Երևանում նոյեմբերի 15-ին անցկացվեց Silicon Moutains-2024 7-րդ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը:
Այս տարվա գլխավոր թեման արհեստական բանականության (ԱԲ) դերն էր։ Միջոցառման շրջանակում անցկացվել է երեք պանելային բանավեճ, որոնց ընթացքում բանախոսները քննարկել են ԱԲ-ի ազդեցությունը տնտեսության, ֆինանսական ոլորտի և սոցիալական գործընթացների վրա:
Արհեստական բանականությունը և տնտեսությունը
«Industry.ai» առաջին պանելային բանավեճի շրջանակում քննարկվել է արհեստական բանականության մշակումն ու կիրառումը տարբեր ոլորտներում:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ տեխնոլոգիական լուծումները և տնտեսության տարբեր ոլորտների հետ արհեստական բանականության կապը կարող են լուրջ օգուտ և շահ բերել։ Նա ասել է, որ Հայաստանում արհեստական բանականությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման առաջնահերթ ուղղություն է։
Արշակյանը հիշեցրել է, որ Հայաստանը ավանդույթներ ունի, և իրենք փորձում են դրանից չշեղվել.
«Հայաստանը ԽՍՀՄ սիլիկոնային հովիտն էր, և այսօր երկրում կան շուկայի խոշոր խաղացողներ, ովքեր իրենց գիտահետազոտական ինստիտուտները տեղափոխել են այստեղ։ Հայաստանում ներկայացված են բազմաթիվ բազմազգ ընկերություններ, որոնք անհրաժեշտ կապ են ստեղծում արտաքին աշխարհի հետ։ Սփյուռքի դերը նույնպես դրական է ազդում Հայաստանի էկոհամակարգի վրա»,- նլել է փոխխոսնակը։
Նա նշել է, որ տեխնոլոգիաները կազդեն բոլոր մասնագիտությունների վրա։
«Միևնույն ժամանակ, Հայաստանի գյուղատնտեսության մեջ արհեստական բանականությունն այնքան լուրջ ազդեցություն չի ունենա, որքան մյուս ոլորտների դեպքում։ Դեռևս առանցքային կլինեն եղանակը, մատակարարման շղթաները և այլ գործոնները: Հայաստանի ՀՆԱ-ի 7 տոկոսն ապահովում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ աշխատում է մոտ 30 հազար ինժեներ»,- ընդգծել է Արշակյանը։
Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը նշել է, որ իր դերը երկու երկրների տեխնոլոգիական համայնքների միջև կապեր հաստատելն է։ Նա հիացմունք է հայտնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ՝ երկրի առանձնահատկություն համարելով այն, որ Սփյուռքը նույնպես լրջորեն ներգրավված է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում։
Դեսպանի համոզմամբ՝ Հայաստանում երեխաները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտում հաջողությունների են հասել։ Ըստ դիվանագետի՝ «Արմատը», «ԹՈՒՄՈ»-ն և նմանատիպ այլ նախագծեր հնարավորություն են ընձեռում զարգացնելու մարդկային ռեսուրսները։
«Ընդ որում, Բելգիայի շատ գործարարներ տեղյակ չեն հայաստանյան այս ներուժի մասին, որտեղ բավական խոստումնալից էկոհամակարգ է ձևավորվել», - պարզաբանել է Էրիկ դե Մույնքը:
Դեսպանն արհեստական բանականությունն աշխարհաքաղաքական մարտահրավեր է անվանել՝ մատնանշելով կրթության ոլորտում ռեսուրսների ներդրման կարևորությունը, ինչը կօգնի, որ մտավախությունները փարատվեն:
«Պետք է երիտասարդներին պատրաստենք այս մարտահրավերներին և ծանոթացնենք նոր տեխնոլոգիաներին, նույնիսկ եթե ոչ բոլորն են աշխատելու այդ ոլորտում: ԱԲ-ն հայ երիտասարդների համար կարող է մեծացնել գյուղատնտեսության գրավչությունը՝ հաշվի առնելով, որ նման խնդիր կա Հայաստանում»,- նշել է դիվանագետը։
Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը ևս վստահ է, որ Հայաստանը կարող է ազդել արհեստական բանականության զարգացման վրա, բայց որոշակի ուղղություններով, և անհրաժեշտ է ընտրել այդ ուղղությունները, որոնց վրա պետք է շեշտը դրվի։
Զորյանի գնահատմամբ՝ Հայաստանը մարդկային լուրջ ներուժ ունի, և դա կարելի է օգտագործել այս ոլորտների զարգացման և արտահանման ենթակա արտադրանքի թողարկման համար։
«Մեզ միշտ ինժեներներ պետք կլինեն, և արհեստական բանականությունը նրանց կօգնի աշխատել մեծ ծավալի տեղեկությունների հետ»,- համոզմունք է հայտնել «Սինոփսիս»-ի նախագահը: Նրա կարծիքով՝ արհեստական բանականությունը կարող է օգտակար լինել ցանկացած ոլորտում։
Զորյանը չի տեսնում ոչ մի տարածք, որին ԱԲ-ն կարող է վնասել. «Արհեստական բանականությունը պետք է անի պարզ աշխատանքը, մենք էլ պետք է կենտրոնանանք բարդ խնդիրների լուծման վրա»,- հավելել է նա։
Siemens EDA-ի Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սաշա Ահնենը նշել է, որ Կենտրոնական Եվրոպայում կանայք այնքան ակտիվորեն չեն ընտրում տեխնոլոգիական մասնագիտությունները, որքան Հայաստանում, որտեղ ավելի ու ավելի շատ կանայք են աշխատում այս ոլորտում:
Ահնենը համոզմունք է հայտնել, որ ինժեներների պահանջարկը մի քանի անգամ կավելանա, իսկ արհեստական բանականությունն օգնում է պահպանել այս տեմպը, և եթե ԱԲ-ի հնարավորությունները խելամտորեն օգտագործելիս ավելի շատ հնարավորություններ կլինեն, քան ռիսկեր։
«Համաշխարհային շուկայում կան բաժնեմասեր, որոնց կարող են ձեռք գցել այլ երկրներ։ Հայաստանը ի վիճակի է հաջողությունների հասնելու ԱԲ-ի առումով, երկիրն ընդունակ է մրցակցելու համաշխարհային շուկայում: Միևնույն ժամանակ, արհեստական բանականությունը սպառնալիք չէ ավանդական ոլորտների համար, այն միայն ռեսուրսները ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն է ընձեռում: Բոլոր նոր տեխնոլոգիաները հղի են ռիսկերով, և հասարակությունը պետք է դրանք ճիշտ օգտագործի, ինչի համար կարևոր է հասարակության կրթական մակարդակի բարձրացումը»,- ընդգծել է Ահնենը։
Արհեստական բանականությունը և ֆինանսները
«Invest.ai» երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր ԱԲ-ի ֆինանսական ասպեկտներին, ԱԲ-ի ստեղծման, զարգացման և կիրառման մեջ ներդրումներ կատարելու առավելություններին: Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես է ԱԲ-ն աանդրադառնում ներդրումային ռազմավարությունների, ֆինանսական կանխատեսելիության և ներդրումային կատարողականի վրա՝ տարբեր ոլորտներում ֆինանսական հաստատությունների, ներդրումային հիմնադրամների և անհատ ներդրողների համար:
Քննարկման ժամանակ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը կոչ արեց պատրաստ լինելու արհեստական բանականությանը, փոփոխություններին այս ոլորտում, ավելի շատ ներդրումներ անել աշխատանքային ռեսուրսների զարգացման համար։
«Հայաստանն ունի տաղանդներ, և մարտահրավերներին արձագանքելու հիմք կա։ Բացի դրանից, լավ էկոհամակարգ է ձևավորվել։ Մենք մեծացնում ենք ոլորտի գրավչությունը և աշխատանքի ինքնավարություն և ազատություն տալիս»,- նշել է պաշտոնյան։
Արհեստական բանականության զարգացման տեսակետից նա մարտահրավեր որակեց ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը՝ հուսալի կապի առկայությունը (5G, 6G), նոր տվյալների կենտրոնների ստեղծումը, որոնք ժամանակի ընթացքում կթարմացվեն և այլն։
«Մարտահրավերներին պատրաստ լինելու հիմքը տաղանդն ու աշխատանքային ռեսուրսներն են։ Կարևոր է նաև օրենսդրական ճկունությունը և փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակությունը:
Հայաստանը ի վիճակի է արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն դառնալու: Հայաստանում բազմաթիվ միջազգային ընկերություններ են ներկայացված և աշխատում են այդ ուղղությամբ, բայց մենք պետք է օգնենք և ամեն ինչ անենք արագ վերափոխման համար։ Ռեսուրսներն անհրաժեշտ է ուղղել այս բոլոր ասպեկտներին:
Հայաստանն առաջին հերթին պետք է մրցի իր հարևանների՝ Վրաստանի, Թուրքիայի, ինչպես նաև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ։ Իսրայելի, Սինգապուրի կամ Իռլանդիայի հետ մրցելը դժվար է, քանի որ նշված երկրները դեռևս 30 տարի առաջ են կարևոր որոշումներ ընդունել»,- հայտարարել է փոխնախարարը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կոչ արեց արհեստական բանականության ներդրման ուղղությամբ աշխատելու համար գլոբալ մոտեցում ցուցաբերել, քանի որ Հայաստանի համար դժվար կլինի միայնակ ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց մեր երկիրը կարող է համաշխարհային շուկայի մաս դառնալ։
«ԱԲ-ի օգտագործման առումով և՛ դրական, և՛ բացասական մարտահրավերներ կան: Օգուտը կարող է արտադրողականության բարձրացումը լինել: Սակայն աշխատաշուկայում մենք կարող ենք բախվել մարտահրավերների, պետք է պատրաստ լինենք դրան, եթե, օրինակ, մարդկանց աշխատանքից ազատեն և նրանց ռոբոտներով փոխարինեն։ Արհեստական բանականությունը պետք է օգնության հասնի աշխատողներին և ուժեղացնի վերջիններիս հնարավորությունները»,- նշել է նա:
Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց, որ Հայաստանում կան տաղանդներ, որոնք կարող են հնարավորություն ընձեռել հաջողությունների հասնել արհեստական բանականության ոլորտում, ինչն, իր հերթին, տնտեսությունը զարգացման կմղի:
«Մենք նորեկների համար էկոհամակարգ ենք ստեղծել և կառավարության հետ միասին բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարություն ենք մշակել։ Ամբողջ աշխարհում չիպային պատերազմ է ընթանում, և Հայաստանը ճիշտ և շեշտակի գործելու դեպքում կարող է օգտվել փոփոխություններից։
Հայաստանը պետք է ավելի թափանցիկ լինի համաշխարհային շուկայի համար և ձգտի պատրաստի արտադրանք մատակարարել։ Հայաստանում արհեստական բանականության ոլորտի արտադրանք է թողարկվում, բայց հայկական արտադրանք չկա։ Հենց այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք»,- հավելել է նա:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը հայտնեց, որ Բանկի նպատակն է միջազգային գիտելիքներ ներմուծել Հայաստան՝ ձգտելով աջակցել փոքր և միջին բիզնեսին։
Նա հայտնեց, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների զգալի մասը պատրաստ է արհեստական բանականությանը՝ կախված կոնկրետ ընկերության ոլորտից և աշխարհագրական դիրքից: «Մենք ձգտում ենք աջակցություն ցուցաբերել նաև գյուղական համայնքներին, և վստահ ենք, որ Հայաստանն այս ոլորտում կարող է հաջողություններ գրանցել»,- ընդգծել է Օհանյանը։
Open Compute Project (OCP) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ջորջ Ճափարյանը ևս վստահ է, որ Հայաստանը կարող է հերթական Սինգապուրը դառնալ։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա արդյունավետորեն օգտագործել զբոսաշրջությունն ու առևտուրը, կիրառել լավագույն միջազգային փորձն ու զարգացման համար օգտագործել Սփյուռքի ներուժը։
Ճափարյանը նշել է, որ անհրաժեշտ է ներդրումներ անել երիտասարդության զարգացման գործում՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն արհեստական բանականության ոլորտում հայտնագործություններ կանի։
Արհեստական բանականությունն ու կրթությունը
«Impact.ai» երրորդ պանելային բանավեճի շրջանակում արհեստական բանականության կիրառման սոցիալական հետևանքներին առնչվող հարցրեր է քննարկվել:

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց, որ ոմանք գիտեն՝ ինչ է ԱԲ-ն, մինչդեռ շատերի համար դա պարզապես գեղեցիկ վերնագիր է, նրանք չգիտեն, թե դա ինչ է։
«Երբ մասնավոր բիզնեսն ասում է, որ ցանկանում է ներդրում անել արհեստական բանականության ոլորտում, դրա համար համապատասխան միջավայր է պատրաստում և սովորում: Արհեստական բանականության մասին գիտելիքներ չունենալով, մարդիկ վախենում են, որ իրենք գործազուրկ կդառնան, մինչդեռ այդպես չէ։ Տեխնոլոգիական փոփոխություններից պետք չէ վախենալ: Չեմ կարծում, թե մենք պետք է վախենանք կամ մտածենք, որ դա մեզ հարկավոր չէ։
Ցանկացած տեխնոլոգիական նորամուծություն անհրաժեշտություն է, բայց հարցն այն է, թե մենք այն օգտագործում ենք մարդկանց օգուտ տալո՞ւ, թե՞ վնասելու համար: Այս հարցի պատասխանները նույնպես մարդկանցից են կախված։ Մենք կարող ենք տեխնոլոգիան օգտագործել կա՛մ մարդկանց բարօրության, կա՛մ նրանց ոչնչացնելու համար: Անհրաժեշտ է դրական նայել և ձգտել զարգացնել տեխնոլոգիաներն ու օգտագործել դրանք ի բարօրություն մարդկանց»,-նշել է Յիրիկյանը։
Նրա կարծիքով գործատուն պարտավոր է նաև պայմաններ ապահովել, որ աշխատողները կրթություն ստանան և նոր գիտելիքներ կուտակեն։
«Երբ զինված ենք գիտելիքով և գիտենք, որ նման տեխնոլոգիան ոչ թե վտանգավոր է, այլ ընդհակառակը՝ նոր հնարավորություններ է ստեղծում, ուրեմն պատրաստ ենք զարգացման ուղղությամբ մեր համարձակ քայլն անելու։ Մենք պետք է սովորենք այն, ինչը չգիտենք, ձեռք բերենք նոր գիտելիքներ։ Միայն դրանից հետո կհասնենք նրան, որ մի օր դրսում ինչ-որ մեկը կասի. «Եկեք Հայաստանի փորձը կիրառենք»։
Երբ խոսում ենք տեխնոլոգիական զարգացման մասին, պետք է զարգացնենք ենթակառուցվածքները, Ucom-ը հենց դրանով է զբաղվում և դա նպաստում է թվային օրակարգի զարգացմանը»,- նշել է Յիրիկյանը։
Նա հիշեցրել է, որ Ucom-ը Հայաստանում ներդնում է 5G տեխնոլոգիա՝ մատնանշելով այդ աշխատանքների իրականացման կարևորությունը ոչ միայն Երևանում, այլև ամբողջ հանրապետությունում, որպեսզի բոլորը հասանելի լինեն այդ տեխնոլոգիային։
«Մենք այդ ենթակառուցվածքի կառուցման թելադրող ընկերություն ենք դարձել»,-նշեց Ucom-ի գլխավոր տնօրենը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հիշեցրել է, որ ՔՈՎԻԴ-19-ը ի հայտ բերեց հեռավար ուսուցման և՛ դրական, և՛ բացասական կողմերը։

«ԱԲ-ն զգալի հնարավորություններ է ընձեռում լուրջ փոփոխությունների համար, և նոր տեխնոլոգիաների կիրառումը կրթության մեջ կտրուկ աճել է, դրանց թվում՝ ուսուցիչների վերապատրաստման ոլորտում: Միևնույն ժամանակ, կրթության մեջ արհեստական բանականությունը դեռևս քիչ է օգտագործվում, որ հնարավոր լինի լուրջ դատողություններ անել»,-հայտարարեց նախարարը։
Նա ուրախությամբ նշել է, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որն արհեստական բանականություն առարկան մտցրել է դպրոցական ծրագրում:
«Ընդ որում երեխաները շատ մոտիվացված են, նրանց առաջադիմությունը բարելավվում է։ Սակայն ԱԲ-ի հետազոտությունը պետք է մաթեմատիկայի և այլ առարկաների որակյալ ուսուցմամբ ուղեկցվի: Իսկ դա նշանակում է, որ պետք է բարձրացնենք այդ առարկաների դասավանդման մակարդակը։ Մեր բուհերն նույնպես ժամանակին համընթաց են քայլում, օրինակ՝ Երևանի պետական համալսարանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծման հիմք է դրվել, դա մեր աշխատանքի շատ կարևոր ուղղությունն է լինելու»,-նշեց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ կրթությունը միայն գիտելիքների փոխանցումը չէ, կրթությունը նաև սոցիալ-հոգեբանական ասպեկտներ ունի։
«ՔՈՎԻԴ-ը ցույց է տվել, որ հեռավար ուսուցումն ուսանողների և աշակերտների սոցիալականացման խնդիրների է հանգեցրել։ Արհեստական բանականության ազդեցությունն արդեն կա, և պետք է ընդունենք այդ իրողությունը, բայց պետք է հաշվի առնենք նաև մեր ստացած փորձը: Անհրաժեշտ է ըմբռնել տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու սահմանները և ընդունակ լինել վերահսկելու անցանկալի հետևանքները»,- եզրափակեց նախարարը։






