Երկրի կենտրոն հետազոտական ապարատ ուղարկելու գաղափարը գիտական ֆանտաստիկայի սյուժե է հիշեցնում: Ժյուլ Վերնը նման ճանապարհորդություն նկարագրել էր դեռևս 19-րդ դարում, իսկ ավելի քան հարյուր տարի անց համանման սցենար հայտնվեց հոլիվուդյան «Երկրի միջուկը» ֆիլմում: Այնուամենայնիվ, ամերիկացի երկրաֆիզիկոս Դեվիդ Ստիվենսոնն առաջարկում է մոլորակի խորքերը թափանցելու ոչ թե ֆանտաստիկ, այլ տեսականորեն հնարավոր եղանակ:
Ինչպես հաղորդում է Science-ը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մոլորակային երկրաֆիզիկոս Դեվիդ Ստիվենսոնի ծրագիրն էր՝ ոչ թե մարդ ուղարկել Երկրի ընդերք, այլ ստեղծել փոքր ավտոմատ զոնդ, որը կկարողանար ինքնուրույն հասնել արտաքին միջուկին և ստացված տվյալները փոխանցել մակերևույթ:
Պայթյուն և մեկ միլիարդ կիլոգրամ երկաթ
Դեպի Երկրի կենտրոն ցանկացած ճանապարհորդության հիմնական խնդիրը ծայրահեղ ճնշումն ու ջերմաստիճանն են: Ուստի Ստիվենսոնն առաջարկեց նախ հզոր պայթյունի օգնությամբ ճեղք ստեղծել երկրակեղևում:
Նրա հաշվարկներով՝ տրոտիլային համարժեքով մի քանի մեգատոննա հզորությամբ պայթյունը (որը մոտավորապես համադրելի է 7 մագնիտուդով երկրաշարժի հետ) կարող էր կարճ ժամանակով ճեղքել երկրակեղևի վերին շերտը: Առաջացած ճեղքի մեջ նախատեսվում էր լցնել հսկայական քանակությամբ հալված երկաթ:
Հենց երկաթն էր դառնալու հետազոտական զոնդի յուրօրինակ «վերելակը»: Ծանրության ուժի և սեփական քաշի ազդեցության տակ հալված մետաղը կընդլայներ ճեղքը և ստիպված կլիներ տարածվել դեպի ցած: Գիտնականի հաշվարկներով՝ նման անցուղու լայնությունը կարող էր կազմել մոտ 12 սանտիմետր, իսկ առաջխաղացման արագությունը՝ վայրկյանում շուրջ 5 մետր:
Մոտ 15 կիլոմետր հաստությամբ երկրակեղևով նման ճեղքը կարող էր անցնել մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում: Այնուհետև այն կշարունակեր շարժումը միջնապատյանով (մանտիայով), ինչը կտևեր մոտ մեկ շաբաթ:
Դրա համար կպահանջվեր 100 միլիոնից մինչև 10 միլիարդ կիլոգրամ հալված երկաթ: Առաջին հայացքից քանակությունը անհավանական է թվում, սակայն Ստիվենսոնը նշում էր, որ համաշխարհային մետալուրգիական արդյունաբերությունը տեսականորեն կարող էր արտադրել նման ծավալ մոտ մեկ շաբաթում:
Գրեյպֆրուտի չափով զոնդ
Բուն հետազոտական ապարատը նախատեսվում էր պատրաստել փոքր՝ մոտավորապես գրեյպֆրուտի չափով: Այն պետք է պատրաստված լիներ մետաղական համաձուլվածքներից, որոնց հալման ջերմաստիճանը մոտ է Երկրի արտաքին միջուկի հալված նյութի ջերմաստիճանին:
Ստիվենսոնը ընդունում էր, որ ապարատը, հավանաբար, չէր կարող երկար աշխատել միջուկ հասնելուց հետո: Սակայն նույնիսկ կարճ ժամանակը կարող էր բավարար լինել բացառիկ չափումներ իրականացնելու համար:
Զոնդի գլխավոր խնդիրն էր ստանալ տեղեկատվություն Երկրի խորքային շերտերի կազմի և հատկությունների մասին ու այն փոխանցել մակերևույթ: Կապի համար առաջարկվում էր օգտագործել ձայնային ալիքներ՝ սոնարային կապի յուրօրինակ ստորգետնյա նմանօրինակը:
Եթե նման փորձ հաջողվեր իրականացնել, գիտնականներն առաջին անգամ ուղղակի տվյալներ կստանային մոլորակի այնպիսի հատվածներից, որոնք այսօր ուսումնասիրվում են գրեթե բացառապես անուղղակի մեթոդներով:
Ինչու դա մինչ օրս տեղի չի ունեցել
Նույնիսկ գաղափարի հեղինակն էր հասկանում, որ տեսական հաշվարկի և իրական առաքելությանմիջև հսկայական հեռավորություն կա: Միայն անհրաժեշտ երկաթի արժեքը գնահատվում էր հարյուրավոր միլիոն դոլար: Բացի այդ, ճեղք ստեղծելու համար միջուկային պայթյունի օգտագործումը առանձին քաղաքական և իրավական խնդիր կդառնար:
Սակայն գլխավոր խոչընդոտը մնում էր հենց զոնդը: Այն պետք է դիմանար ահռելի ճնշմանն ու ջերմաստիճանին, անցներ հազարավոր կիլոմետրեր ծայրահեղ պայմաններում և միաժամանակ տեղեկատվություն փոխանցեր մակերևույթ:
Լամոնտ-Դոհերթիի Earth Observatory-ի ապարաբան (պետրոլոգ) Դեյվ Ուոքերը նշում էր, որ Ստիվենսոնի առաջարկը միայն դրա արտասովոր լինելու պատճառով մերժելը սխալ կլիներ: Նրա կարծիքով՝ Երկրի խորքերը թափանցելու համար հալված երկաթ օգտագործելու բուն գաղափարը կարող էր իրագործելի լինել: Սակայն հենց այնպիսի ապարատի ստեղծումն էր, որն ունակ կլիներ վերապրել ճանապարհորդությունը և փոխանցել գիտական տվյալներ, ներկայացնում ամենալուրջ խնդիրը:
Այնուամենայնիվ, Ստիվենսոնի հայեցակարգը դարձավ հետաքրքիր օրինակ այն բանի, թե ինչպես է ժամանակակից երկրաֆիզիկան փորձում լուծել գիտության ամենաբարդ խնդիրներից մեկը՝ ստանալ ուղղակի տեղեկատվություն մեր մոլորակի ներքին կառուցվածքի մասին:






