Իլոն Մասկը մտադիր է մշակել իր սեփական ԱԲ նախագիծը, որ կինտեգրվի Twitter-ին

12 ապրիլի, 2023  15:32

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նախատեսում է մշակել գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) իր սեփական մոդելը, որը կինտեգրվի Twitter-ին։ Սակայն առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար է օգտագործվելու այն։

Twitter-ից երկու աղբյուր Insider-ին տեղեկացրել են, որ Մասկը վերջերս գնել է 10,000 հատ հզոր գրաֆիկական պրոցեսորներ, որոնք անհրաժեշտ են լեզվական մեծ մոդելների հետ աշխատելու համար:

Twitter-ի ներսում իրավիճակին ծանոթ մարդկանց խոսքով՝ Մասկի ԱԲ նախագիծը, որը դեռ վաղ փուլում է, կկառուցվի LLM-ների կամ լեզվական մեծ մոդելների հիման վրա: Իսկ Twitter-ն ունի հսկայական քանակությամբ տվյալներ, որոնք կարող են օգտագործվել LLM-ներին ուսուցանելու համար: Օրինակ՝ ChatGPT-ին ստեղծած OpenAI-ը նախկինում կրթական նպատակներով հասանելիություն է ունեցել Twitter-ի տվյալներին, սակայն անցյալ տարվա դեկտեմբերին Մասկը հայտարարեց, որ արդեն փակել են OpenAI-ի մուտքն իրենց տվյալներին։

Սեփական ԱԲ-ն մշակելու վերաբերյալ Մասկի պլանների շուրջ պատկերն ավելի է ամբողջացնում այն, որ ԱԲ-ի մշակմամբ զբաղվող երկու հայտնի մասնագետներ, DeepMind-ի (Alphabet-ի դուստր ընկերություն է) աշխատակիցներ Իգոր Բաբուշկինը և Մանուել Կրեյսը մարտի սկզբին տեղափոխվել են Twitter։

Պարբերականը նշում է, որ դեռ հայտնի չէ, թե ինչ նպատակով է Twitter-ը նախատեսում օգտագործել ԱԲ-ն։ Հնարավոր է, որ այն օգտագործվի սոցցանցում որոնումը բարելավելու համար, քանզի հենց որոնումից էր նաև Մասկը շատ բողոքում։ Նա նույնիսկ երեք ամսով աշխատանքի էր ընդունել անվտանգության մասնագետ Ջորջ Հոցին, որպեսզի վերջինս բարելավի որոնումը Twitter-ում (Հոթցը, սակայն, մեկ ամիս անց լքեց ընկերությունը)։ Մեկ այլ ոլորտ, որտեղ ԱԲ համակարգերը կարող են պահանջարկ ունենալ, գովազդային տեխնոլոգիաներն են:

Ուշագրավ է, որ Իլոն Մասկն ԱԲ-ի հետ կապված իր սեփական պատմությունն ունի. հենց նա և Սեմ Ալթմանն են հիմնել ChatGPT-ն մշակած OpenAI ընկերությունը, որը Մասկը լքել է 2018 թ.։ Այս տարի Մասկն սկսել է քննադատել OpenAI-ը և դրա մշակումները, ChatGPT-ն, իսկ մարտին միացել է Future of Life ինստիտուտին ուղղված նամակին, որում կոչ էր արվում դադարեցնել ԱԲ այն համակարգերի ուսուցանումը, որոնք ավելի հզոր են, քան GPT-4-ը:

Նշենք, որ ապրիլի 11-ին Alibaba ընկերությունը ներկայացրել է ChatGPT-ի իր համարժեքը, որը նախատեսում է ներդնել իր բոլոր հարթակներում: Խոսքը Tongyi Qianwen կոչվող լեզվական մեծ մոդելի մասին է, որն ընկերությունն առայժմ կինտեգրի իր Tmall Genie խելացի բարձրախոսներին և աշխատավայրում հաղորդագրություններ ուղարկելու DingTalk հարթակին: ԱԲ այս նեյրոցանցն ուսուցանվել է հսկայական տվյալների վրա, որպեսզի կարողանա օգտատերերի հուշումներին ազդեցիկ պատասխաններ տա:


 
 
 
 
  • Արխիվ