Մարդկությունը միշտ էլ տվել է այն հարցը՝ արդյոք մենք միայնա՞կ ենք Տիեզերքում։ Եթե ոչ, ապա ինչպիսի՞ տեսք ունի բանական կյանքը և ինչպե՞ս հաղորդակցվել նրա հետ։ Աստղերի միջև հեռավորությունները հսկայական են. մինչև ամենամոտ աստղը (Պրոքսիմա Կենտավրոս) 4,4 լուսատարի է, իսկ լիարժեք երկխոսությունը տասնամյակներ կտևի։ Նման պայմաններում լեզուն պետք է լինի համընդհանուր։ Եվ այստեղ օգնության է հասնում… մեղուն։
Մաթեմատիկան որպես համընդհանուր լեզու
Այն գաղափարը, որ մաթեմատիկան Տիեզերքի լեզուն է, նոր չէ։ Դեռ Գալիլեյն ասում էր, որ բնության գիրքը գրված է մաթեմատիկայի լեզվով։ Գիտական ֆանտաստիկայում սա նույնպես տարածված հնարք է. Կարլ Սագանի «Կոնտակտ»-ում այլմոլորակայինները հաղորդակցությունն սկսում են պարզ թվերի հաջորդականությամբ, Լյու Ցիսինի «Երեք մարմնի խնդիրը» գրքում՝ մաթեմատիկական հանելուկներով, իսկ Թեդ Չանի «Այցելությունը» պատմվածքում՝ ոչ գծային մաթեմատիկայով։
Միջաստղային կապի իրական փորձերը նույնպես հիմնված են թվերի վրա։ «Վոյաջերների» վրա տեղադրված «Ոսկե ձայնապնակները» պարունակում են մաթեմատիկական և ֆիզիկական հաստատուններ։ 1974 թվականի Աուրեսիբոյի հաղորդագրությունը 1679 բիթ է, որոնք դասավորված են 1-ից 10 թվերի և ԴՆԹ-ի տարրերի ատոմային համարների տեսքով։ 2022 թվականին նույնիսկ մշակվեց երկուական լեզու՝ այլմոլորակայիններին մարդու մաթեմատիկային, քիմիային և կենսաբանությանը ծանոթացնելու համար։
Բայց ինչպե՞ս ստուգել լեզվի համընդհանուր լինելը՝ առանց այլմոլորակայինների։ Պատասխանն անսպասելիորեն պարզ է՝ մեղուները։
Մեղուները որպես «այլմոլորակայիններ» Երկրի վրա
Մեղուների և մարդու նախնիները բաժանվել են ավելի քան 600 միլիոն տարի առաջ։ Մենք ունենք լիովին տարբեր ուղեղներ, մարմնի չափսեր և զգայարաններ։ Այնուամենայնիվ, էվոլյուցիայի երկու ճյուղերն էլ իրարից անկախ զարգացրել են բարդ հաղորդակցություն և սոցիալական կառուցվածք։
Մեղուները օգտագործում են «պարը»՝ ճշգրիտ հաղորդելու հեռավորությունը, ուղղությունը, Արեգակի նկատմամբ անկյունը և սննդի աղբյուրի որակը։ Մարդն օգտագործում է լեզուն։ Երկու համակարգերն էլ աշխատում են բարդ հասարակություններում։ Մեղուները «այլմոլորակայինի» կատարյալ մոդել են Երկրի վրա՝ բանական արարածներ՝ ինտելեկտի այլ տեսակով։
Մեղուները գիտեն հաշվել
2016-ից 2024 թվականներին SETI ինստիտուտի և այլ կենտրոնների գիտնականները փորձեր են անցկացրել ազատ թռչող մեղուների հետ։ Նրանք սովորել են պարզագույն մաթեմատիկա.
- Մեկ միավորի գումարում և հանում,
- Զույգ և կենտ քանակների տարբերակում,
- Թվերի դասավորում ըստ կարգի,
- Զրոյի ըմբռնում,
- Խորհրդանիշների կապը քանակի հետ (արաբական և հռոմեական թվերի անալոգով)։
Չնայած փոքրիկ ուղեղին՝ մեղուները ցուցադրել են վերացական մտածողության և թվերի հետ աշխատելու ունակություն։ Սա նշանակում է, որ նույնիսկ ուղեղի արմատապես տարբեր կառուցվածք ունեցող տեսակները կարող են տիրապետել հիմնարար մաթեմատիկային։
Եզրակացություններ SETI-ի համար
Եթե էվոլյուցիոն առումով 600 միլիոն տարով հեռացված երկու տեսակները (մարդը և մեղուն) ընդունակ են մաթեմատիկայի, ապա, հավանաբար, Տիեզերքի բանական արարածները նույնպես այդպիսին են։ Սա թվերը և պարզ մաթեմատիկական գործողությունները դարձնում է առաջին կոնտակտի համար ամենահուսալի համընդհանուր լեզուն։
Կարճ ասած
SETI ինստիտուտի գիտնականներն առաջարկում են մեղուներին օգտագործել որպես արտերկրային բանականության մոդել՝ միջաստղային կապի մշակման համար։ Չնայած հսկայական էվոլյուցիոն տարածությանը՝ և՛ մարդիկ, և՛ մեղուները կարողանում են հաշվել, տարբերել զույգն ու կենտը և հասկանալ զրոյի գաղափարը։ Սա հաստատում է հիպոթեզը, որ մաթեմատիկան Տիեզերքի համընդհանուր լեզուն է։






