Նոր հետազոտությունը կասկածի տակ է դնում մարդու մասին գիտության մեջ ամենահաստատուն համոզմունքներից մեկը, ըստ որի՝ մեր ուղեղը երկու միլիոն տարվա ընթացքում աստիճանաբար մեծացել է, որովհետև «ավելի խելացի՝ նշանակում է ավելի լավ»:
Համաձայն հուլիսի 7-ին Nature Communications ամսագրում հրապարակված աշխատության՝ Homo ցեղի մոտ ուղեղի ծավալի հիմնական մեծացումը շատ ավելի մեծ չափով բացատրվում է պատահական գենետիկական փոփոխություններով և էվոլյուցիոն լճացման երկարատև ժամանակահատվածներով, քան բարձր ինտելեկտի օգտին բնական ընտրության մշտական ճնշմամբ:
Ի՞նչ են արել գիտնականները
Տյուբինգենի համալսարանի (Գերմանիա) պալեոանտրոպոլոգ Կատերինա Հարվատին և իր գործընկերները վերլուծել են 87 հանածո գանգերի եռաչափ տվյալները, որոնք ընդգրկում են Homo ցեղի գրեթե ողջ պատմությունը՝ վաղ տեսակներից մինչև նեանդերթալցիներ և ժամանակակից մարդիկ:
Գիտնականները փորձարկել են էվոլյուցիայի վեց տարբեր մաթեմատիկական մոդելներ և համեմատել, թե դրանցից որն է լավագույնս համապատասխանում իրական պալեոնտոլոգիական տվյալներին: Հատուկ ուշադրություն է դարձվել երկու հիմնական միտումների՝ գանգի ուղեղային մասի մեծացմանը և դիմային հատվածի փոքրացմանը:
Գլխավոր եզրակացությունը
Ուղղորդված բնական ընտրությունը, որը ենթադրում էր, թե ավելի խելացի հոմինինները աստիճանաբար դուրս են մղել պակաս հնարամիտներին, գրեթե չի հաստատվել: Դիտարկվող փոփոխությունները լավագույնս նկարագրվում են չեզոք էվոլյուցիոն գործընթացներով՝ պատահական գենետիկական «թափառումներով» և էվոլյուցիոն ստազի (լճացման) երկարատև շրջաններով:
«Մենք տեսնում ենք միևնույն ընդհանուր միտումները՝ ուղեղը մեծանում էր, դեմքը՝ փոքրանում: Սակայն Homo ցեղի ներսում առկա տատանումները շատ ավելի լավ բացատրվում են չեզոք գործընթացներով և կայունության երկար փուլերով, քան ինտելեկտի համար մշտական ընտրությամբ»,- նշել է հետազոտության համահեղինակ Մարկ Հուբեն:
Ի՞նչ է սա փոխում
Հետազոտությունը չի հերքում ուղեղի մեծացման և դեմքի փոքրացման բուն փաստը. այս միտումները մնում են ակնհայտ: Հարցականի տակ է դրվում այդ փոփոխությունների մեխանիզմը: Այն գաղափարի փոխարեն, թե «ուղեղն աճում էր, որովհետև բանականությունը մշտապես առավելություն էր տալիս», գիտնականներն առաջարկում են այլ պատկեր. ուղեղն ու դեմքը զարգացել են որոշակի կենսաբանական սահմանափակումների շրջանակներում, որոնք երբեմն թուլանում էին՝ թույլ տալով պատահական փոփոխություններին կուտակվել:
Սա հատկապես վառ արտահայտվել է դեմքի կառուցվածքում. այն ցուցաբերել է շատ ուժեղ ստազ՝ մնալով գրեթե անփոփոխ հարյուր հազարավոր տարիների ընթացքում:
Նոր հայացք մարդու էվոլյուցիային
«Մեր արդյունքները փոխում են շեշտադրումը»,- ասում է Կատերինա Հարվատին:— «Փոխանակ հարցնելու, թե “ինչու են մարդիկ մշտապես էվոլյուցիա ապրել դեպի ավելի մեծ ուղեղ և ավելի փոքր դեմք”, այժմ ավելի ճիշտ է հարցնել՝ կոնկրետ ո՞ր սահմանափակումներն էին պարբերաբար վերանում՝ հնարավորություն տալով, որ այս փոփոխությունները տեղի ունենան»։






