Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նշել է երկրում ներդրումների համար հեռանկարային երեք ուղղություն՝ կիսահաղորդիչներ և ֆոտոնիկա, կենսատեխնոլոգիաներ և ռազմաարդյունաբերական համալիր։

«Եթե ես հանդես գայի որպես ներդրող, ապա առաջին հերթին ուշադրություն կդարձնեի կիսահաղորդիչների ոլորտին և այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում այդ ուղղությամբ», — ասել է նախարարը։

Նա նշել է, որ կառավարությունը վերջերս հավանություն է տվել համալսարանին կից ֆոտոնիկայի լաբորատորիայի համար նոր սարքավորումներ ձեռք բերելու ծրագրին։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա առաջիկա տարիներին ընդլայնել երկրի հնարավորություններն այս ասպարեզում և նոր տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն կընձեռի դաշտում աշխատող կազմակերպություններին։

Որպես երկրորդ հեռանկարային ուղղություն՝ Թադևոսյանը մատնանշել է կենսատեխնոլոգիաները։ Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն ձևավորվել է մասնագետների պատրաստման կրթական հենք, սակայն անհրաժեշտ է կատարելագործել օրենսդրությունը, որպեսզի ընկերությունները կարողանան լիարժեք գործել այս ոլորտում։

«Իմ երկրորդ ներդրումը կլիներ կենսատեխնոլոգիաների ոլորտում, օրինակ՝ դեղամիջոցների մշակումը և այլ ուղղություններ», — նշել է նախարարը։

Որպես ներդրումների երրորդ ուղղություն՝ նա առանձնացրել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը՝ ընդգծելով, որ այս ճյուղը դինամիկ զարգացում է ապրում։ Թադևոսյանի խոսքով՝ դրա աճը պայմանավորված է ինչպես հայկական բանակի տրանսֆորմացիայով, այնպես էլ առաջիկա տարիներին աշխարհում սպասվող անկայունությամբ։

Նախարարը հավելել է, որ ներդրումային որոշումներ կայացնելիս ինքը հատուկ ուշադրություն կդարձներ հենց այս երեք ոլորտներին։