Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսա Binance-ը հրապարակել է հոկտեմբերի 29-ին 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի հափշտակության հանգեցրած հարձակման մանրամասները: Չարագործները մի քանի ամիս պատրաստել են գործողությունը՝ օգտագործելով արհեստական բանականությամբ ծրագրավորման գործիքների կեղծ տարբերակներ, հորինված թափուր աշխատատեղեր և կեղծ հարցազրույցներ: Արդյունքում նրանց հաջողվել է վնասել մի քանի ինժեներների աշխատանքային համակարգերն ու հասանելիություն ստանալ ընկերության կրիպտոդրամապանակների հետ կապված համակարգերին, հայտնում է Business Insider-ը:
Հարձակումն սկսվել է ԱԲ-ի կեղծ գործիքից
Binance-ի նախնական զեկույցի համաձայն՝ գործողությունն սկսվել է դեռևս 2026 թվականի հունիսին: Կրիպտոդրամապանակների ենթակառուցվածքի համար պատասխանատու թիմի ինժեներներից մեկըներբեռնել է արհեստական բանականության օգտագործմամբ ծրագրավորման գործիքի ձևափոխված տարբերակը:
Այն պարունակել է վնասաբեր կոդ, որը թույլ է տվել չարագործներին սկզբնական հասանելիություն ստանալ աշխատակցի աշխատանքային միջավայրին:
Binance-ի անվտանգության ծառայությունը հայտնաբերել է խնդիրը, ինչից հետո ընկերությունը փոխարինել է վնասված սարքն ու թարմացրել դրա հետ կապված հաշվառման տվյալները: Սակայն մինչ այդ հաքերներն արդեն կարող էին տեղեկություններ ստանալ ինժեների և նրա գործընկերների պաշտոնական պարտականությունների մասին, ինչն օգնել է նախապատրաստել հարձակման հետագա փուլերը:
Կեղծ հարցազրույցներն օգնել են կոտրել աշխատակիցներին
Սեպտեմբերին չարագործներն անցել են ավելի նպատակաուղղված հարձակման: Binance-ի ինժեներներից մեկը հաղորդագրություն է ստացել աշխատանք փնտրելու լեգիտիմ հարթակի միջոցով: Նրա հետ կապ է հաստատել մի անձ, ով ներկայացել է որպես նախագծի ղեկավար:
Աշխատակցի պրոֆիլը հարթակում պարունակում էր տեղեկություններ Binance-ում նրա աշխատանքի մասին, ինչը, հավանաբար, օգնել է չարագործներին ընտրել հարմար թիրախ:
Դրան հաջորդել է երկու հարցազրույցից բաղկացած մանրակրկիտ մշակված սխեման: Սկզբում ինժեներն անցել է տեսահանդիպում անձնակազմի բաժնի աշխատակցի ներկայացած անձի հետ: Վստահություն ներշնչելու համար նա օգտագործել է սոցիալական ցանցի հաշիվ՝ անձնական լուսանկարներով և տեսագրություններով:
Այնուհետև տեղի է ունեցել երկրորդ հարցազրույցը՝ այս անգամ մի անձի հետ, ով անվանվել էր հորինված ընկերության գլխավոր գործադիր տնօրեն: Հանդիպումն անցել է հաղորդակցության հանրաճանաչ հավելվածում:
Զրույցի ընթացքում ինժեներին առաջարկել են կատարել թեստային առաջադրանք: Դրա համար նրանից պահանջվել է ներբեռնել ծրագրային կոդով ռեպոզիտորի և գործարկել այն աշխատանքային համակարգչում:
Ինչպես հետագայում պարզվել է, ռեպոզիտորիումը պարունակել է վնասաբեր կոդ, որն ակտիվացել է նախագծի կարգավորման և գործարկման գործընթացում ու սարքում գործարկել մի շարք չարտոնված գործողություններ:
Այսպիսով, աշխատանքի ընդունման տեխնիկական ընտրության սովորական ընթացակարգը դարձել է կորպորատիվ ենթակառուցվածք ներթափանցելու գործիք:
Ինչպես են հաքերները հասանելիություն ստացել Binance-ի համակարգերին
Հոկտեմբերի 20-ին չարագործներն օգտագործել են ինժեների արդեն վնասված համակարգիչն ու ընկերության ներքին ԱԲ-գործիքը: Դրա միջոցով նրանց հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել այն համակարգերի նկատմամբ, որոնցից օգտվում էին կրիպտոդրամապանակների մշակման թիմի ևս երկու աշխատակիցներ:
Ուղղակիորեն գողության օրը հարձակվողները մտել են ինժեներներից մեկի համակարգիչ, օգտագործել մեկ այլ՝ DevOps մասնագետից գողացված հաշվառման տվյալները, տեղակայել ծրագրային կոնտեյներ և գործարկել վնասաբեր սցենար, որն ապահովել է հարձակման իրականացումը:
Արդյունքում հոկտեմբերի 29-ին չարագործները հափշտակել են 6,3 միլիարդ դոլար ընդհանուր գումարի կրիպտոարժույթ: Binance-ի տվյալներով՝ խոսքը պատմության մեջ կրիպտոարժույթների ամենախոշոր կողոպուտի մասին է:
Բորսայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը տեղի ունեցածն անվանել է բազմամսյա արշավի արդյունք և հարձակումը բնութագրել որպես թվային ակտիվների ոլորտի ամենաբարդերից մեկը:
Հետքը տանում է դեպի հյուսիսկորեացի հաքերներ
ՀԿԲ-ն (FBI) հայտարարել է, որ հափշտակության հետևում կանգնած են հյուսիսկորեացի հաքերները: Ընդ որում, Հյուսիսային Կորեան հերքում է իր մասնակցությունը միջադեպին:
Binance-ը դեռևս ներկայացրել է միայն ներքին հետաքննության նախնական արդյունքները: Ընկերությունը մտադրված է ներգրավել կիբեռանվտանգության անկախ մասնագետների՝ տեղի ունեցածը լրացուցիչ ուսումնասիրելու համար:
Բացի այդ, բորսան պլանավորում է ավելացնել ներդրումներն արհեստական բանականության կիրառմամբ սպառնալիքների հայտնաբերման համակարգերում և ԱԲ ոլորտում աշխատող ընկերությունների հետ համատեղ ստեղծել բլոկչեյն համակարգերի անվտանգությանը նվիրված հետազոտական հիմնադրամ:
Հաքերային հարձակման պատմությունը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող են լինել այն հարձակումները, որոնցում տեխնիկական խոցելիությունները համակցված են սոցիալական ինժեներիայի հետ: Հաքերներին հարկավոր չի եղել սահմանափակվել ծրագրային ապահովման մեջ սխալների որոնմամբ կամ սերվերների ուղղակի կոտրմամբ. նրանք օգտագործել են աշխատակիցների վստահությունը սովորական աշխատանքային գործընթացների նկատմամբ, ներառյալ աշխատանքի փնտրումն ու հարցազրույցների անցկացումը:
Հատկանշական է հատկապես այն, որ այս գործողության մեջ արհեստական բանականության գործիքները ներգրավված են եղել երկու կողմերից էլ. ձևափոխված ԱԲ-գործիքն օգնել է ստանալ սկզբնական հասանելիություն, իսկ Binance-ի ներքին գործիքը հետագայում օգտագործվել է ենթակառուցվածք ավելի խորը ներթափանցելու համար:
Խոշոր թվային ակտիվների հետ աշխատող ընկերությունների համար սա նշանակում է, որ պաշտպանությունն այլևս չի կարող սահմանափակվել սերվերներով, դրամապանակներով և կրիպտոգրաֆիկ բանալիներով: Ինժեների աշխատանքային համակարգիչը, նրա կողմից ներբեռնված ռեպոզիտորին կամ նույնիսկ աշխատանքի առաջարկը կարող են դառնալ բազմամիլիարդանոց հետևանքներով հարձակման սկիզբ:






