ԱՄՆ ֆոնդային շուկաները նախորդ շաբաթվա ընթացքում զգալի աճ են գրանցել՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի բացման և ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ լավատեսական սպասումներին ֆոնին։ S&P 500-ը շաբաթվա կտրվածքով աճել է 4.53%-ով, Nasdaq Composite-ը՝ 6.84%-ով, իսկ Dow Jones Industrial Average-ը՝ 3.2%-ով։ Անցյալ շաբաթվա ռեկորդային աճից հետո, սակայն, երկուշաբթի ԱՄՆ ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները փոքր-ինչ նվազել են՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճի պատճառով վտանգված հրադադարի ֆոնին։

Եվրոպական ֆոնդային շուկաները ևս զգալի աճ են գրանցել Մերձավոր Արևելքից եկող դրական լուրերի ֆոնին։ Համաեվրոպական STOXX Europe 600 ինդեքսը մեկ շաբաթում աճել է 1.6%-ով և գրանցել չորրորդ անընդմեջ շաբաթական աճը՝ մոտենալով հակամարտությունից առաջ ունեցած մակարդակներին։ Արդեն երկուշաբթի ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի կայունության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին Եվրոպական ֆոնդային շուկաները կրկին նվազել են։ Առավոտյան STOXX Europe 600-ը 1.1% անկում է գրանցել։

Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության սրումն ազդել է նաև նավթի գների վրա։ Երկուշաբթի Brent crude-ի գինն աճել է մոտ 6%-ով՝ հասնելով $95.85-ի։ Մինչդեռ նախորդ շաբաթ նավթի գների կտրուկ անկում էր գրանցվել, ինչը  նույնպես նպաստել էր շուկաների աճին՝ մեղմելով գնաճային ճնշումների շուրջ մտահոգությունները։

Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը մինչև ապրիլի 15-ն ընկած շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անընդմեջ ներհոսքն են գրանցել։ Սա պայմանավորված էր դրական կորպորատիվ արդյունքներով և Իրանի հակամարտության հնարավոր արագ հանգուցալուծման շուրջ անցած շաբաթվա լավատեսությամբ։ Ներդրողները բաժնետոմսերի գլոբալ ֆոնդեր են ուղղել շուրջ $31.26 մլրդ, ինչն ամենախոշոր շաբաթական ներհոսքն է մարտի վերջից ի վեր։ 

Ամերիկյան ֆոնդերը ներգրավել են $21.25 մլրդ, եվրոպականները՝ $9.38 մլրդ, մինչդեռ ասիական ֆոնդերից գրանցվել է $2.06 մլրդ արտահոսք։ Ամենամեծ ներհոսքը գրանցել են տեխնոլոգիական, արդյունաբերական և հանքարդյունաբերական ոլորտները։ Պարտատոմսերի ֆոնդերում ներհոսքերը նվազել են՝ հասնելով $7.59 մլրդ, մինչդեռ կարճաժամկետ պարտատոմսերի ֆոնդերից արձանագրվել է արտահոսք։ Դրամական շուկայի ֆոնդերը ևս գրանցել են զգալի՝ $173.24 մլրդ արտահոսք, ինչը վկայում է, որ ներդրողները տեղափոխում են միջոցները դեպի ավելի բարձր ռիսկային ակտիվներ։

Շաբաթվա հաջողված ռեբրենդինգը Allbirds ընկերությանն է, որի բաժնետոմսերը 435% աճել են գրանցել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է բիզնեսի ուղղությունը փոխելու մասին։ Կոշիկներ արտադրող ընկերությունը այսուհետեւ կզբաղվի  արհեստական բանականության ենթակառուցվածքների մշակմամբ եւ հետագայում կվերանվանվի «NewBird AI»։ 

Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ավտոմեքենաների վարձույթի ծառայություններ մատուցող Avis Budget Group, Inc.–ը (CAR)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 64.65%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $493.86)։ Հաջորդը քվանտային հաշվարկների ոլորտում գործող IonQ, Inc.–ն (IONQ) է՝ 60.09% աճով ($46.09)։ Եռյակը եզրափակում է կենսատեխնոլոգիական ընկերություն Revolution Medicines, Inc.–ը (RVMD)՝ 54.13% աճով ($148.63)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է հեղուկացված բնական գազի (LNG) արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող Venture Global, Inc.–ը (VG), որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 11.64%–ով ($11.46)։ Հաջորդը ալյումինի արտադրությամբ զբաղվող Alcoa Corporation–ն (AA) է՝ 10.15% անկումով ($65.62)։ Եռյակը եզրափակում է քիմիական արդյունաբերության ոլորտում գործող LyondellBasell Industries N.V.–ը (LYB)՝ 10.11% անկումով ($66.27)։

ԱՄՆ արդյունաբերական արտադրությունը երկու ամսվա անընդմեջ  աճից հետո մարտին անսպասելի նվազել է, ինչը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների և մի շարք այլ ապրանքների արտադրության կրճատմամբ։ Դաշնային պահուստային համակարգի տվյալներով՝ արտադրությունը նվազել է 0.1%-ով։ Չնայած ամսական անկմանը, տարեկան կտրվածքով արտադրության ոլորտը փոքր աճ է գրանցել, իսկ առաջին եռամսյակի ցուցանիշները ցույց են տալիս որոշակի վերականգնում։ 

ԱՄՆ ներմուծման գները մարտին աճել են սպասվածից ավելի դանդաղ՝ 0.8%-ով, սակայն ընդհանուր միտումը շարունակում է վկայել ներմուծվող ապրանքների գնաճի տեմպի արագացման մասին։ Չնայած թույլ ամսական աճին, տնտեսագետները նշում են, որ նավթի գների կտրուկ աճը ամբողջությամբ դեռ չի արտացոլվել տվյալների մեջ և, հավանաբար, կարտացոլվի ապրիլ ամսվա հաշվետվություններում։ Տարեկան կտրվածքով ներմուծման գները աճել են 2.1%-ով՝ գրանցելով ամենաբարձր աճը 2024-ից ի վեր։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ Եվրագոտու տնտեսական աճը 2026-ին կդանդաղի, իսկ գնաճը կաճի՝ նույնիսկ այն դեպքում, եթե Իրանի հետ կապված հակամարտության ազդեցությունը տարվա կեսին մեղմանա։ Համաձայն գնահատականների՝ աճը կնվազի մինչև 1.1%, քանի որ էներգակիրների բարձր գները շարունակում են ճնշել տնտեսությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ եվրագոտին մեծապես կախված է ներմուծվող էներգիայից։ Այս պայմաններում սպասվում է, որ ԵԿԲ-ն 2026-ի ընթացքում կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը մոտ 50 բազիսային կետով՝ զսպելու գնաճային ճնշումները։

2026 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027թ. փետրվարի 1–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 11,75 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.8 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 6.8 տոկոս: