Չնայած տարածքով, բնակչությամբ փոքր, տնտեսական ցուցանիշներով շատ թույլ երկիր ենք, բայց պարզվում է գիտությունը կապ չունի չափերի հետ և աստղագիտության բնագավառում տարածաշրջանի առաջատարն ենք։
Զրույց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։
Հայաստանը աստղագիտական քարտեզի վրա
Աշխարհում կա 700 աստղադիտարան։ 200 պետությունից, ընդամենը 73 երկիր ունի աստղադիտարան։ Մոտ 2000 աստղագետ կա աշխարհում, դրան գումարած ֆիզիկոսներ, որոնք զբաղվում են աստղագիտական թեմաներով։ Միջազգային աստղադիտական միությունը 87 անդամ երկիր ունի, որից մեկը Հայաստանն է և այս միությունում ունի 25 անդամ։ Միջազգային աստղագիտական միությունը ստեղծել է 11 տարածաշրջանային միություններ, որոնք համակարգում են աստղագիտությունը, և այդ տարածաշրջանային միություններից մեկը մենք ենք։ Մենք համակարգում ենք Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը։ Եվ նույնիսկ Թուրքիան է մտնում այդ միության մեջ։ Ես մեկ-մեկ կատակով ասում եմ, որ Թուրքիան ենթարկվում է Հայաստանին աստղագիտության բնագավառում։
Միջին աստղադիտակներ՝ երեքից-չորս մետրանոց, երեսուն հատ կա աշխարհում, երկուսից-երեք մետրանոց՝ 70 հատ, որի մեջ մտնում է նաև Բյուրականի աստղադիտակը, որը 48-րդն է աշխարհում, բայց, երբ այն տեղադրվեց 1975 թվականին՝ յոթերորդն էր։
Վիրտուալ աստղադիրաններ հիմա գոյություն ունեն, որոնք օնլայն մեծ համակարգեր են ստեղծել։ Ընդամենը 20 պետություն կա, որ նման աստղադիտարան ունի, որից մեկը Հայաստանն է։ Կա 91 աստղագիտական ամսագիր, որից երկուսը Հայաստանում է հրատարակվում։ Միջազգային միության գիտաժողովներից յոթը անցկացվել են Հայաստանում։ Սա շատ մեծ թիվ է։ Հայկական անվանումներով առնվազն 14500 տիեզերական օբյեկտներ կան։ Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է առնվազն 23 երկրի հետ: Համագործակցությունը հատկապես արդյունավետ է Ֆրանսիայի գործընկերների հետ: Սերտ համագործակցում ենք նաև Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ:
Եթե մեր պաշտոնյաները, սովորաբար գործուղում են գնում պետական բյուջեի միջոցներով, ապա հայ աստղագետների մասնակցությունը գիտաժողովներում, տարբեր ծրագրերում այնքան են կարևորում մեր արտասահմանյան գործընկերները, որ հիմնականում իրենք են ֆինանսավորում։ Բյուրականի աստղադիտարանի հեղինակությունն այնքան բարձր է, որ անգամ նոբելյան մրցանակակիրները առանց որևէ հոնորար ակնկալելու, իրենց միջոցներով են գալիս մեր գիտաժողովներում զեկույց կարդալու։ Սա ես հպարտությամբ եմ ասում։
Այս ամենը ցուցանիշ է, որ աշխարհը մեզ ճանաչում է որպես աստղագիտական կարևոր երկիր։
Եթե կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, շատ շուտով կպարզվի, որ Հայաստանը բոլորովին էլ առաջատար չէ տարածաշրջանում
Մեր տարածաշրջանում հիմա շատ ուժեղ մրցակցություն է սկսվել հարևան երկրների կողմից։ Մինչև հիմա Հայաստանը բացարձակ առաջատար էր, բայց պարզվեց, որ թե Վրաստանը, թե Իրանն ու Թուրքիան, անգամ Ադրբեջանը սկսել են հետաքրքրություն ցուցաբերել և մեծ ներդրումներ են կատարում այս բնագավառում։ Օրինակ, եթե մեր դիտակն ամենախոշորն էր, հիմա Թուրքիան չորս մետրանոց դիտակ է տեղադրել, Իրանը երեք ու վեց մետրանոց։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նախագահը հատուկ հոգածության տակ է վերցրել իրենց աստղադիտարանը։ Վրաստանի կառավարությունը տաս մլն․ դոլար է հատկացրել աստղադիտարանի զարգացման ծրագրերի համար։ Մինչդեռ Բյուրականի աստղադիտարանի տարեկան բյուջեն 255մլն դրամ է։ Նոր թվային սարքերը շատ թանկ են, իսկ հները հնարավորություն չեն տալիս ավելի էֆեկտիվ աշխատել, մրցակցել։ Ընթացիկ սպասարկման համար գումարներ են պետք։ Սարքերը սպասարկող որակյալ ինժեներ պահելու համար ևս մեծ գումարներ են պետք։ Եթե աստղագետները հերոսաբար աշխատում են մինիմալ աշխատավարձով, քանի որ իրենց մասնագիտությամբ միայն այստեղ կարող են աշխատել, ապա ինժեներները միշտ այլընտրանք ունեն։ Եթե կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, շատ շուտով կպարզվի, որ Հայաստանը բոլորովին էլ առաջատար չէ տարածաշրջանում։
Մենք բարձրաձայնել ենք, գրություն ենք ուղարկել կառավարություն, նույնիսկ գրություն ենք ուղարկել աստղադիտարանի 80-ամյակի միջոցառումների ֆինանսավորման համար, սակայն, ցավոք, պատասխանը մեկն է՝ գումար չկա։ Իհարկե գումար չունենալը հարաբերական հասկացողություն է։ Այստեղ կարևորելու հարցն է, թե ինչ առաջնահերթություն պետք է լինի։ Եթե Բյուրականի աստղադիտարանը ազգային արժեք է ճանաչվել, ինչպես է հնարավոր 80-ամյակի միջոցառումները չֆինանսավորել։
Եթե ակադեմիական քաղաքի ծրագիրը իրականանա, առնվազն մեկ տարի խառնաշփոթ է լինելու
Մեծ իրարանցում է սկսվել ակադեմիական քաղաքի հետ կապված։ Ես հիմա նույնիսկ չեմ ցանկանում դիտարկել դրա լավ ու վատ կողմերը, բայց փաստն այն է, որ իրարանցում է։ Մեր դեպքում դեռ որևէ բան չեն ասում, միգուցե ազգային արժեքներին ձեռք չտան, և ընդհանրապես ինչպես կարող է Բյուրականի աստղադիրանը վերցնեն տեղափոխեն ակադեմիական քաղաք, բայց մյուս հիմնարկների համար ես շատ անհանգիստ եմ, որովհետև եթե այս ծրագիրը իրականանա, առնվազն մեկ տարի խառնաշփոթ է լինելու, իսկ մեկ տարին բավական է, որ գիտնականների զգալի մասը թողնի հեռանա և գիտական մակարդակը չհաջողվի վերականգնել։ Նման հարցերում շատ զգույշ պետք է լինել, նույնիսկ, եթե թվա, որ դրական նախագիծ է։ Նայում են արտասահմանյան փորձին, դիտարկում կամպուսների օրինակները, բայց այդ կամպուսները զրոյից են հիմնադրվել ու աստիճանաբար զարգացրել, ոչ թե արդեն գործող կառույցն են վերցրել ու արհեստականորեն տեղափոխել։
Ռուզաննա Մկրտչյան






