Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Silicon Mountains 2025 ֆորումի ընթացքում Հայաստանի առաջատար հեռահաղորդակցային օպերատոր Ucom-ը և ֆիննական տեխնոլոգիական հսկա Nokia-ն պատմական նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրեցին։ Խոսքը պարզապես հերթական համագործակցության մասին չէ, այլ համարձակ քայլի, որն ուղղված է նոր սերնդի կապի՝ 6G–ի, արհեստական բանականության (AI) և ապագայի այլ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը առաջատար երկիր դարձնելուն։
NEWS.am Tech-ը զրուցել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Դոկտոր Ռոլֆ Վերների հետ՝ քննարկելով համագործակցության կարևորությունը թե տարածաշրջանի, թե տեխնոլոգիական ոլորտի ու թե այն մարդկանց համար, որոնք տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկներն են։
Սփոյլեր՝ հարցազրույցի հիմնական թեմաներն են համատեղ նորարարությունը, ինքնավար համակարգերը և Հայաստանը որպես թվային հզոր կենտրոն դիրքավորելու հնարավորությունը։
Ինչու է այս համագործակցությունը կարևոր Հայաստանի և տարածաշրջանի համար
Հայաստանը, գուցե, այն երկիրը չէ, որը սովորաբար կապում են առաջադեմ տեխնոլոգիաների հետ, սակայն Վերները վստահ է՝ երկիրը մեծ ներուժ ունի։ Nokia-ն, որը համաշխարհային առաջնորդ է 6G-ի հետազոտությունների ոլորտում, Հայաստան է բերում իր փորձը, որը ձեռք է բերել ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ տարածաշրջաններում իրականացվող ծրագրերից։
«Մեր ներկայությունը Հայաստանում շատ կարևոր է ոչ միայն երկրի համար, այլև այն առումով, որ ցույց է տալիս՝ Հայաստանը կարող է դառնալ հետագա զարգացման համար կենտրոնական հանգույց», — ասում է Վերները NEWS.am Tech-ի հետ զրույցում. «Մեր գործընկեր Ucom-ի հետ Nokia-ն մեծ պատրաստակամությամբ է մասնակցում 6G և արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում»։
Այս համագործակցությունը Հայաստանի համար ներդրումներ ներգրավելու և տարածաշրջանում նորարարությունը խթանելու հիմքեր է ստեղծում։ Վերները Հայաստանը համեմատում է Շվեյցարիայի հետ․ երկու երկրներն էլ ճկուն են, կրթական բարձր մակարդակով և արագ են ադապտացվում նորագույն տեխնոլոգիաներին։ Նա մատնանշում է նաև Հայաստանի ուժեղ կողմերը՝ կրթական ուժեղ համակարգ, առաջատար համալսարաններ և տաղանդավոր աշխատուժ։ Այս գործարքի շնորհիվ 6G-ն ու արհեստական բանականությունը կարող են թվային հեղափոխություն իրականացնել Հայաստանում, ինչին, երկիրը, Վերների համոզմամբ ավելի քան պատրաստ է։ Ucom-ի 5G ցանցն արդեն իսկ ծածկում է երկրի ավելի քան 90 տոկոսը, ինչը տպավորիչ է անգամ արևմտյան չափանիշներով։
Վերների խոսքերով՝ նման ծածկույթը Հայաստանին մոտեցնում է այնպիսի առաջատար արևմտյան երկրների մակարդակի, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան կամ Գերմանիան, որտեղ ցուցանիշը կազմում է 97-98%։ Նա մեծ խոչընդոտներ չի տեսնում․ կրթության վրա դրված շեշտը (ինչպես նշել է Հայաստանի վարչապետը՝ «կրթություն, կրթություն, կրթություն»), ցածր բյուրոկրատիան և արևմտյան կողմնորոշումը Հայաստանին փայլելու հնարավորություն են տալիս։ Այնպիսի ընկերությունների կողմից արված ներդրումները, ինչպիսին, օրինակ, Synopsys-ն է, զարգացնում են առողջապահության, իրերի ինտերնետի (IoT) և լոգիստիկայի ոլորտները։
Վերներն առանձնացնում է Հայաստանում գործընթացների իրականացման արագությունը ու երկրում անգլերենի տիրապետման բարձր մակարդակը։
«Այն, թե ինչպիսի արագությամբ են գործընթացներն իրականացվում այստեղ, պարզապես հիասքանչ է։ Ես, իհարկե, դա ասում եմ մեր գործընկեր Ucom-ի փորձով, քանի որ հենց նրանց հետ ենք սերտ համագործակցում», — ասում է նա. «Չեմ ուզում ասել, թե մյուս երկրները զարգանում են դանդաղ, ընդհակառակը՝ նրանք նույնպես զարգանում են, բայց Հայաստանում, հատկապես ձեր լեզվական հմտությունների շնորհիվ, կարելի է հասնել շատ ավելի բարձր մակարդակի։ Ես Հայաստանում շատ ավելի շատ մարդկանց եմ հանդիպում, որոնք խոսում են սահուն անգլերեն, քան շատ այլ վայրերում։ Լեզուն կարևոր գործոն է։ Երբ դուք ունեք լեզվի այդ կարողությունը, կարող եք կիրառել 6G, AI և ցանկացած այլ թվային հնարավորություն՝ ձեր երկրում տարբեր ուղղություններով զարգացում ապահովելու համար»։
Տարածաշրջանային նորարարության կենտրոն դառնալու համար Հայաստանը պետք է պահպանի ցածր բյուրոկրատիան, աջակցի Ucom-ի նման ընկերություններին և օգտվի երկրի՝ յուրահատուկ, արագ որոշումներ կայացնելու մշակույթից։
«Հայաստանի դեպքում մարդիկ, որոնք կարող են իրական որոշումներ ընդունել, միմյանց շատ մոտ են գտնվում», — ընդգծում է Վերները։
Համատեղ նորարարություն․ ինչն է առաջնորդում 6G–ի զարգացումը
Ucom-ի հետ համագործակցության հիմնական էությունը մեկ բառով բնութագրելու վերաբերյալ հարցին Վերները պատասխանում է առանց երկմտելու՝ «Համատեղ նորարարություն»։
«Համատեղ նորարարությունը խաղի կանոնն է», — նշում է նա. «Ինչպես նախորդ սերունդների՝ 3G–ի, 4G–ի, 5G–ի, այնպես էլ այժմ 6G–ի զարգացման համար ընդհանուր առմամբ 10 տարի է անհրաժեշտ։ Այդ շրջափուլից անցել է արդեն մոտ 4-5 տարի։ Մինչև 10 տարին լրանալը պետք է համատեղ աշխատել նորարարությունների վրա՝ ապագա հաճախորդների համար ճիշտ կիրառություններ, մոտեցումներ և առանձնահատկություններ ստեղծելու համար։ Համատեղ աշխատանքը նորարար լուծումներ ստեղծելու ուղղությամբ շատ կարևոր է»։
Nokia-ն ղեկավարում է այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսին է օրինակ Hexa-X ծրագիրը` 6G ստանդարտների համար եվրոպական նախաձեռնությունը, Sustain 6G ԵՄ նախագիծը։ Ucom-ի համար սա նշանակում է գլոբալ փորձի հասանելիություն՝ կառուցելու 6G ցանց, որը կհամապատասխանի Հայաստանի կարիքներին՝ սկսած խելացի գործարաններից մինչև սպառողական հավելվածներ։
5G-ի առավելություններից մինչև 6G-ի տեսլական․ արագություն, հուսալիություն և... գիտաֆանտաստիկայի շունչ
Ucom-ի 5G ցանցն ավելի քան 90% ծածկույթով արդեն իսկ առանձնահատուկ է, ինչպես Վերներն է բնութագրում՝ զարմանալի, անգամ արևմտյան երկրների համեմատությամբ։ 6G-ն, սակայն, ավելի մեծ հնարավորություններ է խոստանում՝ ցանցեր, որոնք կարող են զգալ, գործել ու արձագանքել։ Ապագան կարելի է պատկերացնել առանց ֆիզիկական սարքերի կիրառության առարկաների շարժին հետևելու, նոր փորձառությունների համար ընդլայնված իրականության (AR) ակնոցներ կիրառելու հնարավորությամբ։
«6G-ն լրացուցիչ հնարավորություններ կառաջարկի այնպիսի ցանցերի համար, որոնք կարող են զգալ, գործել և արձագանքել», — բացատրում է Վերները. «Սա նշանակում է, որ ցանցի ներսում կարող ենք աշխատել առանց ֆիզիկական սարքերի՝ օգտագործելով ակնոցներ կամ հետևելով շարժվող առարկաներին և օբյեկտներին»։
Եթե 5G-ն ուժեղացրել է արդյունաբերության մեջ IoT-ի` իրերի ինտերնետի օգտագործումը, ապա 6G-ն այնպիսի հնարավորություններ կընձեռի, որոնց մասին մենք դեռ լիովին պատկերացում չունենք։ Վերների խոսքով՝ Nokia-ն Ucom-ին կառաջնորդի այս անցման ընթացքում՝ համաշխարհային ստանդարտների և գործընկերային ծրագրերի միջոցով ապահովելով ինտեգրման սահուն ընթացք։
Սովորական օգտագործողների համար 6G-ն կնշանակի ավելի սահուն ծառայություններ՝ նույնիսկ բազմամարդ միջավայրում՝ համերգների կամ սպորտային իրադարձությունների ժամանակ։
«Ինքնավար ցանցը շատ ավելի լավ է կառավարում հոսքը՝ բարելավելով լատենտության և թողունակության կառավարումը», — նշում է Վերները։
Այսինքն՝ կարելի է ակնկալել ավելի արագ բեռնումներ, անխափան 8K հեռարձակում և օնլայն խաղեր առանց ցանցային ուշացումների, նույնիսկ երբ այն ծանրաբեռնված է։
Հաջորդը ֆուտուրիստական կողմն է։ Վերների պատկերացմամբ՝ կարող են լինել ժեստերով կառավարվող հավելվածներ՝ AR ակնոցների կամ goggle-ների միջոցով։
«Պատկերացրեք, որ օգտագործում եք WhatsApp-ը՝ առանց հպումների, մատի ծայրով ժեստեր անելով, տեսնելով, թե ինչպես է այն թերթվում ձեր աչքի առջև», — ասում է նա։
Ապագայում, գուցե անգամ ակնոցի կարիք չլինի։ Թվում է, թե գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմից կամ գրքի՞ց է։ «Դա այնքան էլ հեռու չէ», — վստահեցնում է Վերները․
«2030 թվականը կլինի 6G ներդրման տարին։ Եվ մենք արդեն ունենք տեխնոլոգիան։ Այժմ հարցը վերաբերում է ստանդարտացմանը, ներդրմանը և, իհարկե, ներդրումներին։ Ընկերությունները դեռ նոր են վերադարձնում 5G-ի ներդրումային ծախսերը, որոնք արվել էին մոտ չորս-հինգ տարի առաջ։ Եկեք անկեղծ լինենք։ Բայց առաջ գնալու համար պետք է պատրաստ լինել 6G-ին։ Ահա թե ինչու ենք մենք շատ ուրախ, որ այսօր Ucom-ի հետ ստորագրեցինք 6G-ի մասին համաձայնագիրը, քանի որ պետք է պատրաստ լինեք այն ամենին, ինչ սպասվում է չորս-հինգ տարի հետո։ Հակառակ դեպքում երբեք չենք կիրառի անհրաժեշտ հնարավորություններն ու նոր զարգացումները»։
Ինքնավար ցանցեր․ ավելի խելացի, կայուն ու վերականգնվող
6G-ի ամենաառանձնահատուկությունն արհեստական բանականությամբ (AI) կառավարվող ինքնավար ցանցերն են։ Այսօր ցանցային խնդիրները հաճախ պահանջում են մեխանիկական միջամտություն, ինչի պատճառով լինում են անջատումներ կամ կապի կորուստ։ 6G-ի դեպքում ցանցերը ինքնուրույն կվերականգնվեն իրական ժամանակում։
«Ապագայում մենք նպատակ ունենք հասնել այնպիսի ինքնավար ցանցի, որը ավտոմատ կերպով կվերացնի խափանումները», — նշում է Վերները NEWS.am Tech-ի հետ զրույցում․ «Սա կբարելավի հաճախորդների փորձը, քանի որ ինքնավերականգնումը շատ ավելի արագ և ավտոմատ գործընթաց է»։
Նման ցանցերը նաև կօգնեն էներգիա խնայել։ Երևանում, օրինակ, գիշերվա ժամը 3-4-ի սահմանում ցանցերը կարող են անցնել Nokia-ում կիրառվող «ծայրահեղ խորը քնի ռեժիմի», ինչը գրեթե կզրոյացնի էլեկտրաէներգիայի ծախսը։
«Ինքնավար ցանցը սովորում է փոխանցումների օրինաչափություններից և հարմարվում պահանջվող արդյունավետությանը», — ավելացնում է Վերները։
Խելացի քաղաքներում 6G-ն կարող է ավտոմեքենաներին հնարավորություն տալ արհեստական բանականության միջոցով «զրուցել» միմյանց հետ, կանխել վթարները՝ օրինակ՝ իմանալով, որ անկյունից մոտեցող մեքենա կա։ Կայունություն և անվտանգություն, սա է այն, ինչ խոստանում է 6G-ն։
Փոքր երկիր, որը կարող է ոգեշնչել աշխարհը
Ապագային նայելով՝ Վերները լիովին վստահ է Հայաստանի ներուժի վրա։
«Ես 100 տոկոսով վստահ եմ», — հայտարարում է նա։ Նա կարծում է, որ առաջիկա 5-10 տարիներին Հայաստանը կարող է տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնել՝ հիմնվելով նոր ներդրումների, կայուն քաղաքական միջավայրի վրա։
«Հայաստանը պատրաստ է առողջապահության զարգացման բազմաթիվ ծրագրերի։ Ես հատկապես մեծ հնարավորություններ եմ տեսնում ինտերնետ իրերի՝ IoT-ի և լոգիստիկայի ոլորտներում, որովհետև Հայաստանը գտնվում է կենտրոնում», — ասում է նա։
Մինչ 6G-ն ավելի է մոտենում իրականություն դառնալուն, Հայաստանի օրինակը կարող է ոգևորել ամբողջ աշխարհին՝ փոքր պետություն, որը գերազանցում է իր չափերը տեխնոլոգիական ոլորտում։





