Սևանա լճի ափին հուլիսի 26-ին մեկնարկել է Sevan Startup Summit 2026 միջազգային տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ֆորումը, որը կտևի մինչև օգոստոսի 1-ը: Միջոցառումը կազմակերպվել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:
Կազմակերպիչների տվյալներով՝ գագաթնաժողովին մասնակցում են ստարտափների, ներդրողների, վենչուրային հիմնադրամների, տեխնոլոգիական ընկերությունների, մենթորների և փորձագետների ավելի քան 2 հազար ներկայացուցիչներ շուրջ 50 երկրից: Ֆորումն ավանդաբար անցկացվում է բաց տեխնոլոգիական ճամբարի ձևաչափով Sevan Festival City-ի տարածքում, որտեղ մասնակիցները նչ միայն ներկայացնում են նախագծեր, այլև քննարկում են նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները:
Գագաթնաժողովի ծրագրում ներառվել են միանգամից մի քանի մասնագիտացված միջոցառումներ՝ նվիրված տեխնոլոգիական զարգացման տարբեր ուղղություններին: Դրանց թվում են՝ World Youth Environment Festival, Sevan AgriTech Summit, WineTech Innovation Summit, Cyber Insurance Summit, Mining Innovation Summit և Sevan EV Rally: Յուրաքանչյուր հարթակ կենտրոնացած է առանձին ուղղությունների վրա՝ ագրոտեխնոլոգիաներից, էկոլոգիական լուծումներից և գինեգործական ոլորտից մինչև կիբեռապահովագրություն, լեռնահանքային ոլորտի նորարարություններ և էլեկտրատրանսպորտի զարգացում:
Ֆորումի առանցքային իրադարձություններից մեկը կլինի Government Day-ը, որը տեղի կունենա հուլիսի 30-ին: Այդ օրը Հայաստանի պետական գերատեսչությունները կներկայացնեն թվային նախաձեռնություններ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք ուղղված են տարբեր ոլորտների արդիականացմանը և էլեկտրոնային կառավարման զարգացմանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ 2025-2026 թվականներին Sevan Startup Summit-ի անցկացումն արժանացել է պետության աջակցությանը: Միջոցառման կազմակերպման համար բյուջեից հատկացվել է 200 մլն դրամ: Իշխանությունները գագաթնաժողովը դիտարկում են որպես նորարարական ձեռնարկատիրության զարգացման, հայկական ստարտափների միջազգային կապերի ընդլայնման, ներդրումների ներգրավման և որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոններից մեկի՝ Հայաստանի դիրքերի ամրապնդման գործիք:






