Արհեստական բանականությունն (ԱԲ) օրեցօր ավելի շատ է կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ռոբոտներ, վիրտուալ օգնականներ, լրացված և վիրտուալ իրականություն, ամպային ծառայություններ․ այն գրեթե ամենուր է։ Aimagazine պարբերականն առանձնացրել է ԱԲ ոլորտի հինգ առաջատար ընկերությունները 2022-ի տվյալներով։
1. IBM
IBM-ն ԱԲ ոլորտում առաջատար է դեռ 1950-ականներից։ Ընկերության հիմնական պրոդուկտը IBM Watson-ն է։ Այն ԱԲ-ի վրա հիմնված ճանաչողական ծառայություն է, ԱԲ ծրագրակազմ՝ որպես ծառայություն և ընդլայնվող համակարգեր, որոնք նախատեսված են ամպի վրա հիմնված վերլուծություններ և ԱԲ ծառայություններ մատուցելու համար: IBM-ի՝ բիզնեսի համար պատրաստ գործիքների, հավելվածների և լուծումների պորտֆոլիոն նախագծված է նվազեցնելու ԱԲ-ի ներդրման ծախսերն ու խոչընդոտները՝ միաժամանակ օպտիմալացնելով արդյունքները և ԱԲ-ի պատասխանատու օգտագործումը: Համաշխարհային բանկային հաստատությունների 70%-ն օգտագործում է Watson-ը, իսկ լավագույն 14 համակարգերի ինտեգրատորներից Watson օգտագործում են 13-ը:
2022թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության եկամուտը կազմել է 60.5 մլրդ դոլար։
2․ Meta Platforms
Meta Platforms-ը զարգացնում է ԱԲ լրացված և վիրտուալ իրականությունների տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի համար: Այն ունի մի քանի ԱԲ նախաձեռնություններ՝ սկսած ԱԲ-ից վիրտուալ իրականության միջավայրում բնականի մոտեցված փոխազդեցությունների համար մինչև ԱԲ դետեկտորներ վնասակար բովանդակության համար:
2004-ին հիմնադրված ընկերությունն ունի ԱԲ գործիքների հետ աշխատելու երկար փորձ՝ օգտագործելով տեխնոլոգիաներ մարդկանց, ապրանքները և բովանդակությունն իդենտիֆիկացնելու համար։ Meta-ն վերջերս հայտարարեց ԱԲ սուպերհամակարգչի մասին, որը կարող է աշխատել հարյուրավոր լեզուներով, զարգացնել լրացված իրականության գործիքներ և ճանապարհ հարթել դեպի մետավերս:
2022-ի համար ընկերության կանխատեսված եկամուտը կազմում է 30-32.5 մլրդ դոլար։
3. Salesforce
Salesforce-ը զարգացնում է ԱԲ-ն հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համար (CRM), այն աշխատում է իր Einstein ԱԲ շարժիչով: 1999 թ․ հիմնադրված ընկերությունը դարձել է CRM-ի գրեթե հոմանիշը և օգտագործում է ԱԲ-ն գրեթե բոլոր առաջադրանքների համար: 2016 թ․ այն գործարկեց Salesforce Einstein-ը որպես «արհեստական բանականություն բոլորի համար» և շարունակում է կառուցել տեխնոլոգիան՝ հաշվի առնելով էթիկական նկատառումները: 2021 թ․ Salesforce-ը ներկայացրեց իր AI Ethics մոդելը:
2022-ին ընկերության եկամուտը կազմել է 30.2 մլրդ դոլար։
4․ Amazon Web Services
Amazon Web Services ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում տվյալների մշակման ամպային ծառայությունների ոլորտում։ Ընկերությունն առաջարկում է ինչպես սպառողական, այնպես էլ բիզնեսի համար նախատեսված ԱԲ պրոդուկտներ և ծառայություններ, և իր մասնագիտական ԱԲ ծառայություններից շատերը հիմնված են սպառողական արտադրանքներում հասանելի ԱԲ ծառայությունների վրա:
Ընկերությանն է պատկանում Alexa վիրտուալ օգնականը, որն աշխատում է ԱԲ-ով: Amazon Web Services-ի արտադրանքներից է նաև Lex-ը, որն Alexa-ի բիզնես տարբերակն է։ Ընկերությունն ունի ԱԲ-ով աշխատող նաև այլ պրոդուկտներ, ինչպիսիք են օրինակ՝ Polly-ը որը տեքստը վերածում է խոսքի, և Recognition-ը, որը պատկերների ճանաչման ծառայություն է:
Ընկերությունն անցկացնում է AI նորարարության մրցույթ՝ մինչև 500,000 դոլար մրցանակներով:
2022թ․ 3-րդ եռամյակի տվյալներով՝ ընկերության եկամուտը կազմել է 20.5 մլրդ դոլար։
5. C3.ai
C3.ai-ը կորպորատիվ ԱԲ-ի աշխարհի առաջատար մատակարարն է: 2009-ին հիմնադրված ընկերությունը նպատակ ունի աջակցել և արագացնել թվային փոխակերպումը իր C3 AI Suite պրոդուկտով, որը ծայրից ծայր կոդավորված հարթակ է լայնածավալ ԱԲ հավելվածների մշակման, տեղակայման և շահագործման համար:
C3 AI Suite հարթակը համապարփակ ծառայություններ է տրամադրում ձեռնարկությունների մասշտաբով ԱԲ հավելվածներ ստեղծելու համար ավելի արդյունավետ և ծախսարդյունավետ է, քան այլընտրանքային մոտեցումները: Այն նաև աջակցում է արժեքի ստեղծման շղթան ցանկացած ոլորտում՝ նախապես կառուցված, կարգավորելի, բարձրարժեք ԱԲ հավելվածներով՝ հուսալիության ապահովման, խարդախության հայտնաբերման, սենսորային ցանցի աշխատունակության, մատակարարման ցանցի օպտիմալացման, էներգիայի կառավարման, փողերի լվացման դեմ պայքարի և հաճախորդների ներգրավման համար:
2022 թ․ ընկերության եկամուտը կազմել է 252.8 մլն դոլար։






