ՀՀ պետական համակարգում չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների պատվիրատուն, և սա լուրջ բաց է։ Այս մասին Ազգային ժողովում «Գիտության և տեխնոլոգիաների դերը Հայաստանի անվտանգության և տնտեսության զարգացման գործում» քննարկման ժամանակ ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։

ԳՀՓՄ պետպատվեր ձևավորող մարմնի անհրաժեշտություն

Նա նշեց, որ գիտությունը և տեխնոլոգիաները պետք է լինեն Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսական զարգացման գործիք, և հիշեցրեց, որ «Գիտուժ» նախաձեռնությունը 2021-ին ստեղծվել է հենց այս պարզ միտքը պետական քաղաքականության մաս դարձնելու նպատակով։ «Սակայն այն մինչ այսօր չի ընկալվում ամբողջությամբ, ու որպես հետևանք չի իրականացվում»,- ասաց նա։

Տիգրան Շահվերդյանը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում իրականացվել են «Գիտուժ»-ի մի քանի պահանջները՝ գիտության ֆինանսավորման ավելացում, տարբեր նոր ծրագրերի ներդրում, և այդ դրական գործընթացներն այսօր էլ շարունակվում են։ Նաև ձևավորվել է վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդը, տրվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրի մշակման մեկնարկը։

«Սակայն այս ամենն իրականացվում է պետական կարիքներից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ), նորարարությունների ռազմավարության բացակայության պայմաններում։ Անտեսվում է պետության ԳՀՓՄ պատվիրատուի դերը, ելնելով պետության մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից», – ասաց նա, հավելելով, որ գերատեսչություններն առանձին վերցրած չունեն բավարար լիազորություններ պետական ԳՀՓՄ պատվերի գործառույթն ամբողջապես իրականացնելու համար։ Այդ պատճառով նոր մարմինը պետք է լինի նախարարություններից դուրս, նաև պետք է պատասխանատու լինի ընդհանուր ռազմավարության մշակման համար կամ գուցե լինի դրա մասը։ Այդ մարմնի ձևը քննարկման ենթակա է։

««Գիտուժ»-ն առաջարկում է մի շարք կոնկրետ քայլեր. անհապաղ ձևավորել պետական ԳՀՓՄ պատվիրատու մարմին՝ հստակ լիազորություններով, մշակել պետական ԳՀՓՄ և նորարարության համապարփակ ռազմավարություն՝ ուղղված երկրի անվտանգային և տնտեսական մարտահրավերների լուծմանը։ Հաշվի առնելով, որ պետական ԳՀՓՄ պատվերի համակարգը դեռ ձևավորման փուլում է, պետական ԳՀՓՄ կատարողների համակարգի փոփոխություններն իրականացնել ավելի կշռադատված ձևով»,- ասաց նա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս տարի նախարարությունն արդեն իրականացրել է պետության պահանջարկի վրա հիմնված հետազոտությունների ֆինանսավորման ծրագիր։

«Մենք այս տարի այս ձևաչափով սկսեցինք աշխատել, պետական բոլոր մարմիններից հավաքելով այն խնդիրները, որոնց շուրջ իրենք կարևոր են համարում հետազոտությունը, տվյալների ստացումը, և այնուհետև ձևավորված հանձնաժողովի կողմից արդեն փորձ արվեց այդ ներկայացված խնդիրները ձևակերպել գիտական հետազոտության լեզվով»,- ասաց նա, հավելելով, որ այս աշխատանքը ցույց տվեց, որ կա կարողությունների լուրջ խնդիր, «որպեսզի կարողանանք հարցերն ու խնդիրները ճիշտ ձևակերպել, այնուհետև ընտրել, թե որոնք են առաջնահերթ և պետք է ընդգրկվեն պետական ծրագրերում»։

Նախարարի կարծիքով՝ պետությունն այդ ծրագրերն իրականացնելու համար ունի բոլոր անհրաժեշտ մեխանիզմները՝ եռամսյա միջնաժամկետ ծախսային ծրագրերը, ամեն տարվա բյուջետային հատկացումները և այն։

ԳԱԱ Ինստիտուտների կապիտալ վերանորոգում չի լինելու

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը խոսեց ինստիտուտների ենթակառուցվածքների պահպանման խնդիրներից։ Նա նշեց, որ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում այսօր թանկարժեք սարքավորումներ են գնվում, տարբեր ինստիտուտների լաբորատորիաներ վերանորոգվել են, բայց ընդհանուր ենթակառուցվածնքերը մնում են ոչ բարվոք վիճակում, որոշ ինստիտուտներ չունեն անգամ կենտրոնացված ջեռուցման համակարգ։ Նախարարությունն արձագանքում ու աջակցում է հրատապ խնդիրների լուծմանը, բայց խնդիրը համակարգային լուծումների կարիք ունի։ 

«Եղել է դեպք, երբ դիմել ենք փոքր գումարներ՝ 30-50 մլն դրամ ստանալու համար, արտադրական տարածք վերանորոգելու նպատակով, քանի որ արտասահմանյան ընկերությունը տեխնոլոգիական գիծը լրիվ մոնտաժում էր, բայց մերժվել է։ Հիմնավորումն այն է, որ ակադեմիական քաղաքում ներառված ինստիտուտների շենքերի վրա ներդրումներ պետք չէ կատարել»,- ասաց նա։

ԳԱԱ նախագահը նշեց, որ այդ մոտեցումը կարելի է հասկանալ, բայց պետք է նաև հասկանալ, որ ակադեմիական քաղաքը շուտ չի լինի, իսկ խնդիրները կան։

«Ինչ-որ տեղ կա նոնսենս, եթե ինստիտուտները տեղափոխվելու են ակադեմիական քաղաք, այդտեղ եկեք որպես ինստիտուտ ներդրում չանենք։ Բայց մյուս կողմից կան ծրագրեր, գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող, որտեղ բավականին մեծ գումարներ են տրամադրում լաբորատորիաները համալրելու համար։ Բայց դա հարցի լուծում չէ»,- ասաց Աշոտ Սաղյանը, քանի որ ընդհանուր շենքային պայմանները չեն փոխվում։ Նա առաջարկեց թեմատիկ ծրագրերի հաշվին որոշակի միջոցներ հատկացնել ընդհանուր ենթակառուցվածքների ծախսերը հոգալու համար, քանի որ ակադեմիական քաղաք տեղափոխվելը կարող է տեղի ունենալ մոտ 10 տարի հետո, իսկ այդ ընթացքում ինստիտուտները պետք է պահպանվեն։

Ժաննա ԱՆդրեասյան .jpg (61 KB)

Ժաննա Անդրեասյանը հստակ հասկացրեց, որ ինստիտուտների շենքերի կապիտալ վերանորոգում չի իրականացվելու։ «Շենքերի պահպանման հարցին երկու կերպ է պետք վերաբերվել։ Բնականաբար, ընթացիկ գործունեությունը պետք է ամբողջությամբ ապահովվի։ Մինչև ակադեմիական քաղաք տեղափոխվելը չի նշանակում, որ մեր գործունեությունը կանգնում է։  Բայց պետք է պարզ հասկանանք, ասվածը չի վերաբերում նրան, որ շենքերի կապիտալ նորոգման կամ որոշակի նոր ենթակառուցվածքների ձևավորման հարցեր փորձենք լուծել»,- ասաց նա։

Տեխնոլոգիանե՞ր, թե՞ տեխնոլոգիաների գեներացում

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նկատեց, որ քննարկման թեման է «Գիտության և տեխնոլոգիաների դերը Հայաստանի անվտանգության և տնտեսության զարգացման գործում» և  հարց ուղղեց «Գիտուժ» նախաձեռնությանը. տեխնոլոգիաների՞, թե՞ տեխնոլոգիաների գեներացմա՞ն։ «Եթե տեխնոլոգիաների, ապա կառավարությունը կարող է նպատակ դնել գնելու այդ տեխնոլոգիաները։ Այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի գիտությունը։ Սա հիմնարար հարց է։ Վերնագրի ճշգրտման կարիք կա՞, թե՞ ոչ»,- հարցրեց նա։

Տիգրան Շահվերդյանը նկատեց, որ եթե ավելի արդյունավետ է տեխնոլոգիան գնելը,  ապա այն պետք է գնել։ «Հարցն այն է, թե ինչքանով է այդ տեխնոլոգիան հասանելի մեզ հատկապես այն պահերին, երբ մենք առավել դրա կարիքն ունենք։ Միշտ պետք է այդպես նայել՝ արդյունավետ ճանապարհը և ռիսկերի գնահատումը»,- ասաց նա։

Արթուր Իշխանյանը պարզաբանեց, որ առաջադեմ տեխնոլոգիաները անկասկած պետք է նաև ներկրել և ներդնել, իսկ գեներացնելու մասին իր հարցն առաջին հերթին վերաբերում է անվտանգության ոլորտին։ «Որովհետև հակառակ պարագայում մենք ընկնում ենք էլ ավելի մեծ կախվածության մեջ արտաքին ուժերից։ Սա փիլիսոփայական նշանակության հարց է։ Իսկ անվտանգություն ասելով մենք պետք է հասկանանք լայն սպեկտր։ Դա միայն ֆիզիկական անվտանգությունը չէ։ Դա սննդային, էներգետիկ անվտանգությունն է, գաղափարական պայքարը, հետևաբար մենք բոլոր այդ ուղղություններով պետք է մշակենք հստակ ռազմավարություններ։ Կան ոլորտներ, որտեղ առաջնայնությունը պետք է տրվի սեփական տեխնոլոգիաների գեներացիային։ Եվ այդ ոլորտների նշումը, առաջնահերթ ֆինանսավորումը, դրանց զարգացման համար մեխանիզմների ստեղծումը պետք է հանդիսանա ընդհանուր մտահոգության առարկա»,- ասաց նա։

Արդյոք միայն հոդվածների քանակո՞վ է չափվում գիտությունը

Պոլիտեխնիկական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը հարց բարձրացրեց Հայաստանում կիրառվող գիտաչափական մեխանիզմների վերաբերյալ, նշելով, որ գիտական աշխատանքի գնահատումն իրականացվում է ազդեցության վարկանիշով ամսագրերում տպագրության քանակով։ «Մենք դրանով գեներացնում ենք հոդված տպողներ, այլ ոչ թե գիտնականներ։ Ես հորդորում եմ, որ գիտական արդյունքի գնահատումը ուրիշ բաղադրիչներով ևս առաջնորդվի»,- ասաց նա։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը պարզաբանեց, որ գիտական արդյունքի չափման հիմնական և ամենածանր չափանիշը միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրություններն են։ «Դա այն փուլն է, որին պետք է հասնենք, ու դրանից հետո նոր բացվում են խոսակցությունները, թե էլ ինչ չափանիշներ կան գիտության գնահատման։ Մնացածը սրա ածանցյալն է, ու սա ընկած է նաև պետությունների, բուհերի, գիտական կազմակերպությունների վարկանիշավորման հիմքերում։ Դրա վրայով անցում գոյություն չունի, գոյություն ունի անցում դրանից հետո»,- ասաց նա։

Սկզբից օրե՞նք, հետո ռազմավարությո՞ւն

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին մշակվում է 2025-2030 թվականների գիտության զարգացման ռազմավարությունը։ «Մենք պլանավորում ենք, որ գիտության ռազմավարությունը կլինի 2025–2030 թվականների համար, ինչը կգա նաև սինխրոնացվելու մինչև 2030 թվական կրթության զարգացման պետական ծրագրին, ակադեմիական քաղաքի տրամաբանության հետ, 2030-ի համար սահմանելով հստակ թիրախներ, որոնք թույլ կտան տեսնել, թե ինչպես են այս տարբեր բաղադրիչները միասին աշխատում»,- ասաց նա, ներկաներին կոչ անելով առաջարկներ ներկայացնել այդ ռազմավարության վերաբերյալ։

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նկատեց, որ քայլերի այս հերթականությունը՝ սկզբից Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, հետո «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, հետո նոր գիտության ռազմավարությունը, տարակուսելի է, և ընդունված է քայլերը կատարել հակառակ հերթականությամբ՝ «սկզբից ունենալ հայեցակարգ ընդհանուր փոփոխությունների վերաբերյալ, հետո դրանց ռազմավարությունը, հետո օրենքը, հետո ենթակառուցվածքների վերաբերյալ ինչ-որ աշխատանքներ»։ Նա հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված քայլերի այս հակառակ հերթականությունը։

Ի պատասխան ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2022-ի նոյեմբերի 16-ին ԱԺ-ն ընդունել է կրթության զարգացման մինչև 2030-ի պետական ծրագիրը, իսկ գիտության ոլորտին վերաբերող անելիքները ներկայացված են 2021-ին ընդունված կառավարության ծրագրում։

ԱԺ.jpg (102 KB)

«Եվ դա նշանակում է, որ մենք ունեցել ենք հայեցակարգային փաստաթուղթը, որը սահմանել է բուհերի խոշորացման, գիտահետազոտական կազմակերպությունների միավորման հետ կապված աշխատանքների տեսլականը, ունեցել ենք ակադեմիական քաղաքի թիրախը, որն ամրագրված է կրթության զարգացման պետական ծրագրում, այնուհետև իրականացրել ենք ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգի մշակումը, ձևավորելով նաև իրականացնող մարմինը, և հետևողական աշխատանք ենք անում հայեցակարգի իրականացման շուրջ», ասաց նա։

Նախարարը նշեց, որ այս փուլում նպատակն այն է, որպեսզի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը մյուս տարի «դառնա իրողություն, որովհետև ֆունդամենտալ փոփոխություններ են արվում, որոնք պետք է ինստիտուցիոնալ հիմքերով ապահովված լինեն»։ 

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը նկատեց, որ նոր օրենքում զգալի տեղ ունի Ակադեմիական քաղաք մեգանախագիծը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումն է, և այն մեկ տրիլիոն դրամից ավելի գումար է արժենալու։

«Ուզում եմ հասկանալ, այդ մեգանախագիծը, որ այդպես խոստումնալից է ներկայացվում, որևէ հիմնավորում ունի՞։ Այսինքն՝ հնարավո՞ր է գոնե մի փաստաթուղթ կարդալ, որտեղ, օրինակ, արված կլինի SWOT անալիզ, ռիսկերի գնահատում, հնարավոր ռիսկերի հաղթահարման ճանապարհներ, ինչ ազդեցություն դա կունենա նույն տնտեսության և անվտանգության վրա։ Մինչև այս պահը դա չկա։ Գոնե հասանելի լինի նման հետազոտություն, որի հիման վրա դուք ակադեմիական քաղաք եք ուզում նախաձեռնել։ Այդ վերլուծական աշխատանքը չկա»,- ասաց նա։

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն էլ նկատեց, որ քննարկմանն ամենաշատը խոսվում է կարողությունների պակասի մասին։ «Այդքան հաճախ նշվող կարողությունների պակասի պայմաններում մենք պատրաստվում ենք իրականացնել համակարգի շատ ամբիցիոզ վերաֆորմատավորում։ Արդյոք մենք ունե՞նք կարողություններ, որոնք մեզ թույլ կտան պատվով դուրս գալ դրա տակից»,- հարցրեց նա։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ բարեփոխումները, թերևս, արվում են հենց այդ կարողությունների զարգացման համար։ «Եվ ուզում եմ վստահեցնել, որ գիտության շահերը ոչ ոք չի ստորադասում։ Եվ գիտությունը նույնքան ներկա է լինելու Ակադեմիական քաղաքում, բայց չի սահմանափակվելու դրանով, որպեսզի այդ մանիպուլյացիաներն էլ դադարեն։ Մենք բազմիցս ասել ենք, որ չենք պատկերացնում, որ ամբողջ գիտությունը լինելու է Ակադեմիական քաղաքում, այլ պատկերացնում ենք, որ ունենալու ենք բարձրագույն կրթության ու հետազոտության մի միջավայր»,- ասաց նա։

Ռազմավարական մտածելակերպի բացակայությունը՝ հիվանդությո՞ւն

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ մեր երկրում համատարած է ռազմավարական պատկերացումների և մտածելակերպի բացակայության հիվանդությունը։ Խնդիրը, ըստ նրա, այն է, որ այս քննարկման ժամանակ խոսվում է չորս հարցի մասին, բայց դա չի ընկալվում։ Այդ չորս հարցերն են՝ գիտության զարգացում, տեխնոլոգիական արդիականացում, անվտանգության խնդիրների լուծում և տնտեսական զարգացում։ Մասնավորապես, անվտանգության վերաբերյալ նա նշեց, որ հայտնի չէ, թե որն է Հայաստանի անվտանգության դոկտրինը։

«Մենք չգիտենք, մեր երկիրը ինչպիսի անվտանգային դոկտրին ունի, և ինչպիսի պատերազմի է պատրաստվում։ Անվտանգության դոկտրինի բացակայությունը ենթադրում է, որ երկիրը դժվարություն ունի ձևակերպելու իր անվտանգային պահանջը տեխնոլոգիաների նկատմամբ»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ այս չորս ուղղությունները փոխկապակցված են, և այդ փոխկապակցվածությունը հասկանալու խնդիր կա։ «Պարո՛ն Հայոցյան, միանշանակ պիտի ընդունեք, որ երկիրը կարող է ունենալ գիտական պահանջարկ, որի չափման միավորը չի լինելու հրապարակված հոդվածների թիվը, որովհետև, իմ խորին համոզմամբ՝ անվտանգային ոլորտը շատ հաճախ ստեղծում է պահանջարկ այնպիսի գիտական պրոդուկտի, որը ոչ թե չի չափվելու հրապարակումներով, այլ չպիտի հրապարակվի»,- ասաց նա՝ դիմելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը համաձայնեց Տիգրան Ջրբաշյանի հետ, որ Հայաստանում չկա ռազմավարական մտածողություն։ «Ու այսօր օրենքն առաջարկվում է առանց ռազմավարության, դա գործելաոճ է։ Այսինքն՝ հարցերը չեն բխում վերին նպատակներից, և դա, համաձայն եմ, կարողությունների խնդիր է»,- նշեց նա։

Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ սկզբից պետք է ձևակերպել նպատակները, մշակել հստակ ռազմավարություններ, ելնելով առկա ռեսուրսներից, և այդ ռեսուրսները ծառայեցնել մաքսիմալ արդյունք ստանալու համար։ Եվ դրան է ուղղված «Գիտուժի» առաջարկը նոր մարմին ձևավորելու վերաբերյալ։

Ամփոփում

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ քանի դեռ ռազմավարական գործընթացն ամբողջությամբ չի նկարագրված, պետք չէ որոշում կայացնել նոր մարմին ձևավորելու վերաբերյալ։

«Ես կարծում եմ՝ սա մի հարց է, որը գիտության զարգացման ռազմավարության մեջ պետք է պատշաճ արձագանք ստանա, վերլուծվի, մանրամասն ներկայացվի, և դրանից հետո լինի նաև որոշումը, թե այն ֆունկցիաները, որ կարիք կա իրականացնելու, որտեղ պետք է տեղակայված լինեն, և ինչ քայլեր է անհրաժեշտ, որ կարողանանք արդյունավետությամբ այդ աշխատանքը անել»,- ասաց նա։

Հակոբ Արշակյան .jpg (54 KB)

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ ՀՀ անկախ պատմության ամբողջ ընթացքում գիտությանը պետության կողմից խնդիրներ չեն առաջադրվել։

«Ոչ այն պատճառով, որ չեն ուզել, այլ որովհետև նույնիսկ անկախության տարիներից առաջ այդ խնդիրները Հայաստանում չեն ձևակերպվել, ձևակերպվել են Սովետական Միության մարմիններում։ Այն, որ ՀՀ-ն որպես պետություն գիտության խնդիրները ձևակերպելու կարողություն չի ձևավորել, դա նրանից չէ, որ ունեցել է, կորցրել է։ Երբեք չի էլ ունեցել իր ֆունկցիաների մեջ։ Հիմա մենք խոսում ենք այդ աստիճանի կարևորության խնդրի մասին»,- նկատեց նա։ 

Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ Սովետական Միությունում եղել է ձևավորված մի ամբողջ համակարգ՝ եղել են գիտական կառույցներ, գիտաարտադրական միավորումներ, արտադրական միավորումներ։ Եվ ամբողջ այդ համակարգը ժառանգելով՝ մենք այն ոչնչացրել ենք։

Արձագանքելով ռազմավարության բացակայության մասին քննադատություններին, նա նկատեց, որ մինչև 2018-ը Հայաստանում ռազմավարական նպատակներ ընդհանրապես ձևակերպված չեն եղել։ 2018-ից հետո հայտարարվեցին մինչև 2050-ի ռազմավարական նպատակները, թեպետ շատերը դա կենացներ որակեցին, բայց դա արվեց առաջին անգամ։

Հակոբ Արշակյանը խոսեց նաև նոր ձևավորված Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների մասին, նշելով, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել այդ աշխատանքներում։

«Աշխատանքը կատարվել է հիմնականում գիտնականների ու ձեռներեցների կողմից։ Կանգնեցինք այն խնդրի առաջ, որ դա պետք է թարգմանվի պետական կառավարչական կամ բյուջետավորման ծրագրերի լեզվով։ Եվ հասկացանք, որ այդ միջանկյալ օղակը, որը պետք է այդ բոլոր առաջարկներն ստանա, և բերի դարձնի պետական, ռազմավարական ծրագրեր, մենք տեսանք, որ այդտեղ կարողությունների խնդիր կա։ Դա նոր տեսակի գիտելիք է, որն այս պահին առկա չէ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այդ գործում կհաջողեն, ու դրանից հետո Խորհրդի փորձի հիման վրա կարելի է քննարկել ԳՀՓՄ պետպատվերի ձևավորման մարմին ստեղծելու վերաբերյալ «Գիտուժի» առաջարկությունը։