Անցած շաբաթ ԱՄՆ ֆոնդային շուկաներում վերջին 6 շաբաթվա ընթացքում առաջին անգամ աճ է արձանագրվել։ Շաբաթական կտրվածքով S&P 500-ը աճել է մոտ 3.36%–ով, Nasdaq–ը՝ 4.44%–ով, իսկ Dow Jones-ը՝ 2.96%–ով։ Աճը պայմանավորված էր նախորդ շաբաթ Մերձավոր Արևելքից եկող դիվանագիտական դրական ազդակներով, որոնք նվազեցրել էին նավթի մատակարարման խափանումների վերաբերյալ մտահոգությունները և կայունացրել ներդրողների տրամադրությունները։

Նավթի գները երկուշաբթի օրը դարձյալ մի փոքր աճել են, քանի որ ներդրողները սպասում էին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ պարզաբանումների և զգուշավորություն էին պահպանում նավթի մատակարարման խափանումների պատճառով։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 0.1%–ով՝ հասնելով $109 դոլարի մեկ բարելի դիմաց։

Ոսկու գները երկուշաբթի օրն աննշան՝ 0.1% աճ են գրանցել՝ հասնելով մոտ $4,678/ունցիայի, իսկ ֆյուչերսները աճել են 0.6%-ով՝ հասնելով $4,706/ունցիայի։ Տատանումները պայմանավորված էին անցած շաբաթվա վերջին Մերձավոր Արևելքում հնարավոր հրադադարի շուրջ նորություններով, որոնք նվազեցրել էին նավթի գները և դոլարի արժեքը, միաժամանակ ազդելով գնաճային սպասումների և տոկոսադրույքների վերաբերյալ կանխատեսումների վրա։

Մերձավոր Արևելքում հնարավոր դեէսկալացիայի սպասումներով պայմանավորված՝ անցած շաբաթ գլոբալ բաժնետոմսային ֆոնդերը գրանցել են 15 մլրդ դոլարի ներհոսք՝ շարունակելով արդեն երկրորդ անընդմեջ շաբաթական աճը։ Միաժամանակ պարտատոմսային ֆոնդերից արձանագրվել է մոտ 19.6 մլրդ դոլարի արտահոսք, իսկ դրամական շուկայի ֆոնդերից՝ 16.9 մլրդ դոլարի արտահոսք, ինչը վկայում է, որ ներդրողները տեղափոխում են կապիտալը ավելի ռիսկային ակտիվներ։ Սակայն զարգացող շուկաները շարունակում են մնալ ճնշման տակ՝ պահպանելով արտահոսքերի միտումները։

Եվրոպական ֆոնդային շուկաներում Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով նավթի գների աճի, Հորմուզի նեղուցում մատակարարումների խափանումների և դրա արդյունքում ուժեղացած գնաճային ճնշումների հետևանքով մարտին կտրուկ անկում է արձանագրվել․ STOXX 600-ը նվազել է մոտ 8%–ով, ինչը վերջին գրեթե 4 տարվա ընթացքում ամենամեծ ամսական անկումն է։ Իսկ եռամսյակի կտրվածքով արձանագրվել է մոտ 1.5% նվազում։

Տեխնոլոգիական հսկաների՝ արհեստական բանականության ոլորտում աննախադեպ ներդրումների ծրագրերը, որոնք վերջին տարիներին ֆոնդային շուկաների աճի հիմնական խթանն էին հանդիսանում, կարող են վերանայվել։ Ռիսկերը պայմանավորված են Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին էներգակիրների գների կտրուկ աճով, ինչը բարձրացնում է տվյալների կենտրոնների ծախսերը և ճնշում ինչպես ընկերությունների շահութաբերությունը, այնպես էլ ընդհանուր տնտեսական աճը։ Չնայած ընկերությունները դեռ չեն կրճատել ներդրումային ծրագրերը, էներգիայի բարձր գները կարող են հանգեցնել ծախսերի նվազման, ինչն իր հերթին կարող է առաջացնել շուկաների լայնամասշտաբ ճշգրտում։

SpaceX-ի՝ սպասվող մուտքը բորսա (IPO) հանգեցրել է ավիատիեզերական ընկերությունների բաժնետոմսերի մինչև 11% աճի։ Աճը պայմանավորված է նրանով, որ SpaceX-ի սպասվող տրանսֆորմացիան մասնավոր ընկերությունից հանրային, բաժնետոմսեր վաճառող ընկերության դիտվում է որպես ամբողջ ոլորտի համար խոշոր դրական ազդակ, որը կարող է նոր ներդրումներ ներգրավել և աշխուժացնել շուկան։

Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ալյումինի արտադրությամբ զբաղվող Alcoa Corporation–ը (AA)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 24.18%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $71.53)։ Հաջորդը հեռահաղորդակցական ենթակառուցվածքների ոլորտում գործող SBA Communications Corporation–ն (SBAC) է՝ 22.79% աճով ($204.04)։ Եռյակը եզրափակում է ոսկու արդյունահանմամբ զբաղվող Equinox Gold Corp.–ը (EQX)՝ 21.28% աճով ($14.59)։

ԱՄՆ-ում գործազրկության նպաստների նոր դիմումները անցած շաբաթ նվազել են 4%-ով, ինչը վկայում է, որ աշխատաշուկան շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն, իսկ գործազրկության մակարդակը պահպանվում է մոտ 4.4%-ի մակարդակում։ Սակայն իրավիճակը բարդանում է Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի գների ավելի քան 50% աճով և բենզինի թանկացմամբ, ինչպես նաև շուկաներում անկմամբ, ինչը կարող է սահմանափակել սպառումը։ Այդուհաներձ, տնտեսագետները զգուշացնում են, որ հակամարտության երկարաձգման դեպքում հնարավոր է աշխատաշուկայի թուլացում և ավելի բարձր գործազրկություն։

Citigroup-ը հետաձգել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման իր կանխատեսումը՝ այժմ սպասելով ընդհանուր 75 բազիսային կետով կրճատում սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին, նախկին՝ հունիսի փոխարեն։ Փոփոխությունը պայմանավորված է աշխատաշուկայի՝ սպասվածից ավելի դրական տվյալներով և գնաճի ռիսկերի պահպանմամբ, որոնք ստիպում են շուկային վերանայել դրամավարկային քաղաքականության ժամանակացույցը։

2026 թվականի ապրիլի 6-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027թ. ապրիլի 5–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 2 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 9.8 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.4 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7 տոկոս:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։