Հարևան երկրների հետ սահմանների բացումը կարող է արմատապես փոխել Հայաստանի դերը տարածաշրջանային լոգիստիկայում՝ ապահովելով ինտեգրումը Ասիայի և Եվրոպայի միջև միջազգային տրանսպորտային և առևտրային միջանցքներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Doing Digital Forum 2026-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այս համատեքստում դիտարկվում են նաև կոնկրետ ենթակառուցվածքային լուծումներ։ «Հարևան երկրների հետ սահմանների բացումը թույլ կտա Հայաստանը ինտեգրել Չինաստանը և Եվրոպան միացնող տրանսպորտային և առևտրային միջանցքներին»,- նշել է նա՝ հավելելով, որ հեռանկարային նախագծերի թվում քննարկվում է Երևան-Նախիջևան երթուղին։ Նման նախաձեռնությունների իրականացումը, ինչպես ընդգծել է ՊԵԿ նախագահը, թույլ կտա ոչ միայն վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, այլև բարձրացնել բեռնահոսքերի փոխկապակցվածությունը, այդ թվում՝ ավտոմոբիլային փոխադրումներից երկաթուղայինի անցնելու հաշվին։
Միևնույն ժամանակ, Հակոբյանը մատնանշել է մաքսային համակարգի խորը արդիականացման անհրաժեշտությունը։ Ապրանքների աճող հոսքերի պայմաններում առաջնահերթություն է դառնում գործընթացների թվայնացումը և փաստաթղթերի մշակման ժամանակի կրճատումը։ Նա խոստովանել է, որ գործող համակարգը բախվում է մի շարք համակարգային խնդիրների. մասնավորապես՝ աշխատակիցները ստիպված են միաժամանակ աշխատել մոտ 20 տարբեր էլեկտրոնային հարթակների հետ՝ բեռնա և ուղևորափոխադրումների տվյալների մշակման համար։ Բացի այդ, ըստ նրա, պահանջվում է զարգացնել ռիսկերի կառավարման մեխանիզմները, որոնք թույլ կտան առանձին գործարքները վերլուծել անհատապես, այլ ոչ միայն կուտակված վիճակագրության հիման վրա։
Կոմիտեի ղեկավարը նշել է, որ գործող գործիքները, ինչպիսիք են «մեկ պատուհանի» համակարգը, էլեկտրոնային հայտարարագրերը և տրանսպորտային միջոցների հսկողությունը, ընդհանուր առմամբ համապատասխանում են ռիսկերի կառավարման հայեցակարգին։ Միևնույն ժամանակ, սմարթ-լուծումների ներդրումը պետք է այս համակարգը նոր մակարդակի բարձրացնի։ «Սմարթ» մաքսային համակարգերի ներդրմամբ մենք կկարողանանք ռիսկերի գծային կառավարումից անցնել արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա հիմնված մոդելների»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ նման մոտեցումները թույլ են տալիս իրականացնել տնտեսական պրոֆիլների համալիր վերլուծություն և օգտագործել բաց աղբյուրներից ստացված տվյալները։
Հակոբյանը նաև հայտնել է, որ ներկայումս մշակվում է միասնական էլեկտրոնային հարթակ, որը կմիավորի բոլոր ցամաքային անցակետերի կառավարումը։ Նրա խոսքով՝ համակարգը ոչ միայն կհամախմբի տվյալները, այլև կապահովի դրանց ինտեգրումը այլ երկրների բազաների հետ։ Զուգահեռաբար նախատեսվում է ներդնել բեռների կառավարման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա դրանց մասին տեղեկատվություն ստանալ մինչև սահմանին հասնելը։
Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ իրականացվել են մի շարք գործնական լուծումներ. մասնավորապես՝ գործարկվել է բեռնատարների հերթերի կառավարման թվային համակարգը, որը նպատակ ունի էապես կրճատել սահմանին սպասման ժամանակը։ Մոտակա ծրագրերում են տրանսպորտի ավտոմատ կշռման տեխնոլոգիաների ներդրումը՝ առանց կանգառի, ինչպես նաև արհեստական բանականության տարրերով ժամանակակից ռենտգենյան համակարգերի կիրառումը՝ անհպում հսկողության և ռիսկերի ավտոմատ հայտնաբերման համար։
Բացի այդ, նախատեսվում է ներդնել հետագծման սմարթ-համակարգեր, որոնք կապահովեն տրանսպորտային միջոցների թվային մոնիթորինգը իրական ժամանակում երկրի ողջ տարածքում։ Ինչպես ընդգծել է Հակոբյանը, նման լուծումները թույլ կտան նվազագույնի հասցնել ֆիզիկական միջամտությունը, արագացնել ապրանքների բացթողման ընթացակարգերը և ապահովել սպասարկման ավելի բարձր մակարդակ անդրսահմանային փոխադրումների բոլոր մասնակիցների համար:






