Աշխարհը, որը տեսնում է մարդը, շրջակա միջավայրի ընկալման բազմաթիվ հնարավոր տարբերակներից միայն մեկն է: Շրջակա աշխարհը տեսնելու կենդանիների ունակությունը ուղղակիորեն կախված է աչքի կառուցվածքից և դրա աշխատանքի առանձնահատկություններից: Չնայած այն հանգամանքին, որ կենդանիների մեծ մասն ունակ է տարբերակել գույները, միջատների, ձկների, թռչունների և կաթնասունների տեսողության մեխանիզմները էապես տարբերվում են:

Ցուպիկներ և սրվակներ՝ տեսողության հիմքը

Կենդանիների աչքի ցանցաթաղանթում գտնվում են լուսազգայուն բջիջների երկու հիմնական տեսակներ՝ ցուպիկներ և սրվակներ:

Ցուպիկները պատասխանատու են լույսի ընկալման համար և թույլ են տալիս կողմնորոշվել թույլ լուսավորության պայմաններում: Դրանք չեն տարբերակում գույները և ձևավորում են սև-սպիտակ պատկեր, ինչի շնորհիվ շատ կենդանիներ ունակ են լավ տեսնել մթության մեջ:

Սրվակները, ընդհակառակը, պատասխանատու են գունային տեսողության համար: Հենց դրանք են ընկալում լուսային ալիքների տարբեր միջակայքերը, սակայն դրանց քանակը և զգայունությունը կախված են կենդանիների կոնկրետ տեսակից: Դրանց քանակն է որոշում, թե որքան հարուստ կլինի կենդանու գունային համապատկերը: Մարդն ունի սրվակների երեք տեսակ, ուստի մարդիկ տրիխրոմատներ են, և այն աշխարհը, որն անվանում ենք միակ իրականը, իրականում իրականության շատ նեղ տարբերակ է:

Շատ կաթնասուններ դիխրոմատներ են, որոնք ունեն սրվակների միայն երկու տեսակ, մինչդեռ թռչունները, որոշ ձկներ և սողուններ ունեն գունային ընկալիչների չորս կամ նույնիսկ հինգ տեսակ:

Բացի գունային ընկալումից, կենդանիների մոտ տարբերվում են տեսողության սրությունը, տեսադաշտի անկյունը, զգայունությունը շարժման նկատմամբ, ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) և ինֆրակարմիր (ԻԿ) ճառագայթումը տեսնելու ունակությունը, ինչպես նաև տեսողական տեղեկատվության մշակման արագությունը:

Կյանքը դանդաղեցված նկարահանմամբ

Ինչպես արդեն նշվեց, ամենահարուստ գունային համապատկերն ունեն թռչունները: Դրանցից շատերն ունեն սրվակների չորս, իսկ երբեմն էլ հինգ տեսակ և բացի այդ տեսնում են ուլտրամանուշակագույն լույսը: Այն, ինչ մարդուն թվում է սովորական մոխրագույն փետրածածկ կամ պարզ ծաղիկ, թռչնի համար կարող է լինել գույների բարդ նախշ: Սա օգնում է սնունդ գտնել, կողմնորոշվել և զույգ ընտրել:

Մեղուները նույնպես ակտիվորեն օգտագործում են ուլտրամանուշակագույնը: Բայց նրանք ունեն ևս մեկ գերուժ. նրանք ընկալում են շարժումը գրեթե դանդաղեցված կադրով: Նրանց աչքերը մշակում են վայրկյանում մոտ տասն անգամ ավելի շատ «կադր», քան մարդկային աչքը: Այդ պատճառով մեղվից քշվելն այդքան դժվար է. նա բառացիորեն տեսնում է քո ձեռքը դանդաղեցված ընթացքով (slow-mo):

Մթության տիրակալները

Շունը տարբերակում է առավելապես կապույտ և դեղին երանգները, իսկ կարմիրն ու կանաչը ընկալում է որպես մոխրադեղնավունին մոտ գույներ: Փոխարենը նրանք մարդուց ավելի լավ են կողմնորոշվում մթնշաղին և ունեն ավելի լայն տեսադաշտ:

Կատուն մթնշաղին տեսնում է մեզանից շատ ավելի լավ ոչ թե նրա համար, որ ունի «կախարդական աչքեր», այլ որովհետև ունի տապետում (tapetum)՝ հայելային շերտ, որը լույսը հետ է արտացոլում դեպի ցանցաթաղանթ: Լույսն աչքի միջով անցնում է երկու անգամ: Հավելյալ առավելություն. հենց դրա պատճառով են կատուների աչքերը փայլում մթության մեջ:

Իսկ գեկոնները ընդհանրապես գերազանցել են գրեթե բոլորին: Նրանց աչքերն այնքան զգայուն են, որ թույլ են տալիս կողմնորոշվել հարյուրավոր անգամներ ավելի թույլ լուսավորության պայմաններում, քան այն լույսը, որի դեպքում մարդն այլևս ոչինչ չի տարբերակում:

Աղմկոտ չխխկան օձը կարող է որս անել լիակատար մթության մեջ: Աչքերի և ռնգանցքերի միջև նա ունի հատուկ փոսիկներ, որոնք որսում են ինֆրակարմիր ճառագայթումը: Ըստ էության, նա տեսնում է աշխարհի ջերմային պատկերը: Եվ դա անում է 0.1 աստիճանի ճշգրտությամբ: Այսինքն՝ տարբերում է մկան տաք մարմինը կողքի քիչ ավելի պակաս տաք քարից:

Բազմակի իրականություն և գերուժ

Ճանճի աչքը կազմված է հազարավոր առանձին ֆասետներից: Յուրաքանչյուրը նկարահանում է իրականության իր փոքրիկ կտորը: Ուղեղը դա հավաքում է ընդհանուր պատկերի մեջ, և ստացվում է վաղ ազդարարման համակարգ. ցանկացած շարժում ֆիքսվում է գրեթե ակնթարթորեն: Հենց այդ պատճառով է ճանճին սպանելն այդքան դժվար. նա նկատում է քո ձեռքը ավելի շուտ, քան դու հասցնում ես մինչև վերջ թափահարել:

Քամելեոնի աչքերը շարժվում են միմյանցից անկախ: Մեկը կարող է հետևել միջատին, երկրորդը՝ ստուգել, թե արդյոք հետևից մեկը չի մոտենում: Միայն հարվածից առաջ երկու աչքերը համասինքրոնացվում են՝ հեռավորությունը ճշգրիտ հաշվարկելու համար: Դա նման է մեկի փոխարեն երկու առանձին տեսախցիկ ունենալուն:

Բայց… եթե գոյություն ունենար ամենախենթ աչքերի առաջնություն, աղոթարար-խեցգետինը կվերցներ բոլոր մեդալները:

Նա ունի գունային ընկալիչների մինչև 16 տեսակ: Նա տեսնում է ուլտրամանուշակագույն, սովորական գույներ և նույնիսկ բևեռացված լույս, ընդ որում՝ ոչ միայն գծային, այլև շրջանաձև: Սա ընդհանրապես հազվադեպ դեպք է կենդանական աշխարհում: Նրա յուրաքանչյուր աչք կարող է աշխատել որպես առանձին 3D-սկաներ և շարժվում է անկախ՝ ինչպես փոքրիկ լուսարձակ:

Ամենազավեշտալին. չնայած այս ամբողջ հարստությանը, աղոթարար-խեցգետինը բավականին միջակ է տարբերակում գույների նուրբ երանգները: Գիտնականները մինչ օրս վիճում են, թե ինչու է նրան անհրաժեշտ նման բարդ համակարգ: Հնարավոր է՝ նա դա օգտագործում է ցեղակիցների հետ ծածուկ հաղորդակցման համար՝ զրահի վրայի նախշերով, որոնք տեսանելի են միայն նույնատիպ խեցգետիններին:

Յուրաքանչյուր տեսակ ունի իր կատարյալ տեսողությունը

Չնայած մարդն իր տեսողությունը համարում է չափանիշ, բնության մեջ այն ամենևին էլ ամենակատարյալը չէ: Որոշ կենդանիներ գերազանցում են մեզ գիշերային տեսողությամբ, մյուսները տարբերակում են ուլտրամանուշակագույնը կամ ջերմային ճառագայթումը, երրորդները ունակ են նկատելու ամենափոքր շարժումները: Յուրաքանչյուր տեսողական համակարգ եզակի է և իդեալականորեն հարմարեցված իր տիրոջ կյանքի պայմաններին:

Հոդվածը պատրաստվել է Smithsonian Magzine նյութերի հիման վրա