի ինտերնետը կլինի ամենուր եւ կտարածվի IoT (Internet of things) սարքերի եւ խելացի գաջեթների միջոցով:

Ամենայն հավանականությամբ, Web 3.0-ի ինտերնետային տարբերակը հիմնված կլինի բլոքչեյն տեխնոլոգիայի կամ համանման ապակենտրոնացման գործիքի վրա։

Հարությունյանի խոսքով՝ առաջին հայացքից կարող է թվալ, որ անցումը Web 3.0-ին ընդամենը մի փոքր փոփոխություն է, ինչպես Web 1.0-ից Web 2.0-ի անցումը։ Բայց ոչ, փաստորեն, Web 3.0-ի աճը, ասում է նա, կարելի է համեմատել ինտերնետի աճի հետ։

Web 3.0-ը դեռ զարգացման վաղ փուլում է։

Կլինի՞ արդյոք Web 4.0

Առայժմ դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ Web 3.0-ից հետո հեշտ չէ որեւէ բան պատկերացնել. սա արդեն ամենաապակենտրոնացված, ազնիվ եւ արագ ինտերնետն է, եւ դրանից բացի էլ ի՞նչ է պետք։

Ինչպես նշեց Արտյոմ Հարությունյանը, այսօր կարելի է լսել Web 5.0-ի մասին՝ Web 3.0-ի եւ Web 2.0-ի հիբրիդ:

«Տեսականորեն Web 4.0, Web 5.0 կարող են լինել, բայց Web 3.0-ն ինքնին լուծում եւ ծածկում է ինտերնետի սոցիալական բոլոր խնդիրները, կապի խնդիրները եւ մարդկության այլ խնդիրները», - նշեց մասնագետը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ