Չինացի գիտնականները ստեղծել են այն, ինչն անվանում են աշխարհում առաջին ուղղակի ածխային վառելիքային տարրը՝ ածխածնի զրոյական արտանետումներով: Համակարգն էլեկտրաէներգիա է արտադրում ածխից՝ առանց այն այրելու, և որսում է գործընթացի ընթացքում առաջացած ողջ ածխաթթու գազը: Energy Reviews ամսագրում հրապարակված հետազոտությունը նկարագրում է մի տեխնոլոգիա, որն ընդունակ է հիմնովին փոխել էներգետիկայում ամենաշատ ածխածին արտանետող հանածո վառելիքի օգտագործման մոտեցումը:

Աշխատելու սկզբունքը

Համակարգը, որն ստացել է Ածխի ուղղակի օքսիդացման զրոյական արտանետումներով վառելիքային տարր (ZC-DCFC) անվանումը, մշակվել է Չինաստանի ինժեներական ակադեմիայի անդամ և Շենժենի համալսարանի պրոֆեսոր Սե Հեպինի գլխավորած թիմի կողմից: Ածուխը մանրացվում է մինչև մանր  փոշի, չորացվում, մաքրվում և մատուցվում վառելիքային տարրի անոդային խցիկ: Թթվածինը մտնում է կաթոդ, իսկ ածուխը ենթարկվում է էլեկտրաքիմիական օքսիդացման օքսիդային թաղանթի միջոցով՝ ուղղակիորեն արտադրելով էլեկտրականություն՝ առանց այրման, գոլորշու գեներացման և տուրբինների:

«ZC-DCFC-ում, վառելիքի այրման և ջերմային շարժիչների հետ կապված արդյունավետության կորուստների բացառման հաշվին, հասնում է զգալիորեն ավելի բարձր տեսական ՕԳԳ-ի (օգտակար գործողության գործակից)»,— նշել է Սեն՝ հավելելով, որ ավանդական ածխային էլեկտրակայանների ՕԳԳ-ն սահմանափակված է մոտ 40 տոկոսով՝ Կառնոյի ցիկլի սահմանափակումների պատճառով: Անոդից դուրս եկող բարձր խտության ածխաթթու գազը որսվում է անմիջապես տեղում և կատալիտիկ եղանակով վերածվում քիմիական հումքի (օրինակ՝ սինթեզ-գազի) կամ պինդ միացությունների, ինչպիսին է նատրիումի բիկարբոնատը: Ըստ հետազոտողների՝ համակարգն աշխատում է անձայն և չի առաջացնում շրջակա միջավայրի ուժեղ աղտոտում, որը բնորոշ է ածխի օգտագործմանը:

Խորը ընդերքի ածխային տարրերի կիրառումը և ներդրման երկար ճանապարհը

Թիմը մշակում է ZC-DCFC հայեցակարգը 2018 թվականից՝ հասնելով առաջընթացի բարձր արդյունավետությամբ նյութերի, վառելիքի վերամշակման և էլեկտրոդների կառուցվածքի ոլորտում: Տեխնոլոգիան կարող է հարմարեցվել նաև խորը ստորգետնյա ածխաշերտերի համար, ինչը պոտենցիալ հնարավորություն կտա էլեկտրաէներգիա արտադրել մինչև երկու կիլոմետր խորության վրա և այն փոխանցել մակերևույթ՝ առանց ավանդական լեռնահանքային աշխատանքների իրականացման:

Նախագիծն իրականացվում է Չինաստանի՝ 2025 թվականին մեկնարկած ընդերքի հետազոտման և հանքային ռեսուրսների հետախուզման ազգային գիտատեխնիկական մեգանախագծի շրջանակներում և համապատասխանում է մինչև 2060 թվականը ածխածնային չեզոքության հասնելու Պեկինի նպատակին: Այնուամենայնիվ, փորձագետները զգուշացնում են, որ տեխնոլոգիայի լայն տարածումը մնում է հեռավոր ապագայի հարց: Ըստ South China Morning Post-ի տվյալների՝ վառելիքային տարրերի այս համակարգը դժվար թե դառնա ծախսային առումով մրցունակ մինչև 2045 թվականը: