Ֆինանսների աշխարհը սովորական կանոնները վերաձևավորող տեխնոլոգիական զարգացումների ազդեցության տակ սրընթաց փոխվում է։ Փողը, որը դարեր շարունակ ծառայել է որպես փոխանակման պարզ միջոց, այսօր վերածվում է տնտեսական և սոցիալական գործընթացները փոխելու ունակ բարդ թվային գործիքի։ Ապրանքափոխանակումից (բարտերից) մինչև կրիպտոարժույթներ՝ այս ճանապարհորդությունը լի է դասերով և հնարավորություններով։ «Armenian Card» (Arca) ընկերության վերահսկիչ խորհրդի անդամ Արա Աբրահամյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում հաղորդակից է դրաձրել իր տեսակետներին, թե որտեղ ենք մենք այս զարգացման փուլում, ինչ է անհրաժեշտ հետագա առաջընթացի համար և ինչպես են կրիպտոարժույթներն ազդում գլոբալ ուժերի հավասարակշռության վրա։

Բարտերից մինչև կրիպտոարժույթներ. Ինչի՞ վրա է հիմնված կրիպտոարժույթների գաղափարը

Եթե բարտերը հենվում էր փոխադարձ պահանջմունքի, իսկ ֆիատային փողը՝ վստահության վրա, կրիպտոարժույթները հենվում են այլ հիմքի վրա։ Աբրահամյանը նշում է, որ դրանց էությունը կրիպտոալգորիթմների և բաշխված գրանցամատյանի (distributed ledger) մեջ է։ Այս տեխնոլոգիաները կեղծարարությունն անհնար են դարձնում տնտեսական և հաշվողական խոչընդոտների շնորհիվ, որոնք անհաղթահարելի են տեխնոլոգիական զարգացման ներկայիս մակարդակում։ Այստեղ կրիպտոարժույթի նկատմամբ վստահությունը որպես այդպիսին անհրաժեշտ չէ. այն փոխարինվում է ալգորիթմների հուսալիության նկատմամբ հավատով։ Հենց դա է, ըստ Աբրամյանի, կրիպտոարժույթները փողի պատմության մեջ եզակի երևույթ դարձնում։

Փողի պատմության դասերն՝ ապագայի համար

Փողի պատմությունը լի է դասերով, և հիմնական դասերից մեկն, Աբրահամյանի կարծիքով, փողի վրա իշխանությունը կենտրոնացնելու սպառնալիքն է։ Երբ «տպագրական մեքենան» կենտրոնացած է մեկ տարածաշրջանի կամ երկրների խմբի ձեռքում, այն այլափոխում է համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգը։ Դրա օրինակ կարող է լինել համաշխարհային տնտեսությունում դոլարի գերիշխանությունը։

Ըստ մասնագետի՝ եթե մենք ձգտում ենք ավելի արդար և բազմաբևեռ աշխարհի, պետք է աջակցենք մենաշնորհները ոչնչացնող տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ կրիպտոարժույթները։

Ինչպե՞ս կարելի է հասնել բազմաբևեռ ֆինանսական աշխարհի

Աբրահամյանի կարծիքով՝ տեխնոլոգիայի լայն տարածման միջոցով։ Որքան շատ մարդիկ հասանելիություն ունենան կրիպտոարժույթներին և դրանց առնչվող գործիքներին, այնքան կմոտենանք մեր նպատակին։ Ֆինանսական և տեխնոլոգիական համայնքների խնդիրն այդ հնարավորությունների ժողովրդավարացումն է։ Երբ օգտատերերի թիվը հասնի կրիտիկական զանգվածի, համակարգն անտեսելն անհնար կդառնա։

Կրիպտոարժույթների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության օրինակ է Դոնալդ Թրամփը։ Սկզբում նա մերժեց դրանք, բայց տարիներ անց կրիպտոարժույթներն անվանեց ռազմավարական ուղղություն՝ ներգրավելով Դեյվիդ Սաքսի նման խորհրդատուների։ Դա ցույց է տալիս, թե որքան արագ է ընկալումը զարգանում նույնիսկ ամենաբարձր մակարդակում։

Փող և իշխանություն. ինչպես են կրիպտոարժույթները փոխում հավասարակշռությունը

Մարդկության պատմության ընթացքում փողի էվոլյուցիան սերտորեն կապված է եղել իշխանության էվոլյուցիայի հետ։ Այսօր կրիպտոարժույթները մարտահրավեր են նետում ավանդական կառուցվածքներին. կրիպտոարժույթների ապակենտրոնացված բնույթը դրանք սպառնալիք է դարձնում այն կառավարությունների համար, որոնց իշխանությունը մեծապես կախված է դրամական զանգվածի նկատմամբ վերահսկողությունից։

Աբրահամյանի համոզմամբ՝ կրիպտոարժույթներն անվերահսկելի են՝ դրանք հնարավոր չէ զավթել, ճնշել կամ որպես ճնշման լծակ օգտագործել։ Այդ ամորֆ, բաշխված համակարգն անխոցելի է դառնում, ինչը կասկածի տակ է դնում վերահսկողության սովորական մեխանիզմները։

Իիսկ ինչպե՞ս են կառավարություններն արձագանքում այդ մարտահրավերին

Աբրահամյանի կարծիքով՝ մարդկությանը խոշոր ռազմավարական տեղաշարժեր են սպասվում։ Եթե նախկինում կրիպտոարժույթներն անտեսվում էին կամ աննշան էին համարվում, այժմ, երբ դրանց շուկայական կապիտալացումը տրիլիոնավոր դոլարներ է կազմում (համաշխարհային ակտիվների կապիտալացման 3-4%-ը), դա այլևս հնարավոր չէ։ Դրանց կարևորությունը մեծանում է, և կառավարությունները ստիպված են հարմարվել, ոչ թե սոսկ դիմադրություն ցույց տալ։

Որտե՞ղ ենք մենք փողի էվոլյուցիայի աղեղին

Եթե բարտերից մինչև կրիպտոարժույթներ ուղին որպես փողի էվոլյուցիայի աղեղ պատկերացնենք, մենք, Աբրահամյանի կարծիքով, դեռ չենք հասել դրա բարձունքին։ Լայն շրջանակներում կրիպտոարժույթների զանգվածային ադապտացում դեռևս տեղի չի ունեցել, բայց, ըստ մասնագետի, դա միայն ժամանակի հարց է։ Որոշ երկրներ, իհարկե, այդ հարցում վստահորեն առաջ են մյուսներից, մինչդեռ կան նաև այնպիսի երկրներ, որոնք պահպանողականության պատճառով հետ են մնում։

Հայաստանն, ըստ փորձագետի, մեջտեղում է և համաշխարհային միջին ցուցանիշից առանձնապես չի տարբերվում։ Նման վիճակը ՀՀ-ին հնարավորություն է ընձեռում դառնալ ավանգարդ շարժման մաս, թեև դրան հասնելու համար պետք է ճիշտ քայլեր ձեռնարկվեն։

Աբրահամյանը նշում է, որ կրիպտոարժույթների ինտեգրման հաջողության բանալին թաքնված է երեք պատվարների մեջ՝ զարգացած ֆինանսական հատված, տեխնոլոգիական և ճարտարագիտական տաղանդներ և իրավական բազա։ Հայաստանն արդեն իսկ ունի առաջին երկու գործոնները, ինչը ոլորտի զարգացման համար դրական նախադրյալներ է ստեղծում ։ Օրենսդրական ոլորտում նույնպես առաջին քայլերն են ձեռնարկվում, և հիմա միայն ժամանակ է պետք և օրենսդրության հետագա կատարելագործում, այդ դեպքում երկիրն ի վիճաակի կլինի մտնել կրիպտոարժույթների ինտեգրման աստիճանի առաջատարների խմբի մեջ։

Կրիպտոարժույթ և օրենսդրություն. կարգավորե՞լ, թե՞ չկարգավորել

Հայաստանում կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենսդրության վերջին փոփոխությունները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել ոլորտի փորձագետների շրջանում։ Աբրահամյանի կարծիքով՝ դա զարմանալի չէ. կրիպտո համայնքի համար իդեալական կարգավորումը դրա բացակայությունն է։

«Կրիպտոարժույթը և ապակենտրոնացված ֆինանսների աշխարհը (DeFi) ի սկզբանե կառուցվել են վերահսկողությունից զերծ գաղափարի վրա։ Դա լիբերտարիանական հայեցակարգ է, որտեղ ցանկացած միջամտություն ընկալվում է որպես սահմանափակում, ուստի նույնիսկ ամենաթույլ նորմերը հանդիպում են դիմադրության»,- նշել է փորձագետը։

Նա հավելել է, որ զարգացած երկրներում այսօր մոտեցումները տատանվում են լիակատար արգելքից մինչև խիստ շրջանակներ, և Հայաստանում ստեղծված իրավիճակը մեկ քայլ առաջ է այն երկրների համեմատ, որտեղ կրիպտոարժույթներն ընդհանուր առմամբ արգելված են։ Սակայն այն լիակատար ազատությունը, որի մասին երազում են էնտուզիաստները («արեք՝ ինչ ուզում եք»), շատ քիչ երկրներում է հանդիպում։