Կրակ, ծուխ, եռացող հեղուկներ, բրածո կենդանիներ, վտանգավոր մակաբույծներ, հնագիտական գտածոներ ու նորագույն սարքավորումներ։ Լրացված իրականաության ակնոցներ, որոնք տեղափոխում են գիտական լաբորատորիա կամ հանքավայր՝ դրանց աշխատանքին հեռահար ծանոթանալու համար։ Սեփական ձեռքերով գիտափորձեր կատարելու և գիտական միջավայրում հայտնվելու հնարավորություն։

Ազատության հրապարակում  Գիտության շաբաթ Հայաստան նախագծի շրջանակում մեկնարկել է գիտության փառատոնը.

«Գիտության շաբաթ Հայաստան նախագիծը բաղկացած է երկու մասից, Գիտության շաբաթվա փառատոնից, որը տեղի է ունենում Ազատության հրապարակում, այս տարի սեպտեմբերի 30-ն ից հոկտեմբերի հինգն է լինելու, ժամը երեքից մինչեւ երեկոյան ժամը ինը։ Ունի երեք թեմատիկ բաժանում, այսօր «Զարգացնել գիտությամբ» թեմատիկ բաժանումն է, որտեղ գիտական ինստիտուտները, գիտական խմբերը ներկայացնում են, թե ինչու է կարևոր գիտությունը Հայաստանի Հանրապետության համար, ինչ գիտական խնդիրներ են իրենք լուծում, ինչ դեր ունի գիտությունը ընդհանրապես պետության տեսանկյունից և ինչ գիտություն է արվում Հայաստանի Հանրապետությունում», – ասում է «Գիտուժ» նախաձեռնության համակարգող  Լիլիթ Մարգարյանը։

Հոկտեմբերի երկուսին և երեքին փառատոնի թեմատիկան է «Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ»։ Տարբեր համալսարաններ, լաբորատորիաներ, կրթական ու նորարարական կազմակերպություններ կանցկացնեն մասնագիտական կողմնորոշման օրեր։

Հետաքրքիր անակնկալներ են սպասվում հոկտեմբերի չորսին և հինգին. «Ընդլայնելով երևակայությունը» խորագրի ներքո կմիավորվեն գիտական ֆանտաստիկան և արվեստը։

«Գիտության շաբաթ. Հայաստան» նախագծի երկրորդ մասը՝ ապակենտրոնացված միջոցառումներն են, որոնց թվում են ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի մասին «Բարև, ես եմ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև հայերեն թարգմանությամբ «Երեք մարմինների խնդիրը» գրքի առաջին մասի շնորհանդեսը։

Ապակենտրոնացված միջոցառումներ տեղի կունենան տարբեր ինստիտուտներում, թանգարաններում, ինչպես նաև հանրապետության բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում։

«Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը` Ամերիաբանկը:

Մանրամասները՝ տեսանյութում։