OpenAI-ը ներկայացրել է GPT-4-ը. այն կարող է պատկերներ մեկնաբանել և խնդիրները լուծել ավելի լավ, քան ChatGPT-ը

15 մարտի, 2023  10:27

OpenAI ընկերությունը ներկայացրել է GPT-4-ը՝ արհեստական ​բանականության (ԱԲ) նոր մոդելը, որը կարող է մեկնաբանել պատկերները և տեքստերը: Դուք կարող եք, օրինակ, այս մոդելին ցույց տալ ինչ-որ մեմի նկար և հարցնել, թե դա ինչի մասին է, և այն կբացատրի:

gpt-4

ԱԲ այս նոր մոդելին կարող եք նաև հարցնել, թե ինչն է անսովոր ցուցադրված լուսանկարում և կստանաք պարզ և հասկանալի բացատրություն:

gpt-4

GPT-4-ը կարող է նաև մեկնաբանել համեմատաբար բարդ պատկերներ, օրինակ՝ այն կարող է լուսանկարով ճանաչել iPhone-ին միացված Lightning մալուխի ադապտերը։

Ինչպո՞վ է GPT-4-ը տարբերվում GPT-3.5-ից

GPT-3.5 մոդելն աշխատում էր միայն տեքստով, մինչդեռ GPT-4-ը կարող է «հասկանալ» և՛ տեքստը, և՛ պատկերները։ Ըստ մշակողների՝ մասնագիտական ​​և ակադեմիական տարբեր թեստերում այն նույնիսկ աշխատում է «մարդու մակարդակում». Uniform Bar Exam, LSAT, SAT Math և SAT Evidence Based Reading & Writing քննություններից GPT-4-ը հավաքել է 88% կամ ավելի միավոր: Քչերը կարող են նման արդյունքներ ունենալ։

GPT-4-ի ստեղծման համար մոտ վեց ամիս է պահանջվել, ընդորում՝ OpenAI-ն օգտագործել է մրցակից թեստավորման ծրագրեր, ինչպես նաև օգտվել իր մյուս պրոդուկտի՝ ChatGPT-ի օգնությունից: Արդյունքում հաջողվել է ստանալ այնպիսի մոդել, որը չի պատասխանում արգելված բովանդակության հարցումների 82%-ին և 40%-ով ավելի ճիշտ պատասխաններ է գեներացնում։

Ըստ մշակողների՝ սովորական երկխոսության դեպքում GPT-3.5-ի և GPT-4-ի միջև տարբերությունը կարող է գրեթե աննկատ լինել: Բայց եթե երկու մոդելներին էլ տաք ավելի բարդ առաջադրանք, ապա GPT-4-ն ավելի հուսալի և ստեղծագործ կլինի. այն կկարողանա շատ ավելի բարդ ու ճշգրիտ հրահանգներ մշակել, քան GPT-3.5-ը:

Եթե նույն խնդիրը տաք GPT-4-ին և GPT-3.5-ի վրա հիմնված ChatGPT-ին, ապա GPT-4-ի պատասխանն ավելի ճշգրիտ և հիմնավոր կլինի։  

Ահա թե ինչպես են ԱԲ երկու մոդելները պատասխանում ​​հարցին, թե երբ Էնդրյուն, Ջոաննան և Հաննան կարող են հանդիպել կես ժամով, եթե Էնդրյուն ազատ է առավոտյան 11:00-ից մինչև 15:00-ն, Ջոաննան ազատ է կեսօրից մինչև 14:00-ը, և այնուհետև ժամը 15:30-ից մինչև 17:00-ն, իսկ Հաննան հասանելի է կեսօրից հետո կես ժամ, այնուհետև 16:00-ից 18:00-ն:

chat-gpt-reply

gpt-4-reply

Վիրտուալ կամավոր 

OpenAI-ն այժմ Be My Eyes-ի հետ փորձարկում է իր նոր ստեղծագործությունը: Նոր «Վիրտուալ կամավոր» գործառույթը՝ հիմնված GPT-4-ի վրա, կարող է պատասխանել իրեն ուղարկված պատկերների վերաբերյալ հարցերին:

Օրինակ՝ օգտատերը կարող է ԱԲ-ին ցույց տալ իր սառնարանի պարունակության լուսանկարը, և վիրտուալ կամավորը կարող է ոչ միայն ճիշտ որոշել, թե ինչ ապրանքներ կան սառնարանում, այլև վերլուծել, թե ինչ կարելի է պատրաստել դրանցից: Հաջորդիվ այն կառաջարկի մի շարք բաղադրատոմսեր և դրանք պատրաստելու ուղեցույց, որում ամեն ինչ ասվում է քայլ առ քայլ:

Այն դեռ կատարյալ չէ

Ըստ մշակողների՝ GPT-4-ը դեռ հեռու է կատարյալ լինելուց և կարող է սխալվել: Օրինակ՝ չատբոտը ժամանակին Էլվիս Փրեսլիին անվանել է «դերասանի որդի», ինչն ակնհայտ սխալ է:

Երբեմն չատբոտը կարող է տրամաբանական պարզ սխալներ թույլ տալ իր դատողություններում: Այն կարող է նաև չափազանց դյուրահավատ լինել և օգտագործողի արած ակնհայտ կեղծ հայտարարությունները որպես ճշմարտություն ընդունել։

Բացի դրանից, ինչպես ChatGPT-ն, GPT-4-ը տեղյակ չէ 2021 թ․ սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այնուամենայնիվ, համեմատած GPT-3.5-ի հետ, նոր մոդելն ակնհայտ առավելություններ ունի։

Ըստ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի՝ GPT-4-ն ամենամեծ լեզվական մոդելը չի ​​լինի: Ավելին, նրա կարծիքով, մարդկությունը դեռ հեռու է ԱԲ-ի մշակումից, որը կատարյալ կլինի։

Ինչպե՞ս հասանելիություն ստանալ GPT-4-ին

GPT-4-ը հասանելի է OpenAI API-ի միջոցով՝ ըստ սպասման ցուցակի հերթի, ինչպես նաև ChatGPT Plus-ի՝ ChatGPT-ի պրեմիում պլանի միջոցով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ