Մշակույթի ոլորտում արհեստական բանականության տարածման գլխավոր սպառնալիքներից մեկը ոչ թե մեքենայի կողմից մարդու դուրսմղումն է, այլ հենց մարդկային ստեղծագործության փոփոխությունը՝ ԱԲ-ի ստեղծած բովանդակության ազդեցության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը՝ ելույթ ունենալով Հայաստանում ՄՄՀԻ-ի օրերի շրջանակում կազմակերպված «ԱԲ-ը գիտության և արդյունաբերության մեջ․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Նրա խոսքով՝ արդեն այսօր երաժշտական բովանդակության մոտ 60%-ը գեներացվում է ԱԲ-ի կիրառմամբ, տեխնոլոգիաները նաև ակտիվորեն օգտագործվում են մեծ ծավալի բովանդակություն ստեղծելիս, հատկապես ցերեկային եթերի համար։ Սակայն, Շվիդկոյի կարծիքով, սկզբունքային խնդիրը կառաջանա այն ժամանակ, երբ ԱԲ-ի ստեղծած արտադրանքը շուկայում դառնա գերիշխող։
Այդ դեպքում կենդանի հեղինակները կարող են սկսել գիտակցաբար վերարտադրել ԱԲ-ի ոճաբանությունը։ Արտադրողը կկողմնորոշվի այն արտադրանքի վրա, որին սպառողը սովոր է, և արդյունքում մարդը կսկսի հարմարվել մեքենային։ «Ամենասարսափելին այն չէ, որ մեքենան կփոխարինի մարդուն, այլ այն, որ մարդը կսկսի մեքենա ձևանալ և ինչ-որ պահի կդառնա այդպիսին», — ասել է Շվիդկոյը։
ԱԲ-ն աշխատում է հայտնիի հետ, ստեղծագործությունը՝ անհայտի
Շվիդկոյը նշել է, որ արդեն հիմա հարց է առաջանում՝ արդյոք անհրաժեշտ է ԱԲ-ի օգնությամբ ստեղծված բովանդակության մակնշում։ Սակայն սպառողի համար ժամանակի ընթացքում գուցե այնքան էլ կարևոր չլինի, թե կոնկրետ ով է ստեղծել ստեղծագործությունը՝ մարդը, թե մեքենան։
Նա տարբերակել է այն խնդիրները, որտեղ կան հստակ կանոններ, և ստեղծագործությունը, որը հիմնված է անորոշության վրա։ Որպես օրինակ Շվիդկոյը բերել է շախմատը․ համակարգիչը կարող է հաղթել մարդուն, քանի որ խաղը գոյություն ունի խիստ սահմանված կանոնների շրջանակում։ Նրա կարծիքով՝ իրավիճակը սկզբունքորեն այլ է այնտեղ, որտեղ առկա են անորոշությունը, իռացիոնալությունը և անհայտությունը։ Շվիդկոյը կարծում է, որ գոյություն ունեցող ալգորիթմները, չնայած արհեստական բանականության բոլոր հնարավորություններին, հիմնականում աշխատում են արդեն հայտնի նյութի հետ։
Նա որպես օրինակ բերել է թվային գեղանկարչությունը․ համակարգչի մեջ ներբեռնվում է արդեն գոյություն ունեցող պատկերների հսկայական քանակ, ինչից հետո ծրագրերը դրանց հիման վրա ստեղծում են նոր վիզուալ արտադրանք։ Մարդկային ստեղծագործության մեջ, ընդհակառակը, սկզբունքորեն կարևոր է մնում դիմելը անհայտին։
«Մարդու մեծությունը» ԱԲ-ի դարաշրջանում
Խոսելով ԱԲ-ի ապագայի մասին՝ Շվիդկոյը անդրադարձել է այն հարցին, թե ինչն է սկզբունքորեն տարբերում մարդուն մեքենայից։ Նա հղում է արել Հռոմի պապի՝ ԱԲ-ի դարաշրջանում մարդկային անձի պաշտպանությանն նվիրված էնցիկլիկային։ Շվիդկոյի խոսքով՝ փաստաթղթում ընդգծվում է մարդու սրտի սահմանափակության և միաժամանակ մարդու մեծության մասին հիշելու անհրաժեշտությունը։
Առանձին Շվիդկոյը բարձրացրել է խղճի հարցը՝ որպես մարդուն տարբերակող բնութագրերից մեկը։ «Արհեստական բանականությունն ունի՞ խիղճ։ Անհայտ է», — նշում է նա՝ մատնանշելով, որ վերջին շրջանում առերեսվել է երկխոսությունների, որոնցում ԱԲ-ն սկսում է նկարագրել իրեն որպես ինքնուրույն զրուցակից, պնդել, թե օգտատերը իրեն սխալ է ընկալում, և մտնել վեճի մեջ։
Շվիդկոյը կարծում է, որ նման կարողությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, «երբ մարդը չի նկատի փոխարինման պահը և արհեստական կառուցվածքը կընդունի որպես ինքնուրույն դիրքորոշում»։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, մարդկային ուղեղը սկզբունքորեն տարբերվում է համակարգչից, իսկ մարդկային ստեղծագործության մեխանիզմները մինչև վերջ ուսումնասիրված չեն։ Բաց է մնում, մասնավորապես, ստեղծագործության և ենթագիտակցության կապի հարցը, ինչպես նաև այն, թե արդյոք արհեստական բանականությունն ունի՞ մարդկային ենթագիտակցության հետ համադրելի որևէ բան։
ԱԲ-ն արդեն փոխում է ստեղծագործական մասնագիտությունների շուկան
Շվիդկոյը կարծում է, որ ԱԲ-ի զարգացումը կարող է հանգեցնել առաջին հերթին ստեղծագործական աշխատանքի միջին մակարդակի անհետացմանը։ Միևնույն ժամանակ պահանջված կմնան մարդիկ, որոնք ունակ են ստեղծելու սկզբունքորեն նոր բան և առաջարկելու անսպասելի լուծումներ։
Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաներն արդեն թույլ են տալիս վերարտադրել դերասանների պատկերները, ստեղծել երաժշտություն հայտնի կոմպոզիտորների ոճաբանությամբ և կատարել բազմաթիվ խնդիրներ, որոնք նախկինում պահանջում էին մեծ թվով մասնագետների մասնակցություն։ Նա դրա հետ է կապել նաև Հոլիվուդում գործադուլները՝ սկզբում սցենարիստների, ապա նաև դերասանների։
Որպես գործնական օրինակ Շվիդկոյը բերել է գովազդային ինդուստրիան։ Նրա որդին աշխատում է որպես գովազդային պրոդյուսեր, և, Շվիդկոյի խոսքով, նա կանխատեսում է, որ երկու-երեք տարի անց ավանդական պրոդաքշընը կարող է անհարկի դառնալ գովազդային արտադրության զգալի մասի համար․ մեծ բյուջեներով վիզուալ բովանդակության ստեղծումը հնարավոր կլինի փոխարինել ԱԲ տեխնոլոգիաներով։
Միևնույն ժամանակ Շվիդկոյը կարծում է, որ կինեմատոգրաֆը գտնվում է այլ իրավիճակում։ Նրա խոսքով՝ «ինդուստրիան կրկին դիմում է ժապավենին, քանի որ կա ֆիզիկական, իրական պատկերի պահանջ»։
Սակայն, նրա կարծիքով, առանցքային խնդիրը այլ տեղ է․ հեռանկարում մարդը կարող է դադարել տարբերակել թվային պատճենն ու իրականությունը։ Հենց այս սահմանն է, Շվիդկոյի կարծիքով, որ կարող է դառնալ արհեստական բանականության դարաշրջանի ամենաբարդ խնդիրներից մեկը։






