Վաղ տիեզերքում, մեզնից շատ հեռու, աստղագետները հայտնաբերել են հսկայական գալակտիկաներ, որոնց նրանք անվանում են «կարմիր հրեշներ»։ Սակայն, ըստ ժամանակակից մոդելների, դրանք պարզապես չէին կարող այդքան արագ աճել այդպիսի կարճ ժամանակում, տեղեկացնում է Livescience.com-ը։
Այս հայտնագործությունը դժվար է բացատրել մի քանի պատճառներով։ Այն, հատկապես, հակասում է մարդկության պատկերացումներին, թե ինչպես են գոյացել գալակտիկաները, երբ ժամանակը և տարածությունը նոր էին առաջանում դատարկության մեջ:
«Անհավատալիորեն զանգվածային գալակտիկաների հարցը Մեծ պայթյունից անմիջապես հետո հետապնդում է աստղագետներին այն պահից, երբ հայտնվեցին James Webb տիեզերական աստղադիտակի առաջին լուսանկարները: Դա նման է 100 կիլոգրամ քաշով երեխա գտնելուն: Այժմ Webb-ն ապացուցել է, որ իսկապես կան «հրեշներ», որոնք թափառում են վաղ տիեզերքում»,- ասել է Սուինբրնի տեխնոլոգիական համալսարանի աստղագետ Իվո Լաբեն։
Մանրակրկիտ դիտարկումների և վերլուծությունների հիման վրա մարդկությունը բավականին լավ պատկերացում ունի, թե որքան տիեզերական գործընթացներ են ծավալվում: Բայց մի կարևոր ժամանակաշրջան բաց է մնում՝ վաղ տիեզերքը, որը հայտնի է որպես «տիեզերական արշալույս», Մեծ պայթյունից հետո առաջին միլիարդ տարին:
Գիտնականները որոշակի պատկերացում ունեն այն մասին, թե որքան արագ է տիեզերքը ձևավորվել սկզբնական պլազմայից, որը թափանցել է վաղ տիեզերք, սակայն դիտողական տվյալներ ստանալը մի փոքր ավելի դժվար է եղել: James Webb-ի գալուստով հնարավոր է դարձել հավաքել այս ապացույցները: Որքան հեռանում ենք խորը տիեզերքից, դրա ներսում գտնվող օբյեկտների լույսը ձգվում է մինչև ինֆրակարմիր ալիքի երկարություններ, որոնք կարող է տեսնել Webb-ը, ինչն էլ այն դարձնում է տիեզերական արշալույսի ուսումնասիրման ամենահզոր գործիքն այսօր:

James Webb տիեզերական աստղադիտակը
Այսօր առկա մոդելների համաձայն՝ գալակտիկաները որոշակի ժամանակ են պահանջում նյութը հավաքելու և աճելու համար: Գիտնականները լիովին վստահ չեն մանրամասների հարցում, բայց ամենահայտնի մոդելը ներառում է մութ նյութի կուտակումներ, որոնց մեջ գրավիտացիոն ճանապարհով հավաքվում է բարիոնային (կամ սովորական) նյութը: Քանի որ ավելի ու ավելի շատ բարիոնային նյութ է կուտակվում, այն սկսում է միավորվել աստղերի մեջ, որոնք պտտվում են գալակտիկական կենտրոնում գտնվող հսկա սև խոռոչի շուրջը:
Չնայած գալակտիկաները բավականին արագ են հայտնվում Մեծ պայթյունից հետո, նրանց աճի տեմպը համարվում էր շատ դանդաղ, որպեսզի զանգվածային գալակտիկաներն առաջանան տիեզերքի արշալույսի ժամանակ: Այսպիսով, երբ James Webb-ն իր սուր հայացքն ուղղեց դեպի վաղ տիեզերք և սկսեց տեսնել սպասվածից ավելի մեծ գալակտիկաների նշաններ, աստղագետներն ու տիեզերագետները տարակուսանքի մեջ հայտնվեցին։
Այս տարվա սկզբին առաջարկված հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ այս չափազանց մեծ գալակտիկաներն այնքան մեծ չեն, որքան թվում են. պարզապես նրանց կենտրոնական սև խոռոչների շուրջ նյութից արձակված լույսը շատ պայծառ է, ինչը ստիպում է գալակտիկաներին ավելի մեծ թվալ, քան իրականում դրանք կան: Եվ վերջին հայտնագործությունը ցույց տվեց, որ սև խոռոչները կարող են կարճ ժամանակով լուսավորել իրենց գալակտիկաները՝ հասնելով շատ բարձր պայծառության:
Սա կարող է ճիշտ լինել որոշ գալակտիկաների համար: Սակայն Ժնևի համալսարանի աստղագետ Մենգյուան Սյաոյի ղեկավարած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գոնե որոշ դեպքերում, երբ գալակտիկան ունի զանգվածային գալակտիկային բնորոշ բնութագրեր, ապա այն իրականում հսկայական գալակտիկա է:
Այս կարմիր հրեշներից յուրաքանչյուրը գրեթե Ծիր Կաթինի չափերի է: Դրանցից ոչ մեկը չի հակասում ո՛չ ներկայիս տիեզերական մոդելին, ո՛չ մութ նյութի առաջատար տեսությանը, սակայն նրանք ցույց են տալիս, որ գալակտիկաները բարիոնային նյութը աստղերի են վերածում երկու-երեք անգամ ավելի արագ, քան աստղագոյացնող ամենաարդյունավետ գալակտիկաները՝ տիեզերքի զարգացման ավելի ուշ դարաշրջաններում։
Այնուամենայնիվ, այս գալակտիկաները մարտահրավեր են նետում աստղերի առաջացման արագության վերաբերյալ մարդկության ընկալումներին: Եթե գալակտիկան շատ ակտիվ է, այն պետք է ունենա հետադարձ կապի բարձր մակարդակ՝ ուժեր, որոնք հետ են մղում աստղ առաջացնող նյութը՝ սահմանափակելով նոր աստղերի ձևավորման արագությունը։






